Հայաստանի Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության իրավաքաղաքական հարցերի շուրջ
03 Հուլիս 2020 Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պարբերաբար հետապնդվում էր դատական իշխանությունը քաղաքական իշխանությանը ենթարկելու հարցը։ Քաղաքական մեծամասնությունը, շահարկելով ժողովրդի լայն աջակցությունը, որը գերզգացական պայմաններում Ազգային ժողովի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքի շուրջ ձևավորված «Իմ քայլը» դաշինքին տվել էր 70 % և ավելի ձայն, պարբերաբար պնդում էր, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը։ Որպես ժողովրդի վստահության մարմնավորող նրանք նկատի ունեն իրենց՝ կառավարությանը, Ազգային ժողովի մեծամասնությանը և անշուշտ Նիկոլ Փաշինյանին։ Որպես վստահության դրսևորում նրանք պահանջում էին դատական իշխանության անմնացորդ նվիրվածություն և դատավճիռների կայացում այն անձանց նկատմամբ, որոնք, ըստ իշխանությունների, հանցագործներ են և պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իշխանության համար հարյուրերորդական են արդարադատության հիմնարար սկզբունքները և մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Եթե իշխանությունը հայտարարում է, որ այս կամ այն անձը հանցագործ է, ուրեմն դատական իշխանության և իրավապահ մարմինների գործունեության նպատակը պետք է լինի կազմել մեղադրականը և դատապարտել այդ անձանց, ընդ որում` ոչ թե ըստ էության դատաքննության հիման վրա, այլ ի սկզբանե խափանման միջոցն ընտրելու պահից։ Սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում հանրային հնչեղություն ունեցող քրեական հետապնդման դեպքերում ամենից հաճախ կիրառված խափանման միջոցը հենց կալանավորումն է։Այսպիսի պայմաններում բոլոր այն դատարաններն ու դատավորները, որոնք կարող են ընդդիմանալ այս կատեգորիկ պահանջին, արժանանում են քաղաքական իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի անարգանքին։ Վերջինս կարող է կոչով և ցուցումով կազմալուծել դատարանների ու դատավորների աշխատանքը՝ կազմակերպելով դատարանների շրջափակում։ Ընդ որում, գործադրվող միջոցառումները կախված են նաև քննվող գործի բնույթից և մեղադրվող անձից։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի երկրորդ նախագահի մասին է, որին Նիկոլ Փաշինյանը հռչակել է դարի հանցագործ, զսպվածության որևէ դրսևորում և բառապաշարի ու գործողության որևէ սահմանափակում չի գործում։ Ընդհակառակը` խրախուսելի են այն բոլոր մեթոդներն ու միջոցները, որոնք ավելի շատ կցուցադրեն երկրորդ նախագահի և վերջինիս շրջապատի նկատմամբ կիրառվող դաժանությունը։ Իսկ այն դատավորներն ու դատարանները, որոնք կփորձեն իրավունքի գերակայության սկզբունքը գործադրել ու արդարադատություն իրականացնել և կարող են որոշակի առումով շեղվել կույր դաժանության չափանիշից, իշխանության համար դառնում են նախկին հանցավոր ռեժիմի սպասարկուներ և անցանկալի անձինք, ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատուներ։

Սա է այն հիմնական դրդապատճառը, որն իրականում քաղաքական իշխանությանը մղում է ամեն գնով ազատվելու դատական համակարգի անցանկալի անձանցից։ Դրա արտահայտման առավել ցայտուն օրինակը Սահմանադրական դատարանի նախագահից և իր կողմից չնշանակված դատարանի անդամներից ազատվելու` մեկ տարուց ավելի ձեռնարկված գործողություններն են։
Հակաիրավական տարբեր մեթոդների անարդյունք գործադրումից հետո (դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի նախագահի և նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումներ, Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ սպառնալիքներ, նրանց օրինական կերպով կաշառելու փորձեր, վարկաբեկման կազմակերպված արշավներ, անցանկալի դատավորներից ազատվելու համար ապօրինի հանրաքվեի առաջադրում ու կորոնավիրուսի պատրվակով դրա կասեցում և այլն) քաղաքական իշխանությունը որոշեց դիմել հայոց անկախ պետականության պատմության մեջ դեռևս չլսված ու չտեսնված ապօրինության։ Մի քանի ժամվա ընթացքում քաղաքական մեծամասնությունը միայնակ փոփոխության ենթարկեց Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Շտապողականության թիվ մեկ պատճառը, անշուշտ, առնչվում է Սահմանադրական դատարանում քննարկվող գործերից մեկին, որը հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի հարցը կամ, որ առավել ճիշտ է, քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության` Հայաստանի Սահմանադրության համապատասխանության հարցի քննարկումը։ Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանը այս հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Այս երկու կառույցներից էլ ստացվել էին կարծիքներ, որոնց համադրումն ակնհայտորեն վկայում էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը մեծ հավանականությամբ կփաստեր, որ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրվող մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրությանը։ Իսկ սա կնշանակեր, որ շուրջ երկու տարի հասարակությանը կեղծ թեզերով սնուցած քաղաքական թիմն ու նրան պաշտպանող իրավական հարցերով աջակիցները կոպտագույն սխալ են թույլ տվել։ Հետևաբար չեղարկելու համար այս հնարավոր զարգացումը քաղաքական իշխանությունը գնաց մեկ օրվա ընթացքում (22.06.2020 թ.) Սահմանադրությունը հակասահմանադրական, հակաքաղաքական, ժողովրդավարական կանոնների կոպիտ խախտմամբ փոխելու տարբերակի գործադրմանը։ Անգամ արհամարհվեց նույն իշխանության խնդրանքով Վենետիկի հանձնաժողովից պատշաճ տեսակետ ստանալու նախաձեռնությունը, որի մասին իր կարծիքում նշեց այս հանձնաժողովը։
Այսպիսով, քաղաքական իշխանությունը որոշել էր ամեն գնով, մի քանի օրվա ընթացքում հասնել իր նպատակին՝ ազատվել Սահմանադրական դատարանի իր համար անցանկալի դատավորներից և դատարանի նախագահից։ Արհամարհելով Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը` իշխանությունը Սահմանադրության փոփոխության տեքստը ոչ միայն չուղարկեց Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությամբ ամրագրված նախնական սահմանադրական վերահսկողությունը պատշաճ իրականացնելու համար, այլև նույն օրը փոփոխության ենթարկեց նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը՝ զրկելով հանրապետության նախագահին Սահմանադրության տեքստը ստորագրելու և հրապարակելու լիազորությունից։ Բացի այդ` նույն քաղաքական մեծամասնությունը, որ ամիսներ առաջ սահմանադրական խախտումներով որոշել էր 2020 թ. ապիլի 5-ին հանրաքվեի միջոցով փոխել Սահմանադրության նույն հոդվածը` առանց նույնիսկ ձևական առումով այդ որոշումը վերացնելու, այս անգամ որոշեց փոփոխել Սահմանադրության նույն հոդվածը, այս դեպքում` այլ ձևակերպմամբ և արդեն որպես Ազգային ժողով։ Այս ամենը, սակայն, միայն ընթացակարգային առումով, մինչդեռ բովանդակային տեսանկյունից նույնպես Սահմանադրության փոփոխված 213-րդ հոդվածը պարունակում է բազմաթիվ խութեր և իրավական պետության սկզբունքները ոտնահարող ձևակերպումներ։
Ի՞նչ է ներկայացնում Սահմանադրության 213-րդ հոդվածը։
Նախ նշենք, որ 213-րդ հոդվածը Սահմանադրության անցումային դրույթներից է, կարգավորում է դատական իշխանությանը վերաբերող սահմանադրական հոդվածների ուժի մեջ մտնելու պահին և դրանից հետո Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վերաբերող հարցերը: Մինչև փոփոխություն կատարելը հոդվածում նշված էր. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»։ Ընդ որում, այս ձևակերպման առաջին նախադասության միտքն ամրագրված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածում, որին առանձին անդրադարձ կկատարենք փոփոխության վերլուծության և իրավական հակասությունների բացահայտման բաժնում։
Մի քանի ժամվա ընթացքում փոփոխության ենթարկված 213-րդ հոդվածը վերաձևակերպվել է այսպես.
