Հայաստանում է Կալիֆորնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունը
31 Հուլիս 2019
Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Կալիֆորնիայի, Արիզոնայի եւ Կոլորադոյի նահանգային Սենատի անդամներ, ամերիկացի գործիչներ եւ Հայ Դատի հանձնախմբի անդամներ, Արեւմտյան ափի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։
Այցի առաջին օրը հանդիպումներ են կայացել վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի պատգամավորների հետ։ Պատվիրակությունն այցելել է նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարան եւ Երեւանի կոնյակի գործարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 29-ին ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներ: Այցը կազմակերպվել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի կողմից:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ հետ փոխգործակցության համակողմանի ընդլայնմանը, և այդ համատեքստում ԱՄՆ նահանգների, հատկապես Կալիֆոռնիայի հետ կապերի ամրապնդումը կարևոր դեր է խաղում:
Կողմերը կարևորել են ԱՄՆ հանրային կյանքի տարբեր ոլորտներում հայ համայնքի ունեցած դերակատարությունը ու ներդրումը հայ-ամերիկյան համագործակցության զարգացման մեջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Կալիֆոռնիայի, Կոլորադոյի և Արիզոնայի միջև գիտակրթական կապերի ամրապնդմանը, այդ թվում՝ ուսանողների փոխանակման ծրագրերի աշխուժացման հնարավորությանը՝ հատկապես հանրային կառավարման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը մատնանշել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող Հանրային քաղաքականության մասնագետների ծրագրի և «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի դրական փորձը:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի աշխուժացման համար անհրաժեշտ քայլերը, այդ թվում ԱՄՆ նահանգների կողմից Հայաստանում առևտրային գրասենյակ բացելու հնարավորությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունները և ԱՄՆ հետ այս ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարները: