Մայիս 28-ը հայոց մեծագույն տոնն է
30 Մայիս 2019
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանի պատգամավորական հայտարարությունը՝ մայիսի 30-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին:
«Հարգարժան ներկաներ,
Թույլ տվեք հայկական երկրորդ հանրապետության օրենսդիր մարմնի ամբիոնից շնորհավորել բոլորիս օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներին, ամբողջ հայ ժողովրդին՝ Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում, հայոց պետականության վերականգնման 101-ամյակի և Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման 100-ամյակի կապակցությամբ: Մայիս 28-ը հայոց մեծագույն տոնն է: Մեծագույն, քանզի պետականությունը մեծագույն արժեքն է, եթե չասենք՝ սրբագույն արժեք: Եվ ազգային պետական մեծագույն սրբազան տոնը պետք է նշվի մեծագույն տոնախմբաությամբ, որը որ ցավոք չտեսանք:
Այդ բարձրագույն արժեքին սովորելու և մեր սերունդներին ժառանգելու և սովորեցնելու համար, համաժողովրդական ցնծությամբ ու խանդավառությամբ մշտապես պետք է հաստատենք պետականություն ունենալու մեր անվերապահ համոզմունքն ու բնական իրավունքը:
Մեծագույն տոնը պիտի նշվի համաժողովրդական տոնախմբությամբ, ազգային-ազգագրական երգ ու պարով, դհոլ-զուռնայով, ազգային կերակուրներով ու սովորություններով: Բոլոր բնակավայրերը պետք է զարդարվեն պետական խորհրդանիշներով, ամեն քայլի բոլոր միջոցներով պետք է փառաբանվեն հայկական պետությունն ու պետականությունը, փառաբանվեն հայոց պետականության հիմնադիր հայրերը՝ Պարույր Սկայորդուց մինչև Արամ Մանուկյան: Պետականության տոնի կարևորության շուրջ մենք միակարծիք պետք է լինենք:
Ցավոք տոնը չենք կարողանում համաժողովրդական տոնախմբության վերածել: Արդյունքում՝ նաև պետական մտածելակերպից զուրկ իշխանավոր ենք տեսնում և հայրենի հողից աստիճանաբար հեռացող ռամիկ:
Մտածենք միասին»:
aparaj.am