Միջոցառում Բերձորում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 101-ամյակին
29 Մայիս 2019 Մայիսյան հաղթանակների և մեր ժողովրդի կյանքում ունեցած կարևոր իրադարձությունների շարքում առանձնակի են 1918 թվականին մայիսի վերջին օրերին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը, որոնք էլ հիմք հանդիսացան, որ գրեթե հազար տարի անց վերականգնվեց մեր պետականությունը: Ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ճիշտ է՝ շատ կարճ տևեց այն, սակայն ունեցավ մեծ կարևորություն Հայոց կյանքում և հիմք դարձավ երկրորդ, այնուհետև երրորդ Հանրապետությունների ստեղծման համար:
Մայիսի 28-ին Բերձորում՝ Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրում կայացավ միջոցառում՝ նվիրված Հայոց Առաջին Հանրապետության կազմավորման 101-ամյակին: Ներկա էին շրջվարչակազմի և Բերձորում գործող ուժային ու այլ կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցականներ, ուսուցիչներ, բնակիչներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ:
Հուշահամալիրի 3 խոնարհված պատերի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը շնորհավորեց ներկաներին, կարևորեց Հայաստանի Առաջին Հանրապետության դերը մեր պատմության հետագա ընթացքի համար: Անդրադառնալով այդ շրջանին՝ նշեց՝ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բազմահազար հայ գաղթականները, սովը, հիվանդությունները, շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, այլ խանգարող հանգամանքներ չարիք էին մեր ազգի համար: Սակայն ստեղծվեց պետություն՝ իր կառավարությունով, խորհրդանիշներով, բանակով: Ներկաների կողմից փառաբանվեցին ազգի նվիրյալ հերոսները, ովքեր կերտեցին Հայոց անկախ պետականությունը:
aparaj.am