Նստացույցը մնում է մեր պայքարի հիմնական գործիքը
15 Նոյեմբեր 2019 ԿԳՍՄ նախարարության առջեւ արդեն մեկ շաբաթ նստացույց անող եւ մոտ տասն օր տարբեր տեսակի բողոքի ակցիաներով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել:Ամփոփելով անցած տասն օրվա իրադարձությունները, ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ հնչող այն տեսակետը, որ սա նեղ, կուսակցական պահանջ է, այս օրերի ընթացքում ջախջախվեց, քանզի իրենց միացան ԵՊՀ բանասիրության եւ պատմության ֆակուլտետի ուսանողները, ԵՊՀ ուսխորհուրդը, իրենց միացան շուրջ 60 դասախոս`մեկօրյա նախազգուշական գործադուլով, ապրիլյան պատերազմի մասնակիցների ՀԿ-ն, Գյումրու համալսարանը:

Նա հիշեցրեց, որ իրենք դիմել են ոստիկանություն, դատախազություն և ՀՔԾ, որտեղից իրենց պատասխանել են, որ կրթության նախկին նախարարների չարաշահումների մասով ԿԳՄՍ գործող նախարարի կողմից որևէ հարցում չեն ստացել։
Քրիստինե Վարդանյանը հերքեց նաեւ լուրերը, որ ՀՅԴ-ն, իբր, փող է բաժանում երիտասարդներին՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար:
ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գևորգյանն էլ հավելեց, որ «որոշ շրջանակներ» փորձում են իրենց՝ ազգային արժեքներ դավանող երիտասարդների ազնիվ գործողությունները մանիպուլացնել, սակայն՝ ապարդյուն։
«Նստացույցը մնում է մեր պայքարի հիմնական գործիքը։ Նստացույցը շարունակվում է, բայց շաբաթ-կիրակի այստեղ չենք լինի՝ քննարկումների նպատակով։ Մենք օգտագործելու ենք բոլոր գործիքներն՝ անվստահություն հայտնելու սխալ աշխատող նախարարին,- ասաց Քրիստինե Վարդանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am