Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
23 Ապրիլ 2019 Այսօր ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած` թվով 19-րդ ջահերով երթը:Այս տարի նույնպես Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Երևանում, Ստեփանակերտում, Սպիտակում, ճամբարակում, Իջևանում, Վերին Կարմիրաղբյուրում և այլն, գրեթե միաժամանակ մեկնարկել է ավանդական դարձած` ջահերով երթը:
Ամեն տարի փոփոխվող ջահերի` այս տարվա նորույթը դրանց փակցված փոքրիկ Եռագույնն է: Այս տարվա կարգախոսն է` «Ամբողջական և արդար հատուցում»:

Երթի մեկնարկին ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը:
«20 տարի շարունակ, անմար պահելով ջահերը, մենք պահանջել ենք արդարություն։
20 տարի շարունակ այս երթին միացել են բազմահազար քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր գաղափարներ, տարբեր կուսակցական պատկանելություն, բայց այնտեղ, ուր սկսվում է ազգային պայքարը, մենք դադարում ենք տարբեր լինելուց: Աշխարհի տարբեր ծայրերում ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության տարիներ շարունակ իրենց ձայնն են բարձրացրել հազարավոր հայորդիներ:
Մեր պայքարը երբեք չի դադարել: Երբ անհրաժեշտ էր վերականգնել մի ամբողջ ժողովրդի արժանապատվությունը, մենք կայացրեցինք «Նեմեսիս»-ի իրագործման որոշումը, որի արդյունքում պատժվեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները:
Մեր պայքարը նոր փուլ թևակոխեց, երբ դիվանագիտական որևէ հնարք ի զորու չեղավ ճեղքել միջազգային հանրության լռությունը, և մեր ժողովրդի հետ պատահածի մասին պատմելու ցանկացած փորձ մնաց անարձագանք: Արդյունքում` Երկանյաններին և Թեհլիրյաններին եկան փոխարինելու Լիզբոնի տղաները, որոնք զոհասեղանին դրեցին իրենց կյանքը:
Մեր պայքարի ճանապարհին իսկական հաղթանակ պետք է համարել ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտումը: Մեր ազգային պետությունը և այդ պետությունը պաշտպանող ազգային բանակը մեր անվտանգության լավագույն երաշխավորներն են: Սակայն մեր պայքարն իր ավարտին չի հասել: Ազատ, անկախ Հայաստանին պակասում է ամբողջական բնութագրումը: Ուրեմն մեր պայքարը շարունակվում է նաև այժմ, երբ շուրջբոլորը քարոզում են, որ թշնամին փոխվել է, իսկ անցյալն ուղղակի պետք է մոռանալ և առաջ նայել: Ամբողջ աշխարհում մեր պետության, համազգային կառույցների և բազմաթիվ նվիրյալների համատեղ պայքարի արդյունքում մենք ճանաչումից անցում ենք կատարել հատուցման փուլ: Պատահական չէ, որ այսօր էլ մենք Ծիծեռնակաբերդ ենք շարժվելու ամբողջական և արդար հատուցման պահանջով:
Մենք այն կառույցի երիտասարդական միությունն ենք, որ տասնամյակներ շարունակ իր աշխարհասփյուռ կառույցներով Ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարի առաջամարտիկն է: Մենք ուխտել ենք հարկ եղած դեպքում անգամ կյանքի գնով պաշտպանել հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը: Ուրեմն առաջ` դեպի ամբողջական և արդար հատուցում: Առաջ դեպի ազատ անկախ և միացյալ Հայաստան»,- ասաց Արգիշտի Գևորգյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ձեր երթը շարունակվում է, քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ: Ձեր երթը շարունակվելու է, քանի դեռ մարդկության դեմ ծանր հանցագործություն կատարած պետության իրավահաջորդը, այսինքն ներկայիս Թուրքիան և նրա իշխանությունը շարունակում են մերժման և ժխտողական քաղաքականությունը»:
Մինչ երթի մեկնարկը երիտասարդները որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի դրոշը և այդ կրակով վառեցին իրենց ջահերն ու շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Հայրենասիրական երգերով ու պահանջատիրական կոչերով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասած երթի հազարավոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ խոնարհվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: Երիտասարդները ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:
https://youtu.be/JWdVZh_80Sk