Հայաստանի Հանրապետության պետաիրավական կառուցվածքի ազգային-ժողովրդավարական բնույթը (1918-1920 ԹԹ.)
02 Հունիս 2020(պատմական զուգահեռներ 1-ին և 3-րդ հանրապետությունների միջև)
(երկրորդ եւ վերջին մաս)
ԱՐԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
Ընտրովի պառլամենտ: ՀՀ պետական ժողովրդավարական համակարգի ձևավորման ամենավառ դրսևորումը եղավ համաժողովրդական ուղղակի, ընդհանուր, հավասար, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու ընտրովի պառլամենտի (խորհրդարանի) ձևավորումը: 1919 թ. գարնանը, երբ Առաջին աշխարհամարտն արդեն ավարտվել էր, ՀՀ վիճակը` նկատելիորեն կայունացել և սահմաններն ընդարձակվել էին:
Ամերիկյան օգնության շնորհիվ փոքր-ինչ մեղմվել էր սովը, և շինականն անցել էր խաղաղ աշխատանքի, օրակարգի հարց դարձավ նախորդ՝ 1-ին գումարման խորհրդարանի` Հայաստանի խորհրդի փոխարեն նոր, ընտրովի խորհրդարանի ձևավորումը: Հունիսի 21-23-ը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները տարբեր պատճառաբանություններով ու հիմնավորումներով բոյկոտեցին Հայ ժողովրդականները, Հայ սահմանադիր ռամկավարները, Հայ սոցիալ-դեմոկրատ մենշևիկները, բոլշևիկները և այլն:
Համաձայն ընտրությունների մասին օրենքի (բաղկացած տասը գլխից և 111 հոդվածից )` դրանք անցան համամասնական ընտրակարգով՝ կուսակցական սկզբունքով, ընդհանուր, հավասար, ուղղակի և գաղտնի քվեարկությամբ, առանց ազգի, կրոնի ու սեռի խտրության, 20 տարին լրացած, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող երկու սեռի քաղաքացիների մասնակցությամբ: Ի դեպ, ընտրելու իրավունք էր տրված նաև հանրապետության տարածքում ապաստանած մի քանի հարյուր հազարի հասնող արևմտահայ (տաճկահայ) գաղթականությանը, ինչը փաստում է հանրապետության իշխանությունների ազգային-ժողովրդավարական բնույթի մասին : Վիճակագիր Ա-Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) տվյալներով, 1918 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության անցկացրած մեկօրյա վիճակագրությամբ, հանրապետության տարածքում գաղթականների ու փախստականների ընդհանուր թիվը կազմում էր 244 000 շունչ :
Գաղթականությանը ոչ միայն թույլատրվեց մասնակցել համապետական ընտրություններին, այլև նման հեռագնա քայլով նրանք ինքնաբերաբար համարվեցին (ճանաչվեցին) ՀՀ քաղաքացիներ՝ իրենց իրավունքներով ու պարտականություններով: Ավելին` Անդրկովկասում ու բազմաթիվ երկրամասերում հայտնված հայ գաղթականները դիտարկվում էին որպես նորանկախ Հայաստանի քաղաքացիներ, եթե ոչ իրավական, ապա առնվազն հոգևոր-բարոյական իմաստով: Հայաստանի քաղաքացիներ, եթե ոչ իրավական, ապա առնվազն հոգևոր-բարոյական իմաստով: ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ջանում էին ամեն կերպ օգնել ու աջակցել նրանց խնամակալության, դեպի հայրենիք ներգաղթի կազմակերպման հարցում և, ավելի լայն առումով, ի վերջո Հայկական հարցի, այն է՝ Միացյալ և Անկախ Հայաստանի ծրագրային նպատակի կենսագործման հեռանկարով: Ընտրություններին մասնակցությունից զատ` կառավարությունն ու խորհրդարանը գաղթականների համար հողահատկացումներ կատարեցին հատկապես մահմեդականներից ազատված տարածքներում: ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ջանում էին ամեն կերպ օգնել ու աջակցել նրանց խնամակալության, դեպի հայրենիք ներգաղթի աջակցման հարցում և, ավելի լայն առումով, ի վերջո Հայկական հարցի, այն է՝ Միացյալ և Անկախ Հայաստանի ծրագրային նպատակի կենսագործման հեռանկարով:
Ընտրություններին մասնակցությունից զատ` կառավարությունն ու խորհրդարանը գաղթականների համար հողահատկացումներ կատարեցին հատկապես մահմեդականներից ազատված տարածքներում: Կարծում ենք, որ այն ժամանակներում գործադրված ազգօգուտ այդ քայլն ուսանելի և առանց արհեստական խոչընդոտների կիրառելի կարող է լինել նաև մեր ժամանակներում հայրենիք վերադառնալ ցանկացող Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Օրինակ` վերաբնակեցման նման մի քաղաքականություն պետք է իրականացվի հատկապես Արցախի ազատագրված տարածքներում և այլն:
Վերադառնալով 1919 թ. հայ ժողովրդի կյանքում երբևէ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ արձանագրենք, որ դրանցում բացարձակ հաղթանակ տարավ ՀՅԴ կուսակցությունը: Կանոնակարգով նախատեսված 80 պատգամավորական տեղերից 72-ը զբաղեցրեց ՀՅԴ կուսակցությունը, 4-ը` էսէռները, 2-ը` թուրքերը, մեկը` քուրդ (եզդի), և մեկն էլ` անկուսակցականի անվան տակ ծպտված բոլշևիկ : Դրանով հանդերձ՝ փաստենք, որ ՀՅԴ բացարձակ գերակշռությամբ խորհրդարանում գործող մեկ տասնյակից ավելի (12) մշտական հանձնաժողովներում ընդգրկված են եղել ընդդիմության բոլոր 8 անդամները, ընդ որում, առանձին ներկայացուցիչներ միաժամանակ հանդես էին գալիս երկու տարբեր հանձնաժողովներում:

Երկրորդ գումարման ընտրովի խորհրդարանի 80 պատգամավորներից 13-ը արևմտահայեր էին, 3-ը` կին, որոնց թվում էր հանգուցյալ Արամ Մանուկյանի այրին` Մանուկյան (Զալյան) Կատարինեն: Այս կապակցությամբ ուշագրավ է, որ Հայաստանի պառլամենտի ընտրությունների մասին օրենքով կանայք տղամարդկանց հավասար ունեցել են ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու իրավունք: Սա փաստում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին, մի երևույթ, որը 20-րդ դարասկզբին տակավին նոր էր սկսել արմատավորվել համաշխարհային ընտրական համակարգում:
Հավելենք ևս մի դիտարկում. նախատեսվում էր հետագայում` Հայկական հարցի լուծումից, այսինքն` Միացյալ և Անկախ Հայաստանի հիմնումից հետո անցկացնել խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ արևմտահայ (գաղութահայ) 50 նոր պատգամավորական տեղերի համար, որով Միացյալ Հայաստանի խորհրդարանը պիտի բաղկացած լիներ 130 պատգամավորներից:
Ինչպես տեսնում ենք, ձևավորվելու էր արևելահայ և արևմտահայ պատգամավորների գրեթե հավասար հարաբերակցությամբ պառլամենտ: Խորհրդարանի պատգամավորների թվակազմի առումով պատմահամեմատական զուգահեռներ անցկացնելով 1-ին և 3-րդ խորհրդարանների միջև՝ կարելի է նկատել ուշագրավ ևս մի զուգադիպություն, այն է` նախատեսվելիք Միացյալ Հայաստանի խորհրդարանի (130) պատգամավորների և ՀՀ ներկայիս Ազգային ժողովի (մինչև 130) պատգամավորների քանակական հարաբերակցությունը ստացվում էր գրեթե նույնը: Բնութագրական է նաև, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ ներկայումս ընտրությունների ժամանակ նախապատվությունը տրվում է համամասնական-կուսակցական սկզբունքին , որը դարձյալ ցույց է տալիս ժառանգորդական ու իրավաքաղաքացիական կապը Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև:
Հարկ է նաև ընդգծել, որ 20-րդ դարասկզբի հայաստանյան ընտրողը հիմնականում ծանոթ էր հայ իրականության մեջ գործող ազգային և ոչ ազգային քաղաքական կուսակցությունների ծրագրերին, գործելակերպին, ճանաչված գործիչներին և այլն: Ինչպես արդեն ասվել է, այդ կուսակցությունները ներկայացնում էին Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր երեք թևերը` աջակողմյան, կենտրոնական և ձախակողմյան: Եվ որքան էլ զարմանալի թվա, այն ժամանակվա կուսակցությունները գաղափարապես ու քաղաքական դավանանքով շատ ավելի ճանաչված էին ու կայացած, մի բան, որ չես ասի մեր ժամանակներում առնվազն 50-60-ի հասնող կուսակցությունների մասին: Հայաստանի` վերջին երկու-երեք տասնամյակների հասարակական-քաղաքական կյանքի պատկերը ցույց է տալիս, որ մի շարք կուսակցություններ, ըստ էության, գաղափարազուրկ են, հաճախ ստեղծվում են իրավիճակի ու հանգամանքների թելադրանքով, երբեմն` մեկ անձի շուրջ՝ սեփական շահերի ու անձնական դրամագլխի պաշտպանության նպատակով: Ընտրությունների փուլում նրանք հանդես են գալիս ժողովրդին ուղղված փքուն, հրապուրիչ ու չհիմնավորված խոստումներով, կրկնում մեկը մյուսի ասածները, բաժանում են ընտրակաշառք, արագ «գունափոխվում» են կամ ինչ արագությամբ, որ ստեղծվում են, անհաջողություն կրելուց հետո նույն արագությամբ քայքայվում ու հեռանում են հասարակական-քաղաքական ասպարեզից: Շատ հաճախ նման կուսակցությունների ծրագրերում գրված է մի բան, սակայն նրանք իրականացնում են բոլորովին այլ բան և այլն:
Ինչ վերաբերում է Առաջին հանրապետության խորհրդարանի ընտրություններում ՀՅԴ-ի տարած բացարձակ հաղթանակին, ապա դա բացատրվում է մի քանի հանգամանքով.
ա) նախ ընտրությունների արդյունքները վկայում են ՀՅԴ-ի 1890-ական թթ. անցած պատմական հարուստ ուղու, ունեցած համազգային ազդեցության ու քաղաքական մեծ կշռի մասին,
բ) ցավոք, մի շարք կուսակցություններ` ՀԺԿ, Սոցիալ-դեմոկրատ մենշևիկներ, Հայ սահմանադրական ռամկավարներ և այլն, տարբեր պատճառներով ընտրությունները բոյկոտեցին: Տվյալները ցույց են տալիս, որ եթե աջակողմյան, ազգային-ազատական գաղափարներով առաջնորդվող ՀԺԿ-ն մասնակցեր ընտրություններին, ապա կարող էր ստանալ 15-20 պատգամավորական տեղ,
գ) ընտրությունների ընթացքում թույլ են տրվել նաև զանազան ընտրախախտումներ և անգամ զեղծարարություններ, մի երևույթ, որից այդպես էլ չենք կարողանում ազատվել 100 տարի անց էլ: Օրինակ` այն ժամանակ ընտրախախտում է համարվել այն, որ տվյալ ընտանիքի ծխի (գերդաստանի) մեծը, հայկական ավանդույթի ուժով, միայնակ քվեարկել է նաև ընտանիքի` ընտրական իրավունք ունեցող մյուս անդամների՝ կնոջ, որդու, հարսի և ուրիշների փոխարեն, մինչդեռ, ըստ ՀՀ պառլամենտի ընտրությունների մասին օրենքի Զ գլխի հոդված 64-ի, «ընտրողն իր ընտրատոմսը մատուցանում է անձամբ» , պատառոտվել են ընտրություններին վերաբերող գովազդային ցուցանակներն ու կոչերը, կամ ընտրակաշառք է համարվել այն, որ ընտրությունների օրերին սովյալ բնակչությանը ալյուր է բաժանվել և այլն: Ընտրախախտումների վերաբերյալ պատմահամեմատական զուգահեռը ցույց է տալիս, որ իրենց բնույթով, «հնարամտություններով» ու մասշտաբայնությամբ անհամեմատելի են մեկ դար առաջվա և ներկայիս ընտրական թերությունները:
***
Դատական իշխանությունը: 1918 թ. ՀՀ անկախության հռչակումից հետո, չնայած հանրապետության տնտեսական և քաղաքական դժնդակ պայմաններին, նորակազմ խորհրդարանն ու կառավարությունն առաջին իսկ օրերից մեծ ճիգեր գործադրեցին պետական իշխանության անբաժանելի մասը կազմող երրորդ թևի՝ դատական իշխանության ձևավորման հարցում` եվրոպական ժողովրդավարական երկրների օրինակով կազմակերպելու և բնական հունի մեջ դնելու Հայաստանի պետական և հասարակական կյանքը, երկրում հաստատելու իրավական նորմերից բխող կարգուկանոն ու արդարադատություն:
Ավելի քան հարյուրամյա հեռավորությունից դիտարկելով այս հարցը՝ կարելի է առանձնացնել ուսանելի և ազգային-ժողովրդավարական արժեք ներկայացնող հետևյալ երևույթներն ու կառույցները: Հասկանալի է, որ եռաթև պետական իշխանության կայացման գործում կարևոր էին դատական իշխանության ձևավորումը, դրա հայացումը և ժողովրդավարացումը: Դատաիրավական համակարգում մտցվեց եռաստիճան դատական համակարգ` օկրուգային կամ շրջանային դատարան, դատական կամ դատաստանական պալատ և Սենատ: Սենատը կամ Ծերակույտը դատական բարձրագույն ատյանն էր: Այն, փաստորեն, մի կողմից իրականացնում էր վճռաբեկ ատյանի դեր, իսկ մյուս կողմից` օրենքները մեկնաբանող, այսինքն` և´ Գերագույն դատարանի, և´ ինչ-որ առումով նաև Սահմանադրական դատարանի դեր :
Հատկանշական է, որ գրեթե համանման եռաստիճան (Առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ) դատական համակարգ է գործում ներկայիս ՀՀ-ում: Իհարկե, ներկայիս` 3-րդ հանրապետությունում գործում է նաև բարձրագույն դատական մարմին հանդիսացող Սահմանադրական դատարանը: Այն ժամանակ սահմանադրության բացակայության պատճառով նման անվանումով ու իրավասությամբ դատարան չկար, սակայն, ինչպես արդեն ասվեց, ինչ-որ չափով նման լիազորություններով էր օժտված Սենատը: Հավելենք նաև, որ 1-ին հանրապետության օրոք գործել են նաև ցարական Ռուսաստանից ընդօրինակված, այսպես կոչված, Հաշտարար դատարաններ, որոնք քննելիս են եղել փոքր հանցակազմ (մինչև 500 ռուբլի տուգանքի կամ վեց ամսվա բանտարկության պատժաչափ որոշող) պարունակող գործերը, եղել են նաև վարչական դատարաններ : 1920 թ. մայիսին ծագած բոլշևիկների հակապետական խռովության հետևանքով ապստամբական օջախ հանդիսացող մի քանի քաղաքներում հարկադրաբար ստեղծվեցին արտակարգ դատարաններ, և հարկադրաբար ժամանակավորապես մտցվեց մահապատժի մասին հոդվածը :
Անգամ ժամանակակից չափանիշներով յուրաքանչյուր պետության ժողովրդավարության մակարդակը կարելի է չափել նաև նրա դատական համակարգով և առաջին հերթին երդվյալ ատենակալների ինստիտուտի առկայությամբ: Հայտնի է, որ 1919 թ. գարնանը հատուկ օրենքով ՀՀ-ում Շրջանային դատարանին կից հիմնվեց երդվյալ ատենակալների ինստիտուտ` վեց ատենակալներով, դատաիրավական մի կառույց, որն այն ժամանակ բացակայում էր աշխարհի բազմաթիվ, այդ թվում` եվրոպական զարգացած երկրներում, ինչպես նաև նման ձևակերպմամբ՝ մեր ներկայիս դատական համակարգում:
Շատ կարևոր խնդիր էր դատական իշխանության հայացումը: 1919 թ. դեկտեմբերի 26-ին խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթի (1869-1951 թթ.) վավերացմամբ հաստատվեց «Պետական լեզվի մասին» օրենքը, և մայրենին ստացավ միակ պետական լեզվի կարգավիճակ : Հանրապետությունում, ինչպես նաև Թիֆլիսում կատարվեցին գործնական-բառարանային աշխատանքներ ոչ միայն միջազգային իրավական, բժշկագիտական, բնագիտական և այլ տերմինների ու հասկացությունների հայերեն համարժեքների ստեղծման ուղղությամբ, այլև, ինչպես ասվեց, օրենքից բխող արդարադատության հիմնարկությունների աշխատանքների հայացման ուղղությամբ: Մենք տեսնում ենք, որ արդեն 1920 թ. գարնանից` արդարադատության նախարար Ռ. Դարբինյանի (Ա. Չիլինգարյան) (1883-1969 թթ.) ժամանակից՝ դարավոր ընդհատումից հետո, առաջին անգամ դատավարական գործընթացն անցկացվում էր մայրենիով, վճիռները կայացվում էին «Հանուն Հայաստանի Հանրապետության» ձևակերպումով, և այլևս չկային մեծ բանաստեղծ Պ. Սևակի ձաղկած «ռուսա»-ն և «թուրքա»-ն: Բացառությամբ մի քանի ոլորտի, հատկապես բանակի ու առողջապահության, մնացած հիմնարկ-ձեռնարկություններում ամբողջ գործավարությունն արդեն տարվում էր պետական լեզվով՝ մայրենիով:
Հանրապետության արդարադատության մարմինները ենթարկվում էին միայն օրենքին և պատասխանատու էին միայն օրենքի առջև: Դատական ատյանների բարձր պաշտոնյաներին, Նախարարների խորհրդի առաջարկությամբ, ընտրում էր խորհրդարանը, ինչը դարձյալ փաստում է խորհրդարանի` բարձրագույն իշխանություն լինելը: Ավելին` խորհրդարանի իրավասության շրջանակներում էր մտնում բանտարկյալներին ներում շնորհելը կամ նրանց պատիժը մեղմացնելը: Դատական իշխանության ժողովրդավարական-մարդասիրական դրսևորման արտահայտություն պետք է համարել նաև այն, որ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժեց «Մահապատժի մասին» օրինագիծը: Ի դեպ, Ռուսաստանում Ալ. Կերենսկու Ժամանակավոր կառավարությունը, իսկ հետո նաև Վրաց սոցիալիստ-մենշևիկների խորհրդարանը ընդունել էին մահապատժի մասին օրինագիծը, իսկ Հայաստանում համանման օրենքի գործադրումը մերժվեց և այլն:
Այդուհանդերձ, սրանք ավելի քան մեկ դար առաջ սեփական ազգային ինքնիշխան պետության համար արված քայլեր ու գործողություններ էին, որոնք կատարվում էին երկրում առկա ներքին ու արտաքին, սոցիալ-տնտեսական ու քաղաքական արտակարգ ծանր պայմաններում: Ասվածներին պետք է հավելել նաև այն, որ նորաստեղծ հանրապետությունում բացակայում էին պետության կառավարման ու կայացման փորձ ունեցող անհրաժեշտ թվով ուսյալ կադրեր, հասարակության իրավական ու սոցիալ-կրթական մակարդակը բավարար չէր, էլ չենք խոսում նորաստեղծ պետության համար այնքան անհրաժեշտ նյութական ու ֆինանսական միջոցների սղության մասին:
***
ՀՀ պետական կառուցվածքի ռամկավար կառավարման համակարգի արմատավորման ժողովրդավարական ցուցիչներից (հիմքերից մեկը) պետք է համարել նաև տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ-երը)՝ գավառային, քաղաքային և գյուղական համայնքային մարմինները: Աշխարհամարտի ավարտից հետո, երբ պատերազմում պարտված Գերմանիան և Թուրքիան հարկադրված իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից, ՀՀ սահմանները սկսեցին ընդարձակվել` ներառելով Լոռի-Փամբակը, Ալեքսանդրապոլի գավառը, Էջմիածնի գավառի մնացած մասը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանը, Կարսի նահանգը և այլն: 1919 թ. գարնանը ՀՀ գավառների թիվն անցնում էր մեկ տասնյակից, քաղաքների թիվը` նույնպես: Սոցիալական կազմի տեսանկյունից հանրապետության բնակչության 85 տոկոսը կազմում էր գյուղացիությունը: Ավելի ուշ` 1920 թ. մայիսին, հանրապետության տարածքը վարչականորեն բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի: Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ 67 հազ. քառ. կմ-ի` 2 մլն բնակչությամբ: Գործնականում ՀՀ սահմանները ձգվում էին Արցախից մինչև Օլթիի ածխահանքերը:
Հենց 1919 թ. մայիսից կառավարության նախաձեռնությամբ ռուսական զեմստվոների օրինակով մշակվեց և գործողության մեջ դրվեց «Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) մասին» օրենքը : Խորհրդարանում գործում էր ինքնավարությունների մշտական հանձնաժողով (նախ.` Ա. Ղազարյան), որը փորձում էր ՏԻՄ-երի գործունեության համար ապահովել համապատասխան իրավաօրենսդրական դաշտ: ՏԻՄ-երի` որպես ժողովրդավարական ընտրովի կառույցների խորհրդի ու վարչության գործառույթներն ընդգրկում էին տեղական նշանակության քաղաքային ու գավառային խնդիրների` հողահատկացումների, բնակարանային, ֆինանսական (ելևմտի), կրթության, առողջապահության, սանմաքրման, բնակավայրերի բարեկարգման, վիճակագրության, տուրքերի գանձման և այլ ոլորտներ: Փորձեր արվեցին տարանջատելու կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, սահմանները և փոխհարաբերությունների շրջանակները: Օրինակ` փորձեր արվեցին ՆԳՆ մի շարք գործառույթներ, մասնավորապես` միլիցիային վերաբերող, հանձնել ՏԻՄ-երի ենթակայությանը և այլն :
Հատկանշական է, որ խորհրդարանի նմանությամբ տեղական ինքնակառավարման մարմինները` գավառային, քաղաքային և համայնքային, ևս ընտրովի էին: Դրանք խորհրդարանի ընտրությունների նման ձևավորվում էին բազմակուսակցական (համամասնական) սկզբունքով անցկացված ընտրությունների միջոցով: Տվյալներ կան, որ ընտրությունների արդյունքներով, ՀՅԴ-ից զատ, բավականաչափ իրավասու տեղեր են զբաղեցրել և այդ մարմինների աշխատանքներում ընդգրկված են եղել նաև այլ կուսակցություններ` ՀԺԿ, Էսէռ, Սոց.-դեմ. մենշևիկ և նույնիսկ բոլշևիկ, անկուսակցականներ և այլն:
Այսպիսով, մեկ-երկու տարում հայաստանյան բազմաթիվ քաղաքներում և շրջաններում ժողովրդավարական այդ կառույցի` տեղական ինքնակառավարման արմատավորումն ինքնին վկայում է, որ հանրապետության իշխանություններն այդ ոլորտում ևս արել են հնարավորը այն ժամանակների չափանիշներով կազմակերպված պետության կայացման ուղղությամբ: Վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի առաջին հանրապետության ՏԻՄ-երի փորձն ու դասերն ուսանելի ու կիրառելի կարող են լինել ժողովրդավարական հիմնարար սկզբունքներով Երրորդ հանրապետության ՏԻՄ-երի` կայացման գործում:
