Համախմբել ուժերը, գնալ համակարգային բարեփոխումների
06 Դեկտեմբեր 2018
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեր երկրի համար ունեն կարևոր և ճակատագրական նշանակություն. այս մասին Սևանում ՀՅԴ քարոզարշավի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի նախկին մարզպետ, նույն մարզից ՀՅԴ վարկանիշային թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
«Ընտրարշավին մնացել է ընդամենը երկու օր, անցած 10 օրերի ընթացքում մենք, դժբախտաբար, չտեսանք Հայաստանի զարգացման տեսլականի շուրջ բանավեճ, տեսանք հնի և նորի, սևի և սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի բուռն պայքար, որն ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, հայոհոյանքներով և պիտակավորումներով: Ոչ մի խոսք չեղավ Հայաստանի ապագայի, երեխաների վաղվա օրվա, տարեցների թոշակների, զինվորի, երկրի սահմանների, ուսուոցիչների պետական ծառայողների մասին. այն ուսուցիչների ու ծառայողների, որոնց պատրաստվում են առաջիկայում կրճատել և դարձնել գործազուրկ»,- ասաց նա:
Ըստ Սաղաթելյանի չի խոսվել նաև երկրի ապագայի մասին: «Ոչ մի խոսք ապագայի մասին, որովհետև ապագայի մասին խոսելը դժվար է և պատասխանատու: Հեշտ է խոսել անցյալից` դու գող ես, դու` սուտասան: Այսպես խոսելը հեշտ է, բայց արդեն ժամանակն է, պետք է կանգ առնել: Պետք է մտածել մեր երկրի զարգացման և կառուցման մասին: Մենք պետք է համախմբենք մեր բոլոր ուժերը և գնանք երկրում համակարգային իրական բարեփոխումների` օգտագործելով մեր ողջ ներուժը, սփյուռքի ներուժը, համայն հայության ներուժը»,- շեշտեց նա:
Սաղաթելյանի խոսքով դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա իրական, քաղաքական կուսակցություններից և գործիչներից բաղկացած խորհրդարան: Դիմելով հավաքվածներին, պատգամավորի թեկնածուն ասաց. «Մենք մեր թիմի անդամներով այս ընթացքում եղել ենք մարզի բոլոր գյուղերում, ես հանդիպում եմ ունեցել 30-ից ավելի համայնքներում: Հանդիպումների ժամանակ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար բարդ ստորադասական նախադասություններ, քաղաքագիտական, տնտեսագիտական տերմիններ չեմ օգտագործել, Գեղարքունիքի մարզի բնակչին կարճ պարզ ու հասրակ ասել եմ` այս անգամ խաբվելու իրավունք չունեք, այս անգամ պետք է կատարեք ճիշտ ընտրություն, պետք է ընտրեք այն մարդկանց, ովքեր կանգնել են ձեր կողքին, ծանոթ են այս մարզի խնդիրներին և գիտեն դրանց լուծման ճանապարհները»,- նշեց Սաղաթելյանը:
Նրա խոսքով` չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում լինի մեկ մարդու կուսակցություն, մեկ մարդու իշխանություն: «Հայաստանում այլևս պետք է տիրի բազմակարծությունը, Հայաստանի նոր խոհրդարանը չպետք է լինի կառավարության կցորդը, ընդհակառակը պետք է ամենօրյա և լուրջ դերակատարում ունենա մեր երկրի կառավարաման գործում: Պետք է Կառավարությանը վերահսկողի, զսպաշապիկի դեր իրականացնի, սրա համար պետք է ընդամենը կատարել ճիշտ ընտրություն: Մեր մարզում կան բազմաթիվ ռեյտինգային թեկնածուներ, նայեք նրանց կենսագրությունը, նրանց անցած ճանապարհը, տեսեք` արդյոք այդ մարդիկ ի վիճակի են վաղը ձեզ ներկայացնել խորհրդարանում, զբաղվել խորհրդարանական դիվանագիտությամբ, երկիրը պատշաճ ներկայացնել դրսում: Այս հարցերի պատասխանը գտնելուց հետո, ձեր ընտրությունը բավականին հեշտանալու է: Նայեք կենսագրությունները, պաստառները. Ի՞նչ ունեն հիմա շատ` պաստառ և բուկլետ, արդեն իրար վրա են կպցնում: Գնում են համայքներ մարդկանց հետ հանդիպելու և գոնե ներկաայցնեն իրենց ծրագրերը, անելիքներն ամեն կերպ փորձում են բնակչությանը համոզել, որ իրենք վարչապետի հետ մոտ են ավելի քան իրենց կուսակցությունից առաջադրված մեկ այլ թեկնածու, որովհետև ուրիշ ասելիք չունեն»:
Սաղաթելյանը նշեց, որ պետք է ընդամենը մեկ բան հասկանալ, որ ՀՀ-ում մենք կարող ենք ունենալ հպարտ և ազատ քաղաքացի միայն այն դեպքում, եթե հայ մարդն ապրի բարեկեցիկ, սոցիալապես ապահով, տնտեսապես անկախ և ամենակարևորը` նա լինի պաշտպանված, հայ քաղաքացին հասկանա, որ կարծիք հայտնելու համար իրեն աշխատանքից չեն ազատի, իր բիզնեսը ձեռքից չեն խլի:
«ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որն անցած ճանապարհով, իր փորձառությամբ սփյուռքի իր համայն ուժերով ի վիճակի է կառուցել հզոր Հայասան. Հայաստան, որտեղ հայ քաղաքացին ազատ է, որտեղ մարդն աշխատելու, առաջ գնալու, ստեղծելու հնարավորություն ունի, որտեղ հայ ուսուցիչն ու մտավորականը տվյալ երկրի ամենահարգված քաղաքացիներն են, որոնք ունեն կայուն և բարձր աշխատավարձ: Հայաստան, որտեղ հայ երեխաներն ունեն անհոգ մանկություն, իսկ տարեցներն` ապահով ծերություն: Հայաստան որը կունենա աշխարհի ամենահզոր բանակ, ամուր ու պաշտպանված սահմաններ և Հայաստան, որտեղից ոչ ոք չի ցանկանա արտագաղթել, այլ կցանկանա վերադառնալ: Դաշնակցությունը դա կարող է անել»,- եզրափակեց նա: