Չհայտնվենք պարտիական շան վիճակում
02 Հուլիս 2019 Հունիսի 27-ին կայացած Ազգային ժողովի լիագումար նիստում 29 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը:Նոր օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը եւ հայտնել, որ կուսակցությունների համար սահմանվել է պետական գրանցման պահին կուսակցության անդամների նոր շեմ՝ միանգամից 300 անդամ, եւ որ կարգավորվել է նաև կուսակցությունների գործունեության, կասեցման հետ կապված իրավահարաբերությունները:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները նախ հարցադրումով են անդրադարձել նոր օրենքի նախագծում կուսակցությունների նկատմամբ արդարադատության նախարարության վերահսկողական լիազորությունների բացակայության հարցին, այնուհետեւ մտքերի փոխանակության ժամանակ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդես է եկել ելույթով.
«Մեկուկես տարի առաջ պետական ռեգիստրում եւ արդարադատության նախարարությունում կար գրանցված 13 կուսակցություն: Վերջին 6-7 ամիսների ընթացքում այդ թիվը հասել է 20-ի: Ինչ-որ տեղ սա ողջունելի է, ինչ-որ տեղ՝ անհասկանալի, քանզի նկատի առնելով մի շարք հանգամանքներ, մեր իրականության եւ ժողովրդագրական վիճակով 20 կուսակցություն ունենալը տրամաբանական չէ:
Իհարկե, կուսակցությունները պետք է ունենան ծրագիր, կանոնագիր, նպատակ եւ գաղափարախոսություն: Այս ամենը շատ կարեւոր է, նաեւ այն առումով, որ ունենանք քաղաքական պատասխանատվություն ոչ միայն համակարգի ձեւավորման առումով, այլ նաեւ քաղաքական պատասխանատվություն երկրի կառավարման համակարգում: Այդ հանձնարարությունը պետք է ունենա յուրաքանչյուր կուսակցություն: Ցավոք սրտի, ես չեմ կարծում, որ կեղծ օրակարգով, ընտրություններից ընտրություն ձեւավորվող քաղաքական ուժերը կարող են հանգուցալուծել մեր երկրի եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները:
Իհարկե, ի համեմատություն գործող օրենքի՝ նոր օրենքի նախագիծը, առաջարկությունները եւ պահանջները ողջունելի են եւ դրական: Օրինակ, օրենքի նախագծով սահմանվում է, որ յուրաքանչյուր անձ կարող է լինել միայն մեկ կուսակցության հիմնադիր: Առ ի տեղեկություն՝ ասեմ, որ պետական ռեգիստրում գրանցված կուսակցություններց միայն 3-ում կան հիմնադիր-անձնավորություններ. էլ չեմ խոսում անդամների մասին: Նախագծում կան սահմանված կուսակցությունների գործունեության կասեցման, արգելման եւ լուծարման կետեր, սակայն «Դաշնակցություն» խմբակցությունը գրավոր առաջարկներ է ներկայացնելու՝ վերը նշված հարցերին իրավական ձեւակերպումներ տալու եւ օրենքով ամրագրելու նպատակով:
Խորհրդային համակարգ ապրած ժողովուրդ ենք, եւ լավ գիտենք կուսակցություն-партия հասկացությունները: Այդ իսկ պատճառով՝ ելույթս ուզում եմ ավարտել 1946-48 թվականների հայրենադարձությունից հետո Մասիսի շրջանի գյուղերից մեկում հաստատված՝ ներգաղթածի եւ հարեւանությամբ ապրող տեղացու հետեւյալ պատմությամբ:
Մի օր տեղացին նկատում է, որ ներգաղթածը ինչ-որ փոս է փորում, հետաքրքրվում է, թե ինչի համար: Տեղացին էլ, ի պատասխան, թե իր շունը սատկել է, փոսը շունը թաղելու համար է փորում: Պատասխանը լսելով, տեղացին ձեռ առնելով՝ տերտեր կանչելու առաջարկություն է տալիս, ներգաղթածն էլ թե՝ շունս պարտիական էր:
Ես չեմ ուզում, որ մենք հայտնվենք պարտիական շան վիճակում: Շնորհակալություն»:
aparaj.am