***
Ազգային բանակի փորձը: Հայաստանի ներկայիս հանրապետությանը պետաիրավական ու ռազմաքաղաքական տեսանկյունից ուսանելի փորձ կարող է փոխանցել Առաջին հանրապետության ազգային բանակը: ՀՀ պետական իշխանության իրավական առանցքը հանդիսացող խորհրդարանում գործում էր զինվորական հանձնաժողովը՝ Ռուբեն Տեր-Մինասյանի (1882-1951 թթ.) նախագահությամբ: Բնականաբար, դրա իրավաօրենսդրական աշխատանքների առանցքում էին բանակի կայացման ու ամրապնդման հարցերը: Նկատի ունենալով ՀՀ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն ու, մեղմ ասած, ոչ բարեկամ անմիջական հարևաններին` խորհրդարանն ու կառավարությունը միջոց ու ջանքեր չեն խնայել` առաջին հերթին ամրապնդելու ու զորացնելու հայոց բանակը՝ իբրև ժողովրդի ու երկրի պաշտպանության ու անվտանգության թերևս ամենավստահելի երաշխավորի: Դա երևում է կառավարության ու խորհրդարանի կատարած ֆինանսական հատկացումներից: Վարչապետ Ալ. Խատիսյանի վկայությամբ` ՀՀ պետբյուջեի շուրջ 75 %-ը ծախսվում էր բանակի ու պաշտպանության համար :
Ուշագրավ է, որ սեփական միջոցներով ու խնայողություններով, օտարերկրյա վարկով ֆինանսական հատկացումներ էին կատարվում ոչ միայն բանակի համար զենք-զինամթերքի գնման, զինվորականության կերակրման ու հանդերձավորման, այլև, իբրև ուսանելի փորձ, օտարներից կախում չունենալու համար: Անգամ կազմակերպվում էր ռազմամթերքի սեփական արտադրություն Քանաքեռում, Ալեքսանդրապոլում, Կարսում և այլուր՝ մարտական գնդակներ պատրաստելու, փամփուշտներ լցնելու, հրանոթային արհեստանոցներ հիմնելու և գործարկելու համար:
Դարձյալ որպես պատմական փորձ ու դաս՝ հարկ է նաև նշել, որ պետականության հիմնասյուներից մեկը համարվող ազգային բանակի ամրության համար այն ժամանակ (1917 թ. ռուսական երկու հեղաբեկումների դառը փորձը հաշվի առնելով) շատ կարևոր էր համարվում նրա ապաքաղաքականացված լինելը: Իբրև պատմական իրողություն փաստենք, որ Առաջին հանրապետության օրոք իսկական զինվորական ծառայության մեջ գտնվողները օրենքով ընտրություններին (խորհրդարանի, տեղական ինքնակառավարման մարմինների) մասնակցելու (ընտրել, ընտրվել) իրավունք չունեին : ՀՀ բանակի ապակուսակցականացած լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ դրա բարձրագույն հրամանատարական կազմի 33 գեներալներից ոչ մեկը հիմնական կառավարող կուսակցության՝ ՀՅԴ անդամ չէր: Բացառություն էր միայն Դրոն (Դրաստամատ Կանայան, 1884-1956 թթ.), ով իր նախորդող կենսագրությամբ ավելի շատ հայդուկ էր, քան արհեստավարժ զինվորական:
Մարտունակ և որակյալ բանակ ունենալու համար իշխանությունները կարևորում էին ոչ միայն ուժեղ տնտեսության առկայությունը, այլև զինվորների բարոյակամային կայունությունն ու հայրենիքին նվիրվածությունը: Ինչպես ասվեց, շատ կարևորվել է բանակի ապաքաղաքական լինելը: Բանակը լիովին ապաքաղաքականացնելու և ապակուսակցականացնելու նպատակով միգուցե առաջարկվի, որ ներկայումս իսկական զինվորական ծառայության մեջ գտնվողները նույնպես չմասնակցեն խորհրդարանական և ինքնակառավարման մարմինների ընտրություններին և դրանով իսկ հեռու մնան քաղաքական գործընթացներից: Այս կապակցությամբ այնքան էլ համոզիչ չէ այն փաստարկը, թե դրանով խախտվում է զինվորական քաղաքացու սահմանադրական իրավունքը: Մեր համոզմամբ` հայոց ազգային բանակի զինվորականն այս բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում ու ժամանակներում, Արցախյան հարցի դեռևս վերջնականապես լուծված չլինելու պայմաններում ունի առանձնահատուկ առաքելություն` հնարավորինս հեռու մնալ քաղաքականությունից և առաջնորդվել միայն Ազգ-Բանակ-Հայրենիք եռամիասնության կարգախոսով, հայրենիքին անմնացորդ նվիրվելու ու ծառայելու գիտակցությամբ: Մենք գիտենք նաև, թե մեր ժամանակներում ինչպես են անցկացվում համապետական նշանակության ընտրությունները, այդ թվում` նաև զորամասերի ընտրական տեղամասերում և ոչ միայն այդտեղ: Մենք գիտենք նաև, որ ազգային բանակի հզորության ու բարձր մարտունակության համար շատ կարևոր է կապն ու վստահությունը բանակի ու իշխանությունների, միջև, քանզի բանակն ազգի ծնունդն է ու հոգեհարազատ զավակը:
