Կարեւոր է, որ հայկական քաղաքականությունը լինի նախաձեռնողական, համապարփակ եւ հետեւողական
07 Մայիս 2019
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի ելույթը «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ:
Ֆորումի հարգարժան մասնակիցներ,
ողջունում եմ բոլորիդ և գոհունակություն հայտնում այս աննախադեպ հավաքի առթիվ:
Նախորդ բանախոսները տարբեր դիտանկյուններից կարևոր արձանագրումներ կատարեցին Հայաստան – Արցախ ռազմավարական դաշինքի վերաբերյալ։ Իմ խոսքը վերաբերում է վերաբնակեցման հիմնախնդրին։ Երկու հայկական պետությունների միջև կնքվելիք համաձայնագրի շրջանակներում, իմ խորին համոզմամբ, կարգավորման ենթակա կարևորագույն հարցերից պետք է լինեն վերաբնակեցմանն առնչվող հարցերը։ 90-ական թվականներից Արցախում մեկնարկած վերաբնակեցման գործընթացը պետք է խոստովանենք, որ արդյունավետ չի եղել։ Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Այս առումով իրականացվող քաղաքականությունը արմատական փոփոխության կարիք ունի։ Հապաղելու իրավունք պարզապես չունենք։ Հայկական Արցախ ունենալու միակ երաշխիքը Արցախում ապրող հայ մարդն է։ եթե այս գերխնդիրը չլուծենք, մեր ջանքերը մյուս առումներով չեն արդյունավորվի։ Հողը Հայրենիք է դառնում այդ հողի վրա ապրող, արարող մարդկանցով։
1992-ից առայսօր Արցախում վերաբնակեցվել է ընդամենը շուրջ 18 000 քաղաքացի, որոնցից վերաբնակչի կարգավիճակ է ստացել միայն շուրջ 12 000 մարդ կամ՝ 3 300 ընտանիք: Վիճակագրությունը ինքնին խոսուն է և մտածելու, մտահոգվելու տեղիք է տալիս։ Արդյո՞ք անդրադարձել ենք, թե այս տարիների ընթացքում որքան մարդ է Արցախում հաստատվելուց հետո տարբեր պատճառների բերումով հեռացել։ Վերլուծել ենք արդյո՞ք այդ պատճառները, արե՞լ ենք անհրաժեշտ հետևություններ։
Արցախում տարիներ շարունակ վերաբնակեցման գործընթացին աջակցել և աջակցում է նաև հայկական Սփյուռքը։ Այս առումով հատկապես կարևոր ներդրում են ունեցել «Թուֆենկյան», «ԱՐԻ», «Արցախֆոնդ» կազմակերպությունները, որոնց նախաձեռնությունները խրախուսելու, ընդլայնելու, արդյունավետ դարձնելու կարիք կա։
Արցախում վերաբնակեցվածների մի մասը Սիրիայից, ՌԴ-ից, Միջին Ասիայի պետություններից տեղափոխված ընտանիքներն են, սակայն վերաբնակեցված ընտանիքների գերակշիռ մասը ՀՀ քաղաքացիներ են: Առնվազն ՀՀ քաղաքացիների վերաբնակեցման հետ կապված իրավահարաբերությունների հստակ կանոնակարգման հարց ունենք։ Այդ իրավունքները վերաբերում են մարդկանց կենսագործունեությանն առնչվող տարբեր իրավունքների՝ սեփականության, կրթության, սոցիալական ապահովության, աշխատանքային և այլն։
Արցախը բնակեցնելու, զարգացնելու եւ վերաբնակիչների կյանքի որակը բարելավելու համար նախ և առաջ անհրաժեշտ է լուծել մարդկանց համար կարևոր նշանակություն ունեցող իրավունքների երաշխավորման խնդիրները:
Անհրաժեշտ է մշակել և գործադրել ժողովրդագրական քաղաքականության հստակ ռազմավարություն, որում վերաբնակեցման բաղադրիչը հատուկ կարևորություն պետք է ունենա։ Սա պետք է սահմանել որպես համազգային առաջադրանք և այս գործը պետք է դառնա ամենօրյա աշխատանք։ Պետք է դիտարկել նաև ոչ ստանդարտ լուծումները, իսկ այդպիսի չօգտագործված հնարավորություններ կան։
Վերաբնակեցման հարցը ռազմավարական նշանակության խնդիր է և առանց համապարփակ լուծումների և օրենսդրաիրավական պատշաճ կարգավորումների այն պարզապես հնարավոր չէ լուծել։ Կարծում եմ, որ Ֆորումը Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի շրջանակներում վերաբնակեցման խնդիրը պետք է դարձնի օրակարգային առաջնահերթություն։