Հրանտ Մարգարյան․ Այս պահին մենք պետք է լինենք միասնական, հայրենիքի պաշտպանության հարցը մեր գերխնդիրն է
27 Սեպտեմբեր 2020
Արամ Մանուկյանի արձանի մոտ Դաշնակցության «Շուշիի առանձնակի գումարտակ»- ի հիման վրա գործող Կամավորական շարժման համակարգողների կոչով կամավորական սկզբունքով բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել:
Ներկաներին կոչով դիմել է «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը.
«Մենք միշտ խոսել ենք ազգ-բանակի, համաժողովրդական բանակի, պահեստազորը կազմակերպելու, պատրաստ լինելու մասին։ Ցավոք, մեր կոչերը շատ ուշ են արձագանք գտել, հազիվ կարողացել ենք մե՛նք պատրաստվել։ Բայց պատրա՛ստ ենք։ Պատրա՛ստ ենք և սպասում ենք հրամանի, պատրա՛ստ ենք և ասում ենք՝ ոչ մի քաղաքական հարց, ոչ մի քաղաքական տարաձայնություն չի կարող այսօր մեր միասնականության մեջ որևէ կեղտ իջեցնել»,- հայտարարեց Հրանտ Մարգարյանը։
Նա նշեց, որ ազգովի դեպի ճակատ պետք է գնալ, դեմ դուրս գալ և ուժը դեմ տալ թշնամու հարվածներին։
«Մենք պետք է հաղթենք այս պատերազմում և այս պատերազմի հաղթանակը պետք է նվիրենք մեր եկող սերունդներին։ Գերխնդիրը թշնամին է, որին պետք է ծնկի բերել, այս պահին չունենք այլ գերխնդիր, կգա օրը, նորեն կհավաքվենք, նորեն կքննարկենք խնդիրները, բայց այսօր ունենք մեկ խնդիր՝ թշնամին ծնկի բերելու և դրան պետք է պատրաստ լինենք»։
Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ իբրև Գևորգ Չավուշի, Սերոբ Աղբյուրի, Արամ Մանուկյանի, Վարդան Դուշմանի, Թաթուլ Կրպեյանի ժառանգորդներ, ՀՅԴ-ն պետք է լինի առաջամարտիկը և գնա առջևից․ «Պետք է գնանք առջևից՝ մեզ հետ տանելով ժողովուրդն ու ազգը։ Մենք պետք է կարողանանք սովորեցնել, որ հայրենասիրությունը գործունեություն է, որ պետք է կատարվի, ոչ թե խոսք է։ Եվ այդ գործի ապացույցը պետք է լինենք մենք բոլորս»,-ասաց նա ծափերի ուղեկցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում