Միջազգային փոխայցերին խանգարում է Արցախի չճանաչված լինելու հանգամանքը
11 Մայիս 2019 Արցախում վերջին տարիներին բավականաչափ աշխատանք է կատարվել մշակութային կյանքը զարգացնելու ուղղությամբ: Թե՛ մշակութային օջախները, թե՛ այն մարդիկ, որոնք զբաղվում են Արցախի մշակույթով, մեծ ջանքեր են գործադրում, որ դուրս գան միջազգային ասպարեզ, ու մեր մշակույթն ընկալելի լինի աշխարհի համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը` կարևորելով Հայաստանի համապատասխան գերատեսչության հետ տարվող աշխատանքները, միասնական դաշտում ծրագրեր իրականացնելն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով:
«Միջազգային փոխայցերին խանգարում է Արցախի չճանաչված լինելու հանգամանքը: Իհարկե, Սփյուռքի հայկական համայնքների հետ ակտիվ են մեր մշակութային կապերը, ակտիվորեն համագործակցում ենք Համազգային հայ կրթամշակութային հիմնադրամի հետ: Չնայած Ադրբեջանի ամենատարբեր խոչընդոտներին` մեր մշակութային կազմակերպությունները հրավիրվում են` տարբեր երկրներում ելույթներ ունենալու»,- ասաց մեր զրուցակիցը:
Նախարարը հավաստիացրեց նաև, որ Արցախում զբոսաշրջիկների հոսքը գնալով աճում է: Ըստ նրա` նախորդ տարվա համեմատ, ավելի քան 23 տոկոսի աճ կա, իսկ այս տարվա առաջին եռամսյակի թվերն արդեն գոհացուցիչ են: «Նախորդ տարվա համեմատ` ունեցել ենք 36 տոկոս աճ, ու դա այն ժամանակահատվածում, երբ զբոսաշրջության համար ոչ ակտիվ շրջան է: Ակնկալում ենք, որ զբոսաշրջիկների թիվը կավելանա, քանի որ երկու մեծ միջոցառում ունենք` «Կոնֆիա»-ն` չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությունը, և Համահայական խաղերի բացումը»,- հայտնեց Հովհաննիսյանը: