Արժանապատվության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
15 Դեկտեմբեր 2020
Այսօր դեկտեմբերի 15-ին, քաղաքացիները «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Սասունցի Դավիթ արձանի մոտից։ Երթի մասնակիցները պարերաբար կոչ են անում միանալ երթին, միանալ և ոչ ասել Նիկոլին: Նրանք վանկարկում են միացեք, «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»: Երթին մասնակցում են բազմահազար քաղաքացիներ։ Երևանի փողոցներում վարորդները ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին։
Պարբերաբար հայտարարություններով հանդես են գալիս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ եւ անհատներ։
Իշխան Սաղաթելյանը մասնավորապես կոչով դիմեց իրավապահ համակարգի եւ ուժային կառույցների պաշտոնաթող եւ ծառայության մեջ գտնվող սպաներին եւ հորդորեց չենթարկվել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին. «Մեզ միանում են նոր քաղաքացիներ, միանում են տարբեր մարզերից, միանում են նաև այս օրերին պետական և ուժային համակարգից դուրս եկած պատվախնդիր մի շարք սպաներ, որոնք հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները։ Եկեք բոլորս ողջունենք այն սպաներին, ովքեր հրաժարվում են կատարել այդ խելագարի հրահանգները»:
Ես հիմա ուզում եմ դիմել մեր այն քաղաքացիներին, ովքեր Արևմտյան Հայաստանի սերնդի ժառանգորդներն են․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը երթի ժամանակ։
«Դիմում եմ հատկապես այն քաղաքացիներին, ովքեր բնակվում են Ապարանի, Թալինի, Աշտարակի, Արարատի բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ իրենց պապերը եկել և Հայաստանում կերտել են իրենց ապագան։ Մեր պապերը հայրենիքի կարոտը իրենց հայացքներում հեռացան աշխարհից, որպեսզի երբեք որևէ հայ այլևս չկորցնի հայրենիքը, որպեսզի մենք, ձեզ հետ միասին, վերատիրանանք մեր հողի։ Եվ այսօր, երբ դավաճանական գործողությունների հետևանքով մենք կորցրել ենք հայրենք, հող և այդ գործողությունների հետևանքով ունենք 5 հազարից ավելի զոհեր, տասնյակ հազարից ավելի վիրավորներ, երբ այդ դավաճանական գործողությունների հետևանքով կոտրվել է հայի ողնաշարը, ձեզանից որևէ մեկը իրավունք չունի պաշտպանելու դավաճան Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Այս պահին երթի մասնակիցները գտնվում են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հարթակ է տեղադրված։ Ընդդիմության ներկայացուցիցիչները պատրաստվում են դիմել ժողովրդին։ Հարթակի վրա են Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Բոլոր արժանապատիվ հայերի անունից զգուշացնում եմ՝ Նիկո՛լ, հեռացիր անցնցում ու փրկիր հայրենիքը։ Մենք միասին, շատ արագ, Նիկոլին, որը կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից և նա պատասխան է տալու հայ ազգին: Ես բոլոր արժանապատիվ հայերի անունից զգուշացնում եմ՝ Նիկո՛լ, հեռացիր անցնցում ու փրկիր հայրենիքը»,- իր ելույթում ասաց Արթուր Վանեցյանը։
Մենք հաղթելու ենք՝ այդտեղ հարց չկա։ Մենք նորից ոտքի ենք կանգնելու, մենք հզոր ժողովուրդ ենք։ Մենք հիմա մի փոքր իրարից հիասթափվել ենք, մենք ինքներս մեզնից ենք հիասթափվել, մեկ-մեկ ընկճվում ենք, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու և տարածաշրջանի ամենահզոր պետությունն ենք լինելու, ամենաազդեցիկ պետությունն ենք լինելու։ Հաջորդ սերունդների համար ապահովելու ենք բարեկեցիկ, երջանիկ կյանք»,- հարթակից հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Երթի ավարտին ելույթով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը․ «Քանի դեռ այդ ազգադավը գտնվում է վարչապետի պաշտոնում, մեր ժողովրդի ու պետականության մեջքը ուղղել հնարավոր չէ: Նիկոլին հեռացնելուց հետո մենք բոլորս միասին Ավստրալիայից մինչեւ Մոսկվա, Թեհրանից մինչեւ Լոս Անջելես, բոլորը միասին պետք է համախմբենք մեր ժողովրդի ներուժը, որ լուծենք մեր առջեւ ծառացած խնդիրները: Հայ ժողովուրդը, հայ զինվորը, հայ սպան այս պատերազմում չեն պարտվել: Պարտվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, նրфն պետք է հեռացնենք ու շարժվենք առաջ»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երթը կշարունակվի վաղը՝ ժամը 17։00-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից(Կրկեսի շրջակա հրապարակ)։
https://youtu.be/u9kuR6HggOw