«1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:
3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո»: Փորձենք դիտարկել այս փոփոխությունները մի քանի տեսանկյունից։
Սահմանադրության փոփոխության ընդունման իրավականության մասին
Այս փոփոխությունը, ինչպես նշեցինք, չուղարկվեց Սահմանադրական դատարան, այն դեպքում, երբ Սահմանադրության 168-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանը լիազորված է կայացնել որոշում՝ արդյոք առաջարկվող փոփոխությունը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը: Այս լիազորությունը բխում է Սահմանադրական դատարանի կարգավիճակից՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը և իրականացնել նախնական սահմանադրական վերահսկողություն: Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ Սահմանադրության փոփոխության հարցով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովը: Մինչդեռ քաղաքական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, քվեարկությամբ հատուկ մերժեց Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունները ներկայացնելու առաջարկը։ Այս գործողությամբ քաղաքական մեծամասնությունը, փաստորեն, Ազգային ժողովին զրկեց իր սահմանադրական պարտականությունը կատարելուց, պարտադրեց շրջանցել Սահմանադրական դատարանը, ինչպես նաև զրկեց վերջինիս իր սահմանադրական պարտականությունները և հակակշիռ լինելու գործառույթը կատարելուց: Այս քայլը մտածված էր ի սկզբանե, քանի որ քաղաքական մեծամասնությունը քաջ գիտակցում էր, որ այս փոփոխությունները բազմաթիվ հակաիրավական դրույթներ են պարունակում։ Սահմանադրության փոփոխությունը դատարան չներկայացնելու պատճառն էր այն, որ քաղաքական մեծամասնությունն առաջնորդվում էր քողարկված հրատապությամբ, և այն, որ իբր Սահմանադրական դատարանը չի կարող իր անդամների վերաբերյալ հարց քննարկել կեղծ հիմնավորմամբ։ Խախտվեցին նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրինականության և 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքները:
Այս խախտումները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, համարվում են առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց համար նախատեսված են ազատազրկման տեսքով պատիժներ՝ 10-15 տարի ժամկետով:
Իրավունքի վերաբերյալ միջազգային սկզբունքներին համապատասխանության մասին
Ինչպես նշեցինք, Սահմանադրության անցումային դրույթ համարվող 213-րդ հոդվածը վերաբերում է Սահմանադրական դատարանի` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն` 2018 թ. ապրիլի 9-ը ընտրված անդամների և նախագահի պաշտոնավարմանը: Այս դրույթի նպատակն է ապահովել դատարանի գործունեության շարունակականությունը և դատավորների անկախության երաշխավորությունը: Սրանք միջազգային չափորոշիչներ են: Դրանց մասին նշվում է ինչպես միջազգային հիմնարար փաստաթղթերում, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված կարծիքներում: Մինչդեռ ընդունված փոփոխությունը հակասում է դատարանի և դատավորի անկախության միջազգային ընդունված սկզբունքներին, ինչպես նաև չի համապատասխանում միջազգային իրավական փորձաքննության առաջարկներին:
Ինչո՞ւ է Սահմանադրության անցումային դրույթը կարևոր
Սահմանադրության 213-րդ հոդվածի դրույթներին համանման դրույթներ սահմանված են նաև Սահմանադրության անցումային մյուս հոդվածներում՝ սահմանադրական այլ մարմինների ու պաշտոնատար անձանց համար: Օրինակ՝ գլխավոր դատախազի, դատավորների և դատարանների ու Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների, համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, մարդու իրավունքների պաշտպանի, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների, Հաշվեքննիչ պալատի անդամների, Կենտրոնական բանկի խորհրդի անդամների համար սահմանված են նույնական անցումային դրույթներ:
Սա տրամաբանական է, քանի որ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը չի կարող խաթարել պետական իշխանության բնականոն գործունեությունը: Ընդհակառակը` անցումային դրույթները, ներառյալ Սահմանադրական դատարանին վերաբերող դրույթը, ապահովում են այդ անցնցում անցումը: Հետևաբար անցումային բոլոր դրույթները պետք է դիտարկել համակարգային կապով պայմանավորված մեկ ամբողջության մեջ: Սակայն ընդունված փոփոխությունը վերաբերում է միայն Սահմանադրական դատարանին և այն էլ այն անդամներին, որոնք, ըստ էության, ընտրվել են (նշանակվել են) Հայաստանում ոչ ներկայումս իշխող քաղաքական ուժի կողմից: Ավելին, բացի անձնավորված քաղաքական շահադիտությունից, որևէ ողջամիտ բացատրություն չի տրվում Սահմանադրական դատարանի գործող կազմը փոփոխելու հարցում քաղաքական իշխանության շտապողականությանը: Սա ակնառու է, քանի որ արդեն իսկ ձևավորվել է սահմանադրական առավել լայն փոփոխություններ մշակող հանձնախումբ: Այսինքն՝ առաջարկվող փոփոխությունը հակահամակարգային է: Ավելին` այն անձնավորված և խիստ քաղաքականացված է, ինչը չի համապատասխանում դատական համակարգի ինքնուրույնության հիմնարար սկզբունքին:
Կամակատար Սահմանադրական դատարան ունենալու հնարավոր նպատակների ու ազդեցությունների մասին
Ինչպես նշեցինք, արագընթաց փոփոխության հիմնական շարժառիթը քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով սպասվելիք Սահմանադրական դատարանի որոշումն էր։ Փոխելով Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասին` օրվա իշխանությունը կանխում է նաև այս զարգացումը։ Բացի այդ, նկատի առնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները, մամուլում ներկայացված հրապարակումները և քաղաքական իշխանության ներկայացուցիչների ջղաձիգ կեցվածքը, կարող ենք ողջամտորեն կասկածել, որ հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն անհրաժեշտ է ինչպես անմեղության կանխավարկածն արհամարհող, աղմկահարույց քրեական գործերով քաղաքական պատվերն իրավական ուղեկցմամբ սպասարկելու համար, այնպես էլ այնպիսի հարցերի, որոնք կարող են առնչվել Արցախին, հայ-թուրքական հարաբերություններին, պետության կառավարման սահմանադրական կարգին և/կամ ազգային արժեհամակարգերին: Սա այն դեպքում, երբ երկրի ներկա վիճակը, պայմանավորված կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության առկայությամբ, բացարձակապես անհարիր է իրավական և քաղաքական նոր ճգնաժամերի առաջացմանը։ Բացի այդ` գաղտնիք չէ, որ քաղաքական գործընթացները, հատկապես դատական իշխանության ներքաշմամբ, ներդրումային բարձր ռիսկերի ցուցիչներ են: Հետևաբար այսպիսի քաղաքական ակտիվության պայմանները կասեցնում են տնտեսության ոլորտում ներդրումները, ավելորդ սպասողականություն են ձևավորում տնտեսվարող սուբյեկտների մոտ, անվստահության մթնոլորտ է ձևավորվում քաղաքական կայունության առումով և այլն:
Ուստի քաղաքական իշխանության այսպիսի արկածախնդրությունը երկիրը կանգնեցնում է անհաղթահարելի իրավիճակի առաջ:
Սահմանադրության փոփոխության իրավական անհստակությունների և հակասությունների մասին
Ինչպես վերը տեսանք, Սահմանադրության 213-րդ հոդվածը մինչև փոփոխությունը կազմված էր երկու մասից: Առաջին մասն իրացվել է 2018 թ. ապրիլի 9-ին և ըստ էության, սպառել է իր կարևոր գործառույթը՝ ապահովել է Սահմանադրության` ամբողջությամբ ուժի մեջ մտնելու անխոչընդոտ անցումը: Հետևաբար, երբ փոփոխվում է արդեն իսկ իրացված իրավական նորմը, անհասկանալի է, թե ինչ հետևանքների է հանգեցնելու նոր կարգավորումը, հատկապես վատթարացնող իրավանորմի հետադարձ ուժի կիրառման արգելքի գործադրման պայմաններում: Մասնավորապես որո՞նք են 2018 թ. ապրիլի 9-ից մինչ օրս պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների կողմից կայացված որոշումների իրավական հետևանքները, ինչպե՞ս և ի՞նչ ծավալներով են իրացվելու նրանց՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված սոցիալական երաշխիքները և այլն:
Երկրորդ մասով սահմանված էր, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2018 թ. ապրիլի 9-ից հետո, Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրումը կատարվելու էր հետևյալ հաջորդականությամբ՝ հանրապետության նախագահ, դատավորների ընդհանուր ժողով և Կառավարություն: Հարկ է արձանագրել, որ 2018 թ. ապրիլի 9-ից հետո այս հոդվածը մի քանի անգամ կիրառվել է: Այսպես, հանրապետության նախագահի կողմից մի քանի անգամ առաջադրվեցին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներ, որոնց քաղաքական մեծամասնությունը մերժեց, ապա պարտադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, վերջինիս ընտրեց Սահմանադրական դատարանի անդամ, ով իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու իր իրավասությունը իրացրեց 2018 թ. սեպտեմբերի 18-ին, երբ ընտրվեց Արման Դիլանյանը, որը, թեև ընտրվել է նախորդ խորհրդարանի կողմից, բայց ներկա քաղաքական իշխանության համար ընդունելի է: Եթե չլիներ փոփոխությունը, ապա Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուի առաջադրման հերթը Կառավարությանն էր, որը, ի դեպ, Սահմանադրական դատարանի` մինչև փոփոխությունը առկա կազմի պայմաններում կհասներ 2021 թ. հունվար, երբ լրանալու է պաշտոնավարման համար նախատեսված փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի տարիքը:
Այսինքն` 213-րդ հոդվածի երկրորդ մասը մինչև փոփոխվելը գործել է և երկու դեպքում կիրառվել: Ընդունված փոփոխությամբ փոխվել է նաև այս կարգավորումը, և հաջորդականության առումով առաջ է բերվել Կառավարության առաջադրման հերթը: Այսինքն` բավական չէ, որ փոխվում է թեկնածուի առաջադրման հերթականությունը, նոր կարգավորման համաձայն, ըստ էության, նախատեսվում է մի ժամանակահատված, երբ երկիրը չի ունենա իրավազոր Սահմանադրական դատարան և դատարանի նախագահ (անկախ ժամանակահատվածից` կազմալուծվում է սահմանադրական արդարադատության համակարգը): Նոր կարգավորման մեկ այլ խառնաշփոթ էլ առաջանում է, երբ դիտարկում ենք փոփոխության 1-ին և 4-րդ մասերը՝ համադրելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի հետ: Փոփոխության 1-ին մասում նշվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը` դադարած։ Նույնը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների 4-րդ մասում նշված ՍԴ նախագահին։ Իսկ արդեն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Այսինքն` ստացվում է, որ սահմանադրական օրենքի և Սահմանադրության փոփոխությունների միջև առկա է առերևույթ հակասություն, որպիսի փաստը պետք է հաստատվի Սահմանադրական դատարանի կողմից։
Այնուամենայնիվ, քանի դեռ առկա է այս հակասությունը, Սահմանադրական դատարանի գործող նախագահը և դատավորներն ունեն առարկայորեն հաստատված իրավունքներ, ինչպես նաև դրանց խախտման դեմ պայքարի լիակատար պաշտպանության իրավունք։ Այս իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով, ինչպես նաև հստակ ներկայացված է աշխատանքային ու վարչական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։ Վերջին առումով չափազանց կարևոր է նաև ամրագրել, որ նկարագրված չէ, թե Սահմանադրության փոփոխության հիմքով դատարանի անդամի լիազորությունների դադարեցումը ինչպես է հաստատվում, ինչ իրավական ակտով, որ պահից և այլն։ Այս բոլորը իրավական առումով անորոշ են, հետևաբար նաև չարաշահումների տեղիք են տալիս և դատավորների իրավունքների խախտման համար պարարտ հող են ստեղծում։ Ի վերջո, ըստ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, դատավորի թափուր տեղերի առաջանալու մասին պաշտոնական ծանուցման պահը հստակ սահմանելը չափազանց կարևոր է թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրող իրավասու մարմինների համար, քանի որ նրանց համար օրենսդրությունը սահմանել է կոնկրետ ժամկետներում պարտադիր կատարման գործողություններ, որոնք ճշգրիտ կերպով չկատարելը հանգեցնում է սահմանադրական նոր խախտումների։ Այսպիսով` հապճեպ իրականացված փոփոխությունը չի բավարարում իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին, որն անշուշտ չէր լինի, եթե Սահմանադրության փոփոխությունը ներկայացվեր և ընդունվեր Սահմանադրությամբ սահմանված կանոններին համապատասխան։
Այնուամենայնիվ, Սահմանադրության փոփոխության ամբողջական իրականացումը, ըստ էության, հանգեցնելու է Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության նոր կազմի ձևավորմանը, և այն կքաղաքականացվի (կկուսակցականացվի)։ Սա կրում է անընդհատ բնույթ՝ հակասելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման, դատական իշխանության ապակուսակցական (ապաքաղաքական) լինելու միջազգային, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված հիմնարար սկզբունքներին:
Ամփոփելով արձանագրենք, որ այս խնդիրներն արդյունք են քաղաքական իշխանությունների անհեռանկար, նեղ անձնական ու խմբային շահերն ազգային-պետական շահերից վեր դասելու անթաքույց գործողությունների։ Պետական իշխանության յուրացման և սահմանադրական կարգն առերևույթ տապալելու այս գործողությունները, ցավոք սրտի, ստվեր են նետում հայոց պետականության ներկա ընթացքի վրա։
Արծվիկ Մինասյան
«Դրօշակ», թիվ 7 (1641), հուլիս, 2020 թ.