Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը
24 Դեկտեմբեր 2020
Հայրենիքի փրկության շարժումը նախապես հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ից շրջափակում են կառավարության շենքը: Ժամը 11:00-ին մեկնարկելու է կառավարության հերթական նիստը:
«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան՝» վանկարկում են կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները:
Սաղավարտներով և վահաններով զինված ոստիկանները փակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը:
«Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը, որպեսզի նախարարները շենք չմտնեն: Քաղաքացիներն աջակցում են ոստիկաններին շրջապատել կառավարության շենքը, որ նախարարները մուտք չգործեն: Եթե գաղտագողի մտել են, նշանակում է, որ մի կառավարություն, որը չի կարող բաց երեսով իր վարչապետի հետ մուտք գործել կառավարություն, դադարում է ժողովրդի կառավարություն լինել»,- լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Սյունիքն այսպես պաշտպանված չէ, ոնց որ այս ստոր դավաճանն է պաշտպանված: Դրա մասին մտածեք, ոստիկաններ»,- բղավում են քաղաքացիները՝ դիմելով ոստիկաններին:
Այս շենքում գտնվող կառավարությա՛ն անդամներ, դուք ամբողջ կազմով հիմա ՀՀ ու Արցախի ազգային անվտանգության համար մեծագույն վնաս եք. հայտարարեց «Երկիր Մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն ԳԵղամ Մանուկյանը:
«Ալիևը երեկ Իշխանաձորում էր՝ ձեր ասած Հայաստանի սահմանների մոտ էր կանգնած, Հայաստանի սահմանները շատ ավելի լայն էին, Նիկոլը այդ սահմանները փակեց, բերեց մինչև Սյունիքի գյուղեր»,- հայտարարեց նա:
Նա դիմեց ուժային կառույցներին, ԳՇ-ին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին. «Պարոնա՛յք ոստիկաններ, Ազգային անվտանգության պարոնա՛յք սպաներ, և վերջապես այսքան տարի մեր փայփայած, մեր մեծագույն արժեք համարված ՀՀ ԶՈ՛ւ, այդ թվում՝ իմ ու հարյուր հազարավոր մեր քաղաքացիների համար պաշտված, հարգված ԳՇ պե՛տ, ԳՇ մեր բանակի բարձրագույն զինվորական կա՛զմ, դիմում եմ բոլորիդ, քանի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, մեր երկիրն ավելի անպաշտպան է դառնում»,- ասաց նա:
Գեղամ Մանուկյանը դիմեց անձամբ Օնիկ Գասպարյանին. «Գեներալ-գնդապետ Օնի՛կ Գասպարյան, սիրելի՛ եղբայր, արձակուրդ եկած զինվորները երեկ ուղևորվում էին Արցախ, սակայն նրանց թույլ չեն տվել շարունակել իրենց ճանապարհը և դիրքերում կանգնել, ստիպված վերադարձել են Սիսիանի զորամաս, սա վտա՞նգ է մեր ազգային անվտանգությանը, մեր դիրքերը դատարկվում են, որովհետև այս կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել: Ձերն է քայլը, Դուք պետք է որոշեք, գործի անցնեք, Ձեր պարտականությունը կատարեք, սպայի, գեներալի պատիվը պահեք, միացեք ժողովրդին, այս անմեղսունակին ասեք՝ հեռանա»,- ասաց նա:
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը իր խոսքում դիմեց կառավարության 14 անդամներին՝ պատրաստվել ու քվեարկել պաշտոնանկ անելու համար ՀՀ գլխավոր դավաճանին՝ Նիկոլ Փաշինյանին:
Նա նախ ընթերցեց ՀՀ նախագահի մոտ նախարարների՝ պարտականությունը ստանձնելուց առաջ երդման տեքստը: «Ժողովրդի առջև ձեր ունեցած առաջին պարտավորությունն է կատարել ժողովորդի պահանջը, այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել, երկրորդ պահանջն է՝ ինքնիշխանությանը և Հայաստանի շահերի պաշտպանությանը դավաճանած մարդուն հեռացնել պաշտոնից: Կառավարության յուրաքանչյուր անդամ իր համար սա որպես Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջ պետք է ընդունի: Դրանից ելնելով՝ եթե ձեզնից յուրաքանչյուրը չկատարի այս պահանջը, կհամարվի երդմնազանց, հայ ժողովրդի թշնամի, հակառակորդ»,- ասաց նա:
Մինասյանը նշեց, որ ՀՀ անվտանգությանը ամեն վայրկյան կործանում է սպառնում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու համար այսօր Հայաստանը դարձել է վտանգավոր վայր. «Դավաճանը պետք է դատվի, երաշխավորում ենք, որ արդար դատական համակարգով նա կստանա իր արժանի պատիժը, բայց դրա համար չափազանց կարևոր է ձեզնից յուրաքանչյուրը. հանած վարչապետին՝ 14 կառավարության անդամ, եթե ներսում եք արդեն, պատրաստվեք, որ քվեարկեք պաշտոնանկ անելու համար ՀՀ գլխավոր դավաճանին»,- հայտարարեց նա:
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Կառավարության մուտքը։ Դիտարկմանը, թե նրանք Կառավարության մոտ էին՝ թույլ չտալու, որ Կառավարության նիստը կայանա, սակայն այն մեկնարկել է, և բոլոր նախարարները ներկա են, ակցիայի մասնակիցներից ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը արձագանքեց․ «Եթե կառավարության նիստը մեկնարկել է, ուրեմն՝ նիստից չեն կարողանա դուրս գալ։ Այստեղ կանենք մեզնից կախված ամեն ինչ, որ այս ազգակործան կառավարության գործունեությունը խոչընդոտենք։ Իրենց ամեն որոշումը, ամեն ժամ ավել պաշտոնավարելը հակասում է ՀՀ շահերին, ուստի խոչընդոտելու ենք այն գործունեությունը, որը խաթարում է այս ժողովրդի զարգացումն ու սպառնում է մեր անվտանգությանը»,-ասաց նա։
Վարդանյանը դիմեց նաև ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներին՝ ասելով, թե նրանք Կառավարության մուտքերը շրջափակած քաղաքացիների աչքերի մեջ չեն կարող նայել։
«Դուք ստանալու եք երևի ամենադաժան պատիժը։ Ժողովրդի արդար զայրույթն ամբողջությամբ կոտրվելու է ձեր գլխին, որովհետև, ի տարբերություն ձեզ, ձեր առաձնորդը փախչելու է կամ գուցե ունի պայմանավորավածություններ։ Դուք եք, որ չեք հասցնելու որևէ բան անել, ու պատասխան եք տալու հայ ժողովրդի առաջ»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության բակում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ գործողությունների հետեւանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին։
Նշենք, որ Կառավարության մոտ՝ Մելիք Ադամյան փողոցում, իրավիճակը կտրուկ լարվել է։ Ոստիկանները քաշքշելով ու հրելով փորձել են բացել ճանապարհը, որպեսզի Կառավարության անդամների մեքենաներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մեքենան դուրս գա Կառավարության շենքից։
Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնելիս ոստիկանները ուժ գործադրելով բերման են ենթարկել 69 ակտիվիստի, այդ թվում՝ Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդուն՝ Զինավոր Մեղրյանին:
Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի համար այլևս լուծված է, Արցախը հանձնել է, հողատուն իր խնդիրը կատարել է, բայց չի գնում, որովհետև կիսով չափ է կատարել, եկել է բզկտելու Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի սահմանները. Կառավարության դիմաց Նիկոլ ակցիայի ընթացքում հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց՝ ակցիաները շարունակվելու են այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի դրել իր լիազորությունները, նա, Մանուկյանի խոսքով, պետք է հասկանա՝ տեղ չունի հայոց երկրում։
«Այստեղ հավաքված մարդիկ չեն ուզում, որ այս երկիրը 2021 թվական ոտք դնի այս բեռով, այս դավաճանով։ Եթե նրան դեն նետենք, այլևս հողատու, դավաճան ղեկավար չենք ունենա, որովհետև բոլորը կվախենան դեն նետվելուց։ Մեր հանրահավաքը շարունակվելու է, մենք իրավունք չունենք դադար առնելու»,-ասաց նա։
Նա նշեց, թե 5 ժամ Կառավարության շենքը շրջափակված է եղել, բոլոր մուտքերը շրջափակված են եղել։
Նրա խոսքով՝ թեև բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել, սակայն իշխանությունն ու բերման ենթարկողները չեն հասկանում, թե դա ոչինչ չի փոխելու։ «Մի քանի ժամ ոստիկանությունում անցկացնելով՝ իրենց կյանքում բան չի փոխվելու, որովհետև իրենց համար կյանքը հայրենիքն է։ Հայրենիքի համար կռվել են, հիմա հայրենիքի համար ցույց են անում»,-ասաց նա։
Մանուկյանը հայտարարեց նաև, որ երթով շարժվում են դեպի Դատախազություն, այնուհետև վերադառնալու են Հանրապետության հրապարակ՝ շարունակելու նստացույցը։
https://youtu.be/yYNBiQjEufs