Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է օր առաջ վերացնել
06 Մարտ 2020 Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն անարդար, անարդյունավետ համակարգ է, որը պետք է օր առաջ վերացնել: Այն քաղաքական, բարոյական պատասխանատվություն է, որ կրելու են դրա հեղինակները և այս իշխանությունը, որոնք ամբողջ ծավալով ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ հրաժարվելով իրենց՝ նախկինում տված խոստումներից: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Մեզ մոտ կենսաթոշակային բարեփոխումները բավականին բուռն տեղի ունեցան, և ամենատարօրինակ և առանձնահատուկ երևույթներից մեկն այն է, որ կենսաթոշակային բարեփոխումները նախաձեռնեց Կենտրոնական բանկը, որը ո՛չ օրենսդրական, ո՛չ սահմանադրական մակարդակով գործառույթ չունի այս ոլորտում»,-ասաց նա՝ ընդգծելով, թե համակարգի վերաբերյալ ՀՅԴ տեսակետը նույնն է եղել թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում եղած ժամանակ:
«Սա այն կարմիր գծերից մեկն է, որի դեմ տարիներ շարունակ պայքարել ենք»,-նշեց նա:
Տնտեսագետի պնդմամբ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ առաջին միֆն այն է, թե այդ միջոցները ապահովված են, երաշխավորված են, և քաղաքացիներն այդ գումարներն ստանալու են:
«Նշեմ, որ 2019թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակվել է 244 մլրդ դրամ գումար, և պետությունը չի կարող երաշխիք տալ այդ գումարի համար, նույնիսկ դրա կեսի համար չի կարող երաշխիք տալ՝ հաշվի առնելով, որ այդ գումարներն աճելու են տարիներ շարունակ: Սա լուրջ ֆինանսական ռիսկեր է պարունակում»,-ասաց Պարսյանը:
Նա նշեց, թե տարբեր երկրների օրինակով կա այդ համակարգի անարդյունավետության մասին ապացույցը: «Լավագույն օրինակներից մեկը Չիլին է, որը 2008 թ.-ին, երբ արդեն կենսաթոշակը պետք է փոխանցեր, պարզվեց, որ կենսաթոշակառուների 88 տոկոսն ստանալու է նվազագույն աշխատավարձից ցածր, երբ նախատեսվում էր տրամադրել միջին աշխատավարձի 40 տոկոսը»,-ներկայացրեց տնտեսագետը:
Վերջինիս խոսքով՝ հատկապես ցածր կենսաթոշակ են ստանալու կանայք. «Երեք և ավելի երեխա ունեցող կանայք ուղղակի դատապարտված են աղքատ ծերության, քանի որ այդ տարիների ընթացքում իրենք գումար չեն կուտակում և, բնականաբար, ոչինչ էլ չեն ստանալու»,-ասաց Սուրեն Պարսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/GzETSHW8TF0