Բաց քննարկման կոչ ենք անում
15 Նոյեմբեր 2019 Մենք ծանոթացանք ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը հանրությանը հուզող թեմաների շուրջ քննարկումներ սկսելու մասին. մեր օրակարգը չի փոխվում դրանից. Yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ ուսանող և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի նախաձեռնող անդամներից Գևորգ Գյուլումյանը:«Այս պահին շարունակվում է դասադուլը և շարունակվելու է նույնիսկ հանդիպման ժամանակ և այնքան ժամանակ՝ մինչև մենք ստանանք մեր հարցերի պատասխաննեռրը, որոնք կբավարարեն մեզ»,– հավելեց նա:

Գյուլումյանը նշեց, որ հանդիպման ձևաչափը պետք է որոշեն նաև իրենք, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, եթե լինի առանձին հանդիպում, պետք է մասնակցի ոչ պակաս, քան 25-30 դասախոս:
Ինչ վերաբերում է ուսանողների հետ հանդիպման ձևաչափին, ապա, ըստ Գյուլումյանի, այն պետք է լինի լրատվամիջոցների առաջ բաց, այսինքն՝ ուղիղ եթերով:
«Բաց քննարկման կոչ ենք անում: Բոլոր լրատվամիջոցները պետք է լինեն, և չենք պատրաստվում 3-4 հոգով գնալ քննարկման. հանդիպմանը մասնակցող խումբը պետք է ձևավորվի և՛ համալսարանից, և՛ ՀՅԴ ՀԵՄ-ից: Եթե նախարարը փորձի մեզ հրավիրել 3-4 հոգով, մենք չենք պատրաստվում գնալ հանդիպման»,- նշեց նա:
Ուսանողական շարժման ներկայացուցիչը ավելացրեց՝ որևէ զիջում չի լինելու: «Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, ընդունում ենք նախարարի՝ կլոր սեղանի շուրջը նստելու առաջարկը, բայց գոյություն ունի հստակ ձևաչափ՝ նախաձեռնող խմբի բոլոր անդամները պետք է ներկա լինեն, իսկ մեր առաջ քաշած բովանդակային հարցերի մասով որևէ հետ քայլ չի լինելու»,- հայտարարեց Գևորգ Գյուլումյանը՝ հավելելով, որ նախարարը ցանկանում է՝ թող հանդիպի, իրենք իրենց պահանջի տերն են, հարցերը պետք է լուծում ստանան, իսկ նախարարին տուն ուղարկելու օրակարգն ուժի մեջ է: