Քաղաքականությամբ պետք է զբաղվեն պատրաստված կանայք
29 Նոյեմբեր 2018
Զարգացած երկրները կանանց ներկայությունը քաղաքականության մեջ այլևս քվոտայով չեն որոշում, քանի որ դա համարում են արհեստական խնդիր: «Կանանց իրավունքներն ու խնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռուզաննա Առաքելյանը:
Նրա խոսքով` զարգացած երկրներն այժմ խոսում են բոլոր ոլորտներում կանանց ներուժի կիրառման մասին: Առաքելյանը նշեց, որ նոր ընտրական օրենսգիրքը, որը հասկանալի պատճառներով չընդունվեց, բավականին առաջընթաց կապահովեր այդ առումով: Առաքելյանը տեղեկացրեց, որ նոր օրենսգրքով ամրագրված էր մի դրույթ, ըստ որի` եթե կինն այլ աշխատանքի պետք է անցնի կամ ինչ-ինչ պատճառներով պետք է վայր դնի մանդատը, նրան ոչ թե հաջորդ համարն է փոխարինելու, այլ հաջորդելու էր կրկին կին թեկնածուն.«Մյուս կողմից, սա էլ փրկություն չէ, հարցի լուծում չէ: Մենք Սահմանադրության մեջ ամրադրել ենք դրույթ, որ կինն ու տղամարդը հավասար են իրենց իրավունքներով ու մեր հանրապետությունում 50 տոկոսը կանայք են, որոնց 70 տոկոսը բարձրագույն կրթություն ունեն, սակայն մենք չենք օգտագործում նրանց ներուժը»:
Խոսելով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մասին` Առաքելյանը նշեց, որ քաղաքականության մեջ պետք է ներգրավվեն կանայք, որոնք ունեն ներուժ, քանի որ իրենք պետք է երկիր ներկայացնեն: «Սա ենթադրում է, որ պատրաստված կանայք պետք է հավակնեն քաղաքականություն մտնել. քաղաքականությունը սիրողական ոլորտ չէ, քաղաքականությամբ պետք է զբաղվեն պատրաստված կանայք: Ես մի փոքր ուսումնասիրել եմ այս թեման և նկատել եմ, որ հատկապես գյուղական վայրերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ կանանց գրեթե չեն ընտրել, և սա հոգեբանական վիճակ է, այստեղ ոչ թե նախանձի գործոնն է, այլ վստահության: Մեր հասարակության մեջ կա մի խավ, որ տղամարդկանց են վստահում»,-ասաց Առաքելյանը:
ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածուի խոսքով` հոգեբանական այս պատնեշները պետք է հաղթահարել հասարակության զարգացման միջոցով, իսկ հասարակությունը զարգանում է, երբ ունենում ենք սոցիալական, տնտեսական զարգացում:
Նրա խոսքով` սա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է աչք փակել չպատրաստված տղամարդկանց վրա: Խոսքը, ըստ Առաքելյանի, այն մասին է, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստված մարդիկ ներկայացնեն: «Ազգային ժողովում մենք տեսել ենք բազմաթիվ տղամարդկանց, որոնք ուղղակի կոճակ են սեղմում: Իսկ Ազգային ժողովի պատգամավորները մի շարք հարթակներում մեր երկիրն են ներկայացնում, դրա համար էլ պետք է հնարավորինս պատրաստված մարդիկ լինեն»,-ասաց Առաքելյանը:
yerkir.am