ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հանդիպել է լիբանանահայ ու սիրիահայ հայրենադարձներին
28 Օգոստոս 2020
«Այսօր՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի անդամ ընկերուհի Շաղիկ Մարուխյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի «Հայրենադարձների» հանձնախմբի պատասխանատու ընկերների մասնակցությամբ հանդիպում ունեցանք մի խումբ հայրենադարձների հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաեւ նշել է․«Հանդիպման ընթացքում քննարկեցինք մեր հայրենակիցների խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Խնդիրները իսկապես շատ են, ու, ցավոք, հայկական պետությունը պահանջվող քայլերը չի ձեռնարկում, որ մեր հայրենակիցների կյանքը հայրենիքում ավելի դյուրին լինի։
Մենք առաջիկայում անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի հայրենադարձված անձանց խնդիրները կարգավորվեն օրենքի ուժով։ Պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ, ովքեր վերադարձել են հայրենիք, այլ երկիր գնալու ցանկություն երբեք չունենան»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը:
Քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ ՀՅԴ ԳՄ գրասենյակում այսօր կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը, քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները:
Ողջունելով ներկաներին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության հայաստանյան կառույցն իր ողջ ներուժը մշտապես օգտագործել է՝ օժանդակելու համար հայրենադարձների՝ հայրենիքում հաստատմանը և վերջիններիս շրջանում վերստին արտագաղթի ցավալի դեպքերի նվազեցմանը:
Ըստ ԳՄ ներկայացուցչի՝ հարցերը շատ են և բազմաշերտ, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Դրանք պետք է արձագրվեն պատկան պետական մարմինների կողմից, ուսումնասիրվեն և համապատասխան ջանքեր գործադրվեն՝ արագ լուծում տալու ուղղությամբ:
Քննարկմանը ներկա լիբանանահայ և սիրիահայ հայրենադարձները մատնանշեցին իրենց հուզող և հրատապ լուծման կարոտ մի շարք հարցեր, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կետերում.
-Հայրենադարձվողներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները պարունակող հարթակների հասանելիության դյուրացում: Խոսքը ՀՀ օրենսդրության՝ հայրենադարձներին առավելապես շատ առնչվող դրույթների, ՀՀ պետական օղակների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների և այլնի մասին առավել պարզ և հասանելի հարթակների և մեխանիզմների ստեղծման մասին է: Ներկաները փաստեցին, որ շատ խնդիրներ առաջանում են իրազեկվածության պակասից, և հայրենադարձները շատ անգամ տարրական տեղեկություններ չունեն հայրենիքում իրենց առաջին քայլերի, առաջնային իրավունքների ու պարտականությունների մասին:
-Սիրիայից և Լիբանանից հայրենադարձվածների շրջանում սուր կերպով առկա է ՀՀ վարորդական իրավունքների վկայականների բացակայության կամ մեծ դժվարություններով ձեռքբերման հարցերը: Խնդիրն այն է, որ, միջազգային հանրագրերի պահանջներով պայմանավորված, ՀՀ-ում հնարավոր չէ ներկայացնել Սիրիայի և Լիբանանի վարորդական իրավունքները և ավտոմատ կերպով, առանց քննություն հանձնելու, ստանալ ՀՀ վարորդական իրավունքի վկայական: Իսկ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով քննություն հանձնելը, ըստ հայրենադարձների, կապված է բազմաթիվ դժվարությունների հետ՝ սկսած լեզվականից (քննական հարցաշարերն ու հարցատոմսերը արևելահայերեն են), մինչև մի քանի անգամ կտրվելու բերմամբ զգալի գումարների վատնում, որի հնարավորությունն այսօր գրեթե չունեն նրանք: Հայրենադարձները պահանջում են պետական պատկան օղակներից՝ հատուկ ընթացակարգերով դյուրացնել ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթացը: Հարցն առավելապես կարևորվում է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ շատերն իրենց կեցությունն ու առաջին քայլերն անելու համար ցանկանում են աշխատել որպես տաքսու կամ բեռնափոխադրամիջոցների վարորդներ:
-Հայրենադարձներին մտահոգում են նաև մի շարք երևութներ, որոնք ոչ միայն հոգեբանական, այլև նյութական իմաստով ունեն բացասական ազդեցություններ: Ըստ նրանց՝ հայաստանաբնակների կողմից բնակարանների և ծառայությունների վարձավճարները երբեմն արհեստականորեն թանկացվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ վարձակալը կամ ծառայություններից օգտվողը սփյուռքահայ է: Ներկաներից մեկն էլ բարձրաձայնեց, որ Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում սփյուռքահայ լինելու համար վիրավորել են երեխային, ինչի պատճառով ինքը երեխային հանել է այդ դպրոցից:
-Հայրենադարձների համար առանձնակի դժվարություններ են ստղծվել այն բանից հետո, երբ Լիբանանում և Սիրիայում փոշիացվել է իրենց ունեցվածքը, ինչից այս կամ այն կերպ մինչ այդ իրենք օգտվել են ՀՀ-ում բնակվելիս: Խնդիրն առաջացել է ինչպես Լիբանանում տեղի ունեցած վերջին պայթյունի, այնպես էլ դրան նախորդած դրամի արժեզրկման և տնտեսական ծանրագույն իրավիճակի ստեղծման պատճառով:
-Հայրենադարձների մոտ, բնականաբար, սուր կերպով առկա է աշխատանք չունենալու, սոցիալական և կենցաղային դժվարություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Հարցը փոքր – ինչ կարող է մեղմվել պետության կողմից տրվող հարկային որոշակի արտոնությունների դեպքում: Սույն առաջարկը ևս որոշվեց անհապաղ կերպով բարձրացնել պետական պատկան օղակների առջև:
-Հայրենադարձների շրջանում կան ընտանիքներ, որոնք ցանկանում են վերաբնակվել Արցախում: Չնայած որոշակի աշխատանքներին, այդուհանդերձ, դեռևս առկա են բազմաթիվ նյութական և այլ բնույթի դժվարություններ այս ուղղությամբ ևս: Ներկաներն այս հարցը ևս խնդրեցին բարձրացնել ՀՀ և Արցախի համապատասխան պետական կառույցների առջև:
Ամփոփելով մատնանշված խնդիրները՝ հայրենադարձները փաստեցին, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս, և խոսքը հազար ընտանիքի կամ շուրջ 4 հազար մարդու մասին է:
Վ. Սարգսյան
yerkir.am
https://youtu.be/AK1SjFBZbmw