Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում
23 Դեկտեմբեր 2020
Այսօր դեկտեմբերի 23-ին Հանրապետության հրապարակում մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Չնայած ցրտին ու տեղումներին, Հանրապետության հրապարակը բազմամարդ էր։
Բացման խոսքում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ չեն կանգնելու ոչ մի բանի առաջ, վարչապետի աթոռը գրկած մարդն օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա։
Մանուկյանը հայտարարեց, որ երկու օրում քրեական գործեր են հարուցել երկրի մեջքը պինդ պահող Սյունիքի քաղաքապետերի դեմ։
Նա տեղեկացրեց, որ Հանուն փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրվել է ՔԿ, նա արդեն դուրս է եկել ու շուտով կլինի հրապարակում։
Նրա խոսքով, պետք չէ հուսալ, որ մեկ օրվա հանրահավաքով, երթով կարելի է աներեսներին հեռացնել, հիշեցրեց, որ Փաշինյանի հեռացումն են պահանջում Հայաստանի նախագահը, զույգ կաթողիկոսները, մտավորականներ, բժիշկներ, գիտնականներ, քաղաքացիներ, քաղաքական ուժեր։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե չկա «էքշըն», Մանուկյանն ասաց, հանրահավաքի ընթացքում կարելի է ժողովրդի սրտին կպնող շատ բաներ ասել, խոսք նվիրել թոշակներին ու նպաստներին, որ չեն կարողանալու շուտով վճարել, որ էկոնոմիկայի նախարարությունում 50 մլն դրամի պարգևավճար են տվել, բայց ընդգծեց՝ իրենց նպատակը սուտ խոստումներով մարդկանց հրապարակ բերելը չէ։
«Մենք սուտ խոստումներ տեսել ենք 2018-ին։ Հարյուր հազարավոր մարդկանց տեսախցիկներով, թալանով, արագաչափերով, վարկերը զրոյացնելու խոստումով խաբեցին։ Խաբեցին սրիկայաբար։ Մեր խնդիրը դա չէ։ Մեր խնդիրը մեր արժանապատվությունը հետ բերելն է, ամեն օր վտանգվող հայրենիքի փրկված բեկորները պաշտպանելն է, մեր խնդիրը հայոց պետականությունը կործանումից փրկելն է»,-ասաց Մանուկյանը։
Նա հայտնեց, որ նախորդ հանարահավաքից հետո ոստիկաններն անցել են գործի, որպեսզի ևս մեկ օր ծառայեն ագգադավ վարչապետին: Նրա խոսքով, հանրահավաքից անմիջապես հետո իրար հերթ չտալով Քննչական կոմիտեն և ոստիկանությունը հայտարարություններ տարածեցին, թե Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին ստիպում են քայլ անել և հիշատակել են օրենսգրքի կետը՝ մտածելով, որ դեռ կան մարդիկ, ովքեր վախենում են բանտերից և բանտարկություններից:
Նկատելով, որ ոստիկանությունը ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանին զգուշացրել է 3-ից 10 տարվա բանտարկության մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Ոստիկանություն մոռացավ ասել, որ երկու տարի առաջ նույն այս իշխանությունը, երբ շրջապատում էր ԱԺ-ն և պատգամավորներին թույլ չէր տալիս կատարել իրենց մասնագիտական պարտքը, այդ օրն արդեն դիմացի շենքում նստած վարչապետի դեմ պետք է նույն տրամաբանությամբ հարուցեին քրեական գործ»:
Ըստ Մանուկյանի, ոստիկանությունը չի հասկանում, որ երկրում ժողովուրդը կրել է այնպիսի կորուստ՝ հանձինս հայրենիքի, որ 1, 3, 5 կամ 10 տարվա բանտարկությամբ մարդկանց չեն կարող վախեցնել և կագնգնեցնել:
«Թող իրենց արշինով ազգային դիմագիծ ունեցող մարդկանց չչափեն, նրանք կկանգնեն որքան հարկն է, կպայքարեն որքան պետք է, կնստեն ինչքան պետք է, բայց կհասնեն նրան, որ ազգադավ իշխանությունը՝ հանձինս վարչապետի աթոռը գրկած մարդու, օր առաջ, ժամ առաջ հեռանա»,- հայտարարեց նա:
Հանրահավաքի ժամանակ ելույթներով հանդես եկան՝ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ և դերասան Վիգեն Ստեփանյանը, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Արա Հակոբյանը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը։
Հանրապետության հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հիշատակը։
Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հետագա քայլերը․ «Հինգշաբթի օրը՝ ժամը՝ 11․00-ին, տեղի է ունենալու ՀՀ կառավարության նիստը։ Շատ հաճախ նախարարները ետևի մուտքով են մտնում կառավարություն։ Վաղը տեղի է ունենալու Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020 թվականի վերջին նիստը։ Դիմում ենք բոլորիդ, վաղը առավոտյան ժամը ՝ 10․00-ին․ով կուզի ավելի շուտ, շրջափակվում է ՀՀ կառավարությունը՝ բոլոր կողմերից»։
«Նրանք չպետք է կայացնեն կառավարության նիստ։ Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի, իբրև վարչապետ, կառավարության նիստ անելու հնարավորությունից»,- կոչ արեց Մանուկյանը ներկաներին և հայտնեց, որ նստացույցը շարունակվելու է մինչև առավոտ, կլինեն վրաններ և այլ պարագաներ։
https://youtu.be/1SHoUJA_Ek0