Գործադուլի և դասադուլի մեկնարկը՝ Հանրապետության հրապարակում
22 Դեկտեմբեր 2020
Այսօր, դեկտեմբերի 22-ին մեկնարկել են Հայրենիքի փրկության շարժման հայտարարած՝ գործադուլը, դասադուլը և խաղաղ անհնազանդության ակցիաները ամբողջ հանրապետությունում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ժամը 12։00-ից ակցիաների մասնակիցները հավաքվում են Հանրապետության հրապարակում՝ շրջափակելու ՀՀ կառավարության շենքը և այլ գերատեսչությունների շենքեր:
ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ այսօր ժամը 12.00-ից ողջ հանրապետությունում հայտարարվել է համապետական գործադուլ և դասադուլ, և դա արվել է մեկ պահանջով՝ Կառավարության շենքում նստած, վարչապետի աթոռին սոսնձված, հայրենիքը կորցրած, ժողովրդին դավաճանած, երկիրը պառակտած, հասարակությանը թշնամացրած մարդու հեռացում։
«Անցնող մեկ ամսվա ընթացքում մենք ունեինք մեկ կարգախոս՝ «Առանց Նիկոլ Հայաստան», բայց բազմաթիվ մեր հայրենակիցներ մոտենում և խնդրում էին, առաջարկում էին այլևս չտալ Նիկոլ անունը, կոչ էին անում կարգախոսը փոխել, քանի որ իրենց հոգեկանի վրա սկսել է ազդել այդ անունը։
Նա 2.5 տարվա ընթացքում հասավ մի կետի, որ մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը։ Եվ հիմա առաջարկում եմ, որ ասենք՝ «Առանց դրա Հայաստան»։ Սիրելի հայրենակիցներ, լուսավոր կետերից մեկը, որ բոլոր հանրահավաքներում տեսել եմ, այն էր, որ մարդիկ իրենց զավակների հետ են եղել այստեղ։ Վարչապետի աթոռ գրկած մարդը մի անգամ էլ թող համոզվի, որ մենք մեծ ընտանիք ենք»,- շեշտեց նա։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը նշեց, որ իրենց պայքարը կուսակցական չէ, ինքը շարժմանը միացել է՝ որպես ՀՀ քաղաքացի, որն ունի արժանապատվության զգացում, և որն ուզում է, որ ՀՀ-ն լինի անվտանգ, կայուն և զարգացող պետություն:
Այս իշխանությունները վայրկյան առաջ պետք է հեռանան. հայտարարեց հրապարակախոս, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
Նա նշեց՝ ով կմտածեր, որ գալու է իշխանություն, որ ժողովրդի սերը, նվիրումը ոտնատակ տալով՝ կդավաճաներ Արցախին․ «Ես որևէ ժողովրդի նկատմամբ ատելություն չունեմ, ես ատելություն ունեմ ոճրագործ իշխանությունների հանդեպ։ Ով կմտածեր, որ Հայաստանում պիտի գա իշխանություն, որի երազանքը պետք է լինի Հայաստանը դարձնել Ադրբեջանի գաղութ և դրա միջոցով՝ դարձնել նաև Թուրքիայի գաղութ։ Պետք է հեռանան ամբողջ վարչակազմով․ ո՛չ նրանց ներկայությանը»:
Հանրահավաքին ելույթներով հանդես են գալիս ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, մշակույթի գործիչներ:
https://youtu.be/L7RquQhu7gQ