«Արժանապատվության երթ»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
11 Դեկտեմբեր 2020
Այսօր դեկտեմբերի 11-ին քաղաքացիները «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք Կասյան փողոցից ավտոերթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Երթի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան, հեռացիր»։
Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի հարակից հատվածում: Ակցիայից հետո քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Ոստիկանները բռնի ուժ են կիրառում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Երթի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանին։
Ոստիկանները մի քանի անգամ փորձեցին նաև բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն չհաջողվեց:
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունները ապօրինի է համարում:
«Բայց մեզ ոչ մեկ չի կարող կոտրել, հնարավոր չէ: Նիկոլը պետք է հեռանա իր բոլոր լակոտների հետ, այլ տարբերակ չկա: Միայն Նիկոլի հեռացումով է հնարավոր փրկել մեր երկիրը, հանուն դրա ամեն ինչ անելու ենք: Քանի հայ արժանապատիվ մարդը շնչում է, Նիկոլը մի րոպե հանգիստ չի ունենալու»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց միանալ ակցիայի մասնակիցներին. «Էդ խեղկատակը, Նիկոլը փողոցային ջեբկիր է, նա ջեբկիրի հոգեբանությամբ ծախել է մեր եղած-չեղածը, մի լսեք էդ սրիկային, կանգնեք արժանապատիվ մարդկանց կողքին»:
Ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելյանին՝ ոտքերից, ձեռքերից բռնած նրան տանելով մեքենա:
Մայրաքաղաքի կենտրոնում շարունակում են ընդվզումները, շենքերի բնակարաններից մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում ցուցարարներին, գոչելով՝ «Նիկոլ, դավաճան», «Քայլ արա, մերժի՛ր գժին»․․․
«Բոլոր քաղաքացիները պետք է շատ լավ հասկանան, որ սա ուղղակի պայքար չէ որևէ իշխանության համար, սա պայքար է հանուն մեր հայրենիքի փրկության: Ժողովո՛ւրդ, դուրս եկեք փողոց, հասկացե՛ք, որ իրավիճակն արդեն այլ է, իրավիճակը օրհասական է, ծախվում է մեր երկիրը, վտանգված են ՀՀ սահմանները և հայ ժողովրդի գոյությունը»,- «Արժանապատվության երթի» ժամանակ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա նկատեց. «Այս անհասկանալի, բիրտ ուժի կիրառմամաբ չեն կարող մեզ լռեցնել, չենք թւոյլ տալու այս դավաճան պլանը հասնի իր ավարտին»։
Նկատառմանը, թե ՀՅԴ Իշխան Սաղաթելյանին բերման են ենթարկել, ձեզ ևս կարող են բերման ենթարկել, նա պատասխանեց. «Եթե դուրս ենք եկել պայքարի, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, բայց որևէ բանով մեզ չեն կարողանալու վախեցնել, որևէ բանով մեզ հնարավոր չէ վախեցնել»:
Նա վստահեցրեց՝ ՀՀ քաղաքացիներն իրականացնում են օրենքով թույլատրված ակցիաները ու չի հասկանում, թե ինչու են ոստիկաններն ուժ կիրառում ՀՅԴ անդամների, ղեկավարի ու ակցիայի այլ մասնակիցների նկատմամբ. «Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ հիմքով»:
ԱԱԾ նախկին տնօրենը ասաց. «Ես համոզված եմ, որ մեր ոստիկաններից շատերը, 95 և ավել տոկոսը հայրենասեր մարդիկ են, ծառայում են իրենց հայրենիքին, ծառայում են իրենց պետությանը: Կարող է՝ այս պահին մոլորված են, բայց ես համոզված եմ, որ մեր ոստիկանները շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և հասկանալու են, որ չպետք է ծառայեն դավաճաններին:
https://youtu.be/ncN61E0XmHw