Ընկերվարական Երիտասարդները Միջազգային Միության Բանաձևը` Հայոց Ցեղասպանութեան 100 ամյակի վերաբերյալ
10 Օգոստոս 2020
2015 թ. մայիսի 8-9-ին Հայաստանում տեղի ունեցած աշխարհի մեծագույն երիտասարդական, քաղաքական կազմակերպության` Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային Խորհրդի ժողովը ընդունեց բանաձև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ»:
ՀՅԴ Երիտասարդականի կողմից ներկայացված բանաձևի քննարկումն անցավ աշխուժ մթնոլորտում: Բանաձևի ընթերցումից հետո, ձայնի իրավունք խնդրեցին Իսրայելի, Բուլղարիայի, Չադի, Ուգանդայի և Գերմանիայի պատվիրակությունների ներկայացուցիչները: Հակառակ կազմակերպության ժողովարարական կանոնների, ըստ որոնց ամեն մի բանաձև ներկայացնելուց հետո միայն մեկ կողմ կամ դեմ ելույթի իրավունք է տրվում` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացնելուց հետո հինգ հոգու ելույթի իրավունք տրվեց` ամեն անգամ առանձին քվեարկությամբ հաստատելով ելույթի իրավունքը, քանի որ այն հակասում է ժողովի կանոններին:
Իսրայելի Աշխատաւորական կուսակցության ներկայացուցիչը խոսեց հրեաների ու հայերի պատմական նույն ճակատագիրը կիսելու փաստի մասին: Կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատճառներից մեկը հայերի` ազգային պետականություն չունենալն է եղել: Հրեա պատվիրակը իր կազմակերպության անունից հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հարցը տեղ է գտնելու Կնեսեթի օրակարգում: Ըստ նրա, Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Բուլղարիայի ընկերվարական կուսակցության երիտասարդական կառույցի ներկայացուցիչը զորակցություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման պահանջին: Ըստ նրա Հայոց ցեղասպանությունը պատմությանը չի պատկանում: Թուրքիայի հաջորդական կառավարությունների եւ հատկապես Էրդողանի վարչակարգի ժխտողական քաղաքականությունը այն դարձրել է այժմեական խնդիր:
Հեռավոր Չադից Երեւան ժամանած ապատվիրակության ներկայացուցիչը խոսելով ժողովին ներկա աֆրիկյան պետությունների պատվիրակությունների անունից, կոչ արեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ զորակցություն հայտնեց ՀՅԴ Երիտասարդականին` մաղթելով ուժ եւ կամք, արդարության համար մղվող պայքարում:
Թուրքիայի կառավարությանը ճանաչման եւ հատուցման կոչ անելով, Արեւմտյան Սահարայի ընկերվար երիտասարդը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը զուգորդվել է հայերի հայրենազրկմամբ` իրենց պապենական հողերից եւ դժբաախտաբար նույնը տեղի է ունենում այսօր `աշխարհի տարբեր ժողովուրդների հանդեպ:
Ուգանդացի ներկայացուցիչը, որը նաև ԸԵՄՄ փոխնախագահն է, իր խոսքում շեշտը դրեց 1915թ. Հայոց ցեղասպանության հանդեպ Արևմուտքի լռության վրա. կոչ արեց միասնաբար պայքարել, որ մարդկության հանդեպ նման հանցագործություններ այլևս տեղի չունենան:
Հատկապես ուշագրավ էր Գերմանիայի ընկերվարական կուսակցության երիտասարդականի ներկայացուցչի ելույթը: Ըստ նրա, Գերմանիան ոչ միայն պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, որն արդեն իսկ ընդունել է, այլ նաեւ Թուրքիայի հետ միասին կրի պատասխանատվության իր բաժինը:
Այնուհետև պատվիրակները միաձայն ընդունեցին ՀՅԴ Երիտասարդականի կողմից ներկայացված բանաձեւը: Այն իր տեսակի մեջ եզակի է այն առումով, որ միջազգային երիտասարդական-քաղաքական մակարդակում նման կշիռ և ընդգրկում ունեցող կազմակերությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը զուգահեռ, պահանջում է թուրքական կառավարությունից անհապաղ ձեռնարկել միջոցառումներ ցեղասպանության հետևանքների հատուցման համար:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
Ստորև ներկայացվում է վերոհիշյալ բանաձևը.
Բանաձև Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի վերաբերյալ
Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միությունը (IUSY) լինելով հավատարիմ հետևորդ` արդարության սկզբունքներին, ժողովրդավարությանը, հավասարությանն ու մարդու իրավունքներին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ այս տարի` աշխարհում հիշատակվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Հայոց ցեղասպանությունը մի շարք այլ ցեղասպանությունների նախադեպ դարձավ, քանի որ դարասկզբի առաջին ցեղասպանությունն անպատժելի մնաց: Հայոց ցեղասպանության ընթացքում կիրառված միջոցներն ու ձևերը օրինակ դարձան նաև հետագա ցեղասպանությունների համար:
Միջազգային իրավունքի համաձայն` ցեղասպանությունը հանցագործություն է և հակառակ ԸԵՄՄ-ի ոգուն և նպատակներին:
Հետևաբար`
- ԸԵՄՄ-ն դատապարտում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, որը նախատեսվել և իրականացվել է Օսմանյան կայսրության և թուրքական տարբեր իշխանությունների կողմից` 1915-1923 թվականներին: Այս տարիների ընթացքում ավելի քան 1.5 մլն հայեր, որոնք ապրում էին իրենց նախնիների հայրենիքում (որն այսօր հայտնի է, որպես Արևելյան Թուրքիա) դաժանորեն ոչնչացվել են, իսկ ժառանգությունը առգրավել կամ հիմնականում ավերվել է: Փոքր թվով հայեր, ովքեր ողջ մնացին, սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ:
- ԸԵՄՄ-ն խստորեն դատապարտում է թուրքական կառավարության ժխտողականությունը, և բոլոր այն փորձերը, ուղղված` լռեցնելու եւ կաշառելու ցանկացած նախաձեռնություն, որոնք տարվում են Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման դեմ: ԸԵՄՄ-ն հավատում է, որ ցեղասպանության ժխտումը կրկնակի հանցագործություն է, որը պետք է պատժվի:
- ԸԵՄՄ-ն աջակցում է ՀՅԴ Երիտասարդականին և հայ ժողովրդին` կոչ անելով Թուրքիային սկսել անհապաղ գործընթանցներ հետևանքների վերացման համար, ինչպես նաև կազմակերպել գործընթաց հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար: ԸԵՄՄ –ն հավատում է, որ սա միակ հուսալի ճանապարհն է երկու երկրների և ժողովուրդների հաշտեցման համար:
- ԸԵՄՄ–ն կրթությունը դիտում է որպես էական և կառուցողական միջոց ցանկացած ծայրահեղության դեմ պայքարելու համար: Այսպիսով մենք կոչ ենք անում մեր անդամ կազմակերպություններին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման աշխատանքներ տանել, քանի որ միայն տեղեկացնելով անցյալի ցեղասպանությունների մասին և դրանք դատապարտելով, կարող ենք կանխել նորերի իրականացումը:
09 մայիս, 2015 թ.