Օրենքներով նախատեսված գործադուլի սահմանափակումները հակասում են Սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին
21 Դեկտեմբեր 2018
ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը պետք է սահմանվի օրենքով: Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն «Գործադուլը աշխատողների աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է կոլեկտիվ աշխատանքային վեճերի լուծման նպատակով»:
Մյուս կողմից, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 22-րդ հոդվածների համաձայն, արհեստակցական միությունն իրավունք ունի միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել գործադուլներ: Անօրինական գործադուլներ կազմակերպելու ու անցկացնելու համար արհեստակցական միությունը կրում է պատասխանատվություն:
Ի՞նչ է ստացվում:
Գործող օրենքներով սահմանված կարգով արհմիությունները կարող են կազմակերպել գործադուլ միայն կոլեկտիվ աշխատանքային վեճի առկայության դեպքում և բացառապես դրա լուծման նպատակով: Օրենքով դեռևս կարգավորված չեն կոլեկտիվ աշխատանքային վեճով չպայմանավորված, տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության նպատակով, գործադուլի կազմակերպման հետ կապված հարաբերությունները, որն, ի դեպ, Սահմանադրության պահանջ է:
Փաստորեն, կոլեկտիվ աշխատանքային վեճերից դուրս՝ արհմիությունների կողմից կազմակերպվող և անցկացվող գործադուլները կհամարվեն անօրինական, իսկ դրանց կազմակերպիչները կկրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Եվ սա այն դեպքում, երբ Սահմանադրությունը գործադուլի իրավունքի առավել լայն շրջանակ է նախատեսել.
«Աշխատողը գործադուլի միջոցով կարող է պաշտպանել ոչ միայն իր աշխատանքային, այլ նաև՝ տնտեսական ու սոցիալական շահերը»:
Հետևաբար, պետք է արձանագրել.
առկա է ակնհայտ հակասություն գործող օրենքների և Սահմանադրական կարգավորումների միջև, որոնք վերաբերում են գործադուլի իրավունքի իրացմանը:
Այս հակասության մասին բազմիցս բարձրաձայնել են արհմիությունների ներկայացուցիչները, տարբեր մասնագետներ, տեղական և միջազգային փորձագետներ: Սակայն փաստ է նաև, որ այս հակասությունը շարունակվում է չլուծված մնալ՝ գուցե նաև օրվա իշխանությունների քաղաքական ենթադրյալ շահերից ելնելով:
Գործադուլին վերաբերող մեր երկրի օրենսդրական կարգավորումները խնդրահարույց են նաև այս ուղղությամբ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից:
Այս կարգավորումները որոշակի անհամապատասխանություն ունեն Հայաստանի կողմից վավերացված Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջների հետ:
Մասնավորապես, գործադուլ հայտարարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով պահանջվում է, որ այդ որոշումը պետք է ընդունվի տվյալ կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը կազմող աշխատողների համատեղ որոշմամբ: Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի կողմից մեր երկրին ուղղված 2014 թվականի եզրակացությունում նշված է, որ օրենսգրքով սահմանված այդ շեմը խիստ բարձր է, և առաջարկվում է այդ շեմը իջեցնել՝ սահմանելով աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան հիսուն տոկոսը:
Միջազգային կազմակերպությունների եզրակացություններով՝ գործադուլին վերաբերող ՀՀ օրենսդրական կարգավորումներում արձանագրված են նաև այլ անհամապատասխանություններ, որոնց կանդրադառնանք հետագայում:
Ամփոփելով. շարունակում է օրակարգային մնալ գործադուլին վերաբերող օրենսդրական կարգավորումների ամբողջականացումը և դրանցում առկա հակասությունների վերացումը՝ համապատասխանեցումը Սահմանադրությանը և այս ոլորտում մեր երկրի վավերացրած միջազգային համաձայնագրերի պահանջներին:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Թադևոս Ավետիսյան