Կոչ
05 Օգոստոս 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցության ամբողջ ընտանիքի անունից, ի հայրենիք և ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և լիբանանահայությանը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի հետևանքով արձանագրված մարդկային, բարոյական և նյութական անգնահատելի կորստի և վնասների համար:Մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին, դժվարին այս պայմանները հաղթահարելու համար:

Մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Լիբանանի մեր համայնքը եղել է, է՛ ու կմնա հայ ժողովրդի կարևոր մեկ օղակը, որը մի՛շտ ու անվերապահորեն իր առավելագույնն է նվիրաբերել մեր ժողովրդի հավաքական բագինին, և մղձավանջային պայմանների բերումով այսօր ի՛նքն է գտնվում աննախընթաց լրջագույն մարտահրավերների դիմաց: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությունը, ընկերային-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը եւ այս բոլորին զուգահեռ սարսափելի պայթյունը իրավամբ դարձել են անտանելի ու անհասկանալի` մարդկային բանականության համար։
ՀՅԴ Բյուրոն, ահասարսուռ պայթյունի առաջին իսկ վայրկյանից, մնայուն կապի մեջ է Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հետ և մոտիկից հետևում է դեպքերի զարգացմանը: Հարվածը և ստացած մարդկային, բարոյական ու նյութական վնասը աննախադեպ է:
Վստահ ենք, որ Հայաստանի և Արցախի մեր պետությունները պիտի գործնականորեն օժանդակություն ցուցաբերեն լիբանանահայ համայնքին:
Կոչ ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդին ճգնաժամի այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին:
Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր Մարմինները, երիտասարդական/ուսանողական միավորները, ինչպես նաև մեր ուղեկից միությունները` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, Հայ Դատի գրասենյակները եւ հանձնախմբերը՝ իրենց ամբողջ ներուժը արդեն իսկ զորաշարժի են ենթարկել ի խնդիր Լիբանանանի հայության օժանդակության:
Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը և մեկ անգամ ևս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինելու մեր հավատամքը:
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
5-ը օգոստոսի, 2020 թ.
Արեւմտահայերեն տարբերակը
Կոչ
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ամբողջ ընտանիքի անունով, ի հայրենիք եւ ի սփիւռս աշխարհի, մեր անվերապահ զօրակցութիւնը կը յայտնենք Լիբանանի եղբայրական ժողովուրդին եւ լիբանանահայութեան, Պէյրութի նաւահանգիստին մէջ տեղի ունեցած ահաւոր պայթումին հետեւանքով արձանագրուած մարդկային, բարոյական եւ նիւթական անգնահատելի կորուստին եւ վնասներուն համար:
Մեր խորազգաց ցաւակցութիւնը կը յայտնենք անմեղ զոհերուն ընտանիքներուն, շուտափոյթ ապաքինում կը մաղթենք վիրաւորներուն, կամք ու կորով` լիբանանահայ մեր քոյրերուն եւ եղբայրներուն, դժուարին այս պայմանները յաղթահարելու համար:
Անգամ մը եւս կը հաստատենք, որ Լիբանանի մեր գաղութը եղած է, է՛ ու կը մնայ հայ ժողովուրդի կարեւոր մէկ օղակը, որ մի՛շտ ու անվերապահօրէն իր առաւելագոյնը նուիրաբերած է մեր ժողովուրդի հաւաքական բագինին, եւ մղձաւանջային պայմաններու բերումով այսօր ի՛նք կը գտնուի աննախընթաց լրջագոյն մարտահրաւէրներու դիմաց: Վերջին մէկ տարուան ընթացքին երկրէն ներս տիրող քաղաքական անկայունութիւնը, ընկերային-տնտեսական-ելեւմտական ճգնաժամը, թագավարակը եւ այս բոլորին զուգահեռ սարսափելի պայթումը իրաւամբ դարձած են անտանելի ու անհասկնալի` մարդկային բանականութեան համար։
Հ.Յ.Դ. Բիւրօն, ահասարսուռ պայթումի առաջին իսկ վայրկեանէն մնայուն կապի մէջ է Լիբանանի Կեդրոնական Կոմիտէին հետ եւ մօտէն կը հետեւի դէպքերու զարգացումին: Հարուածը եւ ստացուած մարդկային, բարոյական ու նիւթական վնասը աննախադէպ են:
Վստահ ենք, որ Հայաստանի եւ Արցախի մեր պետութիւնները գործնապէս օժանդակութիւն պիտի ցուցաբերեն լիբանանահայ համայնքին:
Կոչ կ՛ուղղենք հայրենի եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդին` ամուր կանգնելու լիբանանահայութեան կողքին, ճգնաժամի այս պահուն:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բոլոր մարմինները, երիտասարդական/ուսանողական միաւորները, ինչպէս նաեւ մեր ուղեկից միութիւնները` Հ.Օ.Մ., Համազգային, Հ.Մ.Ը.Մ., Հայ Դատի գրասենեակները և յանձնախումբերը՝ իրենց ամբողջ ներուժը արդէն իսկ զօրաշարժի ենթարկած են, ի խնդիր Լիբանանանի հայութեան օժանդակութեան:
Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրաւենք այս արհաւիրքը եւ անգամ մը եւս ապացուցենք մէկ ու միասնական ազգ ըլլալու մեր հաւատամքը:
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
5 Օգոստոս, 2020 թ.