Հարկային և աշխատանքային օրենսդրության փոփոխությունները չեն նպաստելու աղքատության կրճատմանը
20 Փետրվար 2019 Օրերս հաստատվեց կառավարության հնգամյա ծրագիրը, որով էլ նախատեսվում է մեր երկրում իրականացնել տնտեսկան հեղափոխությունը:Տարբեր հրապարակումներով առիթ ունեցել ենք ներկայացնել կառավարության այս ծրագրի բովանդակության վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ՝ առարկայական հիմնավորումներով:
Այս հրապարակմամբ էլ անրադառնանք ցածր եկամուտներ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ ավելացման նպատակադրմանը, որն այս ծրագրում օբյեկտիվորեն դիտվում է՝ որպես աղքատ բնակչության շրջանում աշխատանքի քաջալերման և աղքատության հաղթահարման հիմնական գործիք:
Բնականաբար, այս նպատակի իրագործման հիմնական նախադրյալներ պետք է դիտվեն հարկային և աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորման ոլորտում նախատեսված փոփոխությունները:

Նախ՝ ծրագրում արձանագրում ենք, որ նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը կապվում է միայն մակրոտնտեսական ցուցանիշների հետ: Սա այն դեպքում, երբ ներառական զարգացման և եկամուտների արդար բաշխման տեսանկյունից՝ դրա հիմքում պետք է հավասարապես լինեն նաև սոցիալական ոլորտի հիմնական բնութագրիչները, հատկապես՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքը: Այս պահանջն ամրագրված է Եվրոպական Վերանայված սոցիալական խարտիայով, որը մեր երկիրը վավերացրել է: Անհրաժեշտ է, որ այս պահանջը լիարժեք իրացվի նաև ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ:
Նվազագույն ամսական աշխատավարձի չափը չի բարձրացել արդեն շուրջ երեք տարի և շարունակում է ցածր մնալ ինչպես կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից, այնպես էլ միջին աշխատավարձի 50 տոկոսից: Ի դեպ, այս իրավիճակը հակասում է մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին:
Պետք է արձանագրել նաև, որ դեռևս չունենք իրապես անկախ, ներկայացուցչական ու հզոր արհմիություններ՝ որպես հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպությունների մակարդակներում սոցիալական գործընկերության կայացման, գործատու-աշխատող իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռման համար անհրաժեշտ պայման: Սա միակ օբյեկտիվ այն հարթակն է, որը պետք է ապահովի նաև աշխատողների վարձատրության և սոցիալական այլ երաշխիքների շարունակական ավելացումը: Այս բնագավառի իրավական հիմքերը ևս լիարժեք չեն, առկա են մի շարք օրենսդրական հակասություններ: Ասենք օրինակ՝ օրենքներով նախատեսված գործադուլի իրավունքի սահմանափակումները շարունակում են հակասել ՀՀ Սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին:
Մյուս կողմից՝ պետական վերահսկողության տիրույթից դուրս են մնացել աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ՝ վարձատրության իրավունքը, նվազագույն հանգստի իրավունքը, առավելագույն աշխատաժամանակի իրավունքը, աշխատավայրում, դժբախտ դեպքերի հետեւանքով աշխատողների վնասի հատուցման իրավունքը և այլն:
Աշխատանքային օրենսդրության հենց այս խնդիրների համակարգային լուծումները պետք է հանդիսանային կառավարության կողմից ոլորտում իրականացվող հետագա բարեփոխումների հիմնական օրակարգը, որոնք, սակայն, բավարար արտացոլված չեն ծրագրում:
Կառավարության ծրագրով հարկային համակարգում նախատեսվող փոփոխություններն էլ ուղղակի հակադրվում են ցածր եկամուտների առաջանցիկ աճ ապահովելու հիմնական նպատակադրմանը:
Մասնավորապես, նախատեսվում է գործող եկամտահարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել, որի պարագայում աշխատող աղքատների հարկային բեռը մնալու է նույնը՝ 23 տոկոս: Նախատեսված չէ նաև եկամուտի չհարկվող շեմ, ասենք օրինակ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով: Փոխարենը՝ էապես նվազելու է բարձր եկամուտներ ունեցողների եկամտահարկի դրույքաչափը՝ 36 տոկոսից դառնալով 23 տոկոս: Փաստորեն, գործատուների համար չի լինելու որևէ խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունը առաջանցիկ ավելացնելու համար: Պետական բյուջեի մուտքերի կրճատումն էլ նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ: Սա էլ անխուսափելիորեն կհանգեցնի սպառողական գների բարձրացմանը՝ սոցիալական բոլոր բացասական հետևանքներով:
Այնինչ, օբյեկտիվորեն ենթադրվում էր, արժանապատիվ աշխատանքի պայմաններ ապահովելու ու աշխատանքը խթանելու արդյունքում, աղքատությունը նվազեցնելու կառավարության նպատակադրումների ներքո, հարկային և աշխատանքային ոլորտների օրենսդրական փոփոխությունները պետք է լինեին միաժամանակյա, փոխլրացնող և միտված՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