Բանակի քանակական ու բարոյական ամրակայման առումով կարևոր է արդարության և հավասարության սկզբունքով զորակոչի մասին օրենքի գործադրումը: Մեր ժամանակների համար շատ ուսանելի է, որ Առաջին հանրապետությունում հայոց բանակ երկամյա պարտադիր զինծառայության էին անցնում զորակոչային տարիքի բոլոր տղամարդ քաղաքացիները` առանց սոցիալական, կրթական և դիրքի խտրության, այդ թվում` բոլոր պաշտոնատար անձանց զավակները: Իբրև օրինակ տեղին է հիշել, որ Հայաստանի ազատության և անկախության համար մղված կռիվներում որպես հայկական բանակի զինվորներ կռվեցին և զոհվեցին վարչապետներ Հ. Քաջազնունու երկու որդիները` Աշոտը և Արամը, Հ. Օհանջանյանի միակ որդին՝ Մոնիկը, Ալ. Խատիսյանի եղբայրը և այլք:
Եվ վերջապես, ժառանգորդական-հոգևոր կապերով անմիջականորեն կապված են 1-ին և 3-րդ հանրապետությունների ներքին օրգանական միասնությունն արտահայտող, նույնական ու անբաժանելի հայոց պետական խորհրդանիշները՝ եռագույնը, օրհներգն ու զինանշանը: Կուզենայինք վստահ լինել, որ որևէ մեկը չի համարձակվի ոտնձգություն թույլ տալ ազատամարտերում սրբագործված, անկախ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եռամիասնական այդ խորհրդանիշների նկատմամբ՝ ինչ-որ խմբագրումներ անել կամ առավել ևս տեքստային ու երաժշտական փոփոխություններ կատարել ըստ ժամանակ առ ժամանակ հնչող առաջարկների:
Այսպիսով, հանրագումարի բերելով վերը շարադրվածը, կարելի է եզրահանգել, որ դարավոր ընդմիջումից հետո գերմարդկային ճիգերով ավելի քան մեկ դար առաջ Հայաստանի անկախության վերականգնման ու կարճատև գոյության ընթացքում ինքնիշխան անկախ պետականության ձևավորումը հայոց նորագույն պատմությունը սկզբնավորող գործընթաց էր, որում ձևավորված ժողովրդավարական կառույցները, ազգային ու հոգևոր արժեքները` որպես պատմական փորձ ու դաս, անշուշտ, ժառանգաբար փոխանցվել ու դեռևս կփոխանցվեն մերօրյա` Երրորդ հանրապետությանը՝ իբրև բոլոր առումներով հայ ժողովրդի հետագա առաջընթացին ու բարգավաճմանը նպաստող գործոններ:
Մեզ համար պատմականորեն ու ճակատագրորեն շատ թանկ, հաղթական Մայիսի կապակցությամբ հարկ է նաև ընդգծել, ներքին հոգևոր կապ կա Մայիսի 28-ի և Սեպտեմբերի 21-ի միջև, այն որ Հայաստանի ներկայիս հանրապետությունը, ըստ էության, Առաջինի իրավահաջորդն է և հոգեհարազատ ժառանգորդը, ասել է թե՝ առանց Առաջին հանրապետության, ամենայն հավանականությամբ, չէր լինի նաև այսօրվա Հանրապետությունը: Հենց դրանում է Մայիս 28-ի, եռագույնի և Սեպտեմբերի 21-ի խորհուրդը: Վերը ասվածին պետք է հավելել նաև այն ճշմարտությունը, որ Հայաստանի առաջին հանրապետության կերտողը հայ ժողովուրդն է, իսկ իբրև նրա քաղաքական կամքի ու համազգային նպատակների արտահայտիչ, անշուշտ, իր անուրանալի դերակատարությունն է ունեցել ՀՅԴ կուսակցությունը:
Հոդվածի առաջին մասը՝ այստեղ
«Դրօշակ», թիվ 6 (1640), հունիս, 2020 թ.