Կանխվել է առաջատար լրատվամիջոցներում Ցեղասպանության հերքման նյութերի հրապարակումը
02 Մայիս 2019 ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (Արևելյան և Արևմտյան շրջանները ներառյալ), համագործակցելով ցեղասպանությունների ճանաչման, կանխման համար պայքարող, ինչպես նաև փաստաբանական և իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իրականացրել է հաջողված արշավ, որի շրջանակում ավելի քան 120 առաջատար լրատվամիջոցների (ԱՄՆ բոլոր 50 նահանգներում) կոչ է արվել զրոյական հանդուրժողականության քաղաքականություն վարել առհասարակ մարդկության դեմ զանգվածային բնաջնջումների ու հանցագործությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության պատմական փաստի հերքման դեմ:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, արշավի մասնակիցները նամակներով դիմել են լրատվամիջոցներին՝ դրանց խմբագրակազմերին կոչ անելով իրենց հրապարակումները ցեղասպանության հերքման քարոզի հարթակ չդարձնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ արշավն իրականացվել է 2016 թվականից սկսած և հանրության շրջանում ոչ միայն բարձրացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, այլև բարեհաջող կանխել է մեդիադաշտում տվյալ պատմական փաստի հերքման վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը:
ANCA-ի Արևմտյան շրջանի գրասենյակի նախագահ Նորա Հովսեփյանն իր երախտագիտությունն է հայտնել ստեղծված կոալիցիայի բոլոր գործընկերներին՝ Ցեղասպանության հերքման դեմ կանգնելու համար:
Աղբյուրը հավելում է, որ այս տարվա համար նոր կոալիցիա է ստեղծվել, և այն ներառում է 19 կազմակերպություն, այդ թվում նաև՝ հունական, կիպրական և հրեական:
tert.am