Գործազուրկ յուրաքանչյուր անձի պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն
18 Դեկտեմբեր 2018
Սահմանադրությամբ դեռևս ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է լինի սոցիալական շուկայական տնտեսությունը, որը պետական քաղաքականության միջոցով պետք է ուղղված լինի ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Սահմանադրությամբ հստակ է պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում:
Ցավոք՝ իրողությունը հակառակն է:
Անկախացումից հետո մեր երկրի սոցիալական և տնտեսական քաղաքականության մեջ հետևողականորեն շարունակում է հիմնական դերակատարը լինել նեոլիբերալ վարքագիծը՝ հիմնված բացառապես շուկայական կարգավորման փիլիսոփայության վրա:
Նաև բազում անգամներ առիթներ ենք ունեցել նշելու առարկայական այն փաստը, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռևս չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների:
Հետևաբար, պարզ է դառնում նաև, որ նախորդ շուրջ երեսուն տարիներին արձանագրված տնտեսության դրվագային աճերը, եթե նույնիսկ դրանք իրականում այդ չափ առկա են եղել, չեն կարողացել ինքնաբերաբար հանգեցնել սոցիալական խորացող խնդիրների լուծմանը:
Այսօր էլ, իրականում պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը.
– պետական համակարգում նախատեսվող աշխատատեղերի կրճատում և աշխատավարձերի աճի փաստացի բացակայություն,
– համահարթեցված մեկ դրույքաչափով եկամտահարկի քաղաքականություն,
– անուղղակի հարկերի բեռի ավելացում և դրա արդյունքում՝ առաջնային սպառողական ապրանքների գնաճ,
– կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից ցածր նվազագույն աշխատավարձի չափի պահպանում,
– անապահովության նպաստների չափի զրոյական աճ,
– զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցների զրոյական աճ և այլն:
Արդյունքում՝ մեր երկրում բազմաչափ աղքատությունը շարունակում է արմատավորվել և իրական նոր դրսևորումներ է ստանում՝ հակառակ ընտրությունից ընտրություն քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից հռչակվող սոցիալական կարգախոսների:
Եվ ինչքան էլ ցանկանանք ու հայտարարենք, միևնույն է տնտեսական աճի արդյունքները ինքնաբերաբար չեն մտնելու յուրաքանչյուր քաղաքացու տուն և չեն փոխելու յուրաքանչյուրի կյանքի որակը:
Ի վերջո պետք է արձանագրենք, որ սոցիալական համարվող պետությունը պետք է ստանձնի ոչ միայն ազատ, կոռուպցիայից զերծ տնտեսվարման մրցակցային պայմաններ ապահովողի դեր, այլ պետք է նաև ունենա լիարժեք մասնակցություն և հստակ պարտավորություններ՝ աղքատությունից զերծ, համերաշխ հասարակություն ունենալու գործում:
Սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից պետք է անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության:
Հիմնական նպատակը պետք է լինի այն, որ աշխատանքային տարիքի աշխատունակ և գործազուրկ յուրաքանչյուր անձի պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:
Այս դեպքում արդարացված կլինի նաև պետության կողմից քաղաքացիներին ուղղված պահանջը՝ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը:
Հակառակ պարագայում առկա մտահոգությունը դառնում է առավել իրական, որ ոչ թե մեր կյանքի իրողությունները մի օր կհամապատասխանեն Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը «կսրբագրվի» և կդառնա առկա իրողությունների արտացոլումը:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