ՀՅԴ Կոտայքի մարզային կոմիտեի հայտարարությունը
31 Մայիս 2019
Սիրելի´ հայրենակիցներ,
2019թ. մայիսի 26-ին տեղի ունեցած ՀՅԴ Կոտայքի մարզային ժողովի արդյունքում ընտրված մարզային կոմիտեն, քննարկելով մեր երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, ազգային և բարոյահոգեբանական մի շարք լրջագույն խնդիրների առկայությունը, խորապես գիտակցելով իր՝ որպես կուսակցության մարզային պատասխանատու մարմնի մեծ հանձնառությունն ու աներկբա պատասխանատվությունը Կոտայքի մարզի բնակիչների հանդեպ՝ կատարում է հետևյալ հաստատումները՝
ՀՅԴ Կոտայքի մարզային կոմիտեն, մարզի դաշնակցական կառույցների հետ համատեղ, լիարժեքորեն օգտագործելու է իրեն վերապահված քաղաքական մարմնի լիազորություններն ու գործառույթները՝ տեսանելի ներդրում ունենալու Կոտայքի մարզի բոլոր բնակիչների համար կենսական նշանակության խնդիրների բարձրացման ու լուծման, մարզում սոցիալական արդարության և հանրային համախոհության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։
Իրականացվելու են բոլոր հնարավոր քայլերը՝ առաջիկայում Կոտայքի Դաշնակցության գրասենյակները հանրային և աշխատավորների շահերի պաշտպանության գրասենյակների վերածելու ուղղությամբ:
Մարզային և համայնքային իշխանությունները գտնվելու են մարզային կոմիտեի ուշադրության կենտրոնում. հետևողականորեն վեր են հանվելու մարզային կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող խնդիրները, առաջարկվելու են լուծումներ:
Մարզային խնդիրների շուրջ տեսակետների հստակեցման և համախոհների շրջանակը ընդլայնելու նպատակով մարզային կոմիտեն նախաձեռնելու է հասարակակական-քաղաքական խորհրդակցությունների, կլոր սեղանների շարք՝ համագործակցության եզրեր գտնելու մարզի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների, մտավորականների, քաղաքական, քաղաքացիական ուժերի հետ։
ՀՅԴ «Կոտայք» մարզային կոմիտե
31.05.2019թ.