Այս կառավարության գործունեությունը չի բխում մեր ժողովրդի շահերից
24 Դեկտեմբեր 2020
Շարունակելու ենք կառավարությանը շրջափակման մեջ պահել և շարունակելու ենք մեր ակցիաները. հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարության ելումուտը շրջափակելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։
«Այս կառավարությունը հակահայկական, հակաազգային կառավարություն է, որի գործունեությունը չի բխում մեր ժողովրդի շահերից, այն րոպե առաջ պետք է տուն գնա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա ու գիտակցի՝ եթե այս կառավարությունը շարունակի գործել, ազգային ծանր հետևանքներին հաջորդելու է նաև սոցիալական ծանր աղետը մեր երկրի։
«Այս ոստիկանները, որ հիմա այստեղ շարված են, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, երկիրը վերջնականապես այս խուժան կառավարությունը տանելու է կործանման։ Դրա համար մենք՝ մեզանից կախված ամեն ինչ անելու ենք՝ այս կառավարությունից վայրկյան առաջ ազատվելու համար»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյան ասաց՝ հիմա սա բողոքի շատ հստակ գործողություն է, որպեսզի կառավարության անդամները, որ գտնվում են կառավարության շենքում, դուրս չգան․ «ՀՀ այն քաղաքացին, ով դժգոհ է սրիկաների կառավարությունից, պետք է լինի այս հրապարակում և թույլ չտա, որ այս շենքից դուրս գան»։
Նրա համար անհասկանալի է՝ հիմա հավաքվել են՝ ի՞նչ են անում, գերագույն գլխավոր խրտվիլակը այս շենքում ի՞նչ գործ ունի, ինչի՞ց է խոսում, ինքն ի՞նչ կարող է անել այս երկրի համար, բացի կործանումից։
«Մենք ասում էինք, որ այս իշխանությունը Արցախը հանձնելու է, կործանելու է մեր պետականությունը, չէին հավատում, հիմա էլ մենք զգուշացնում ենք, որ այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը Վայոց Ձորում է էդ նույնը լինելու, մինչեւ Երեւանի կենտրոն, եթե այս Կառավարությունը հրաժարական չտա. ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մեր պետականությունը վտանգված է։
«Էս մարդը հետեւողականորեն մեզ կործանման է տանում»,- շեշտեց նա։
Լրագրողի դիտարկամնը, թե ընդդիմությանը մեղադրում են, որ վճռական չեն, մարդիկ հիասթավում են, եւ օրեցօր հավաքներին քիչ մարդիկ են գալիս, Սաղաթելյանն ասաց, որ այդ մտահոգությունն իրոք կա եւ իրենց են դիմում քաղաքացիներ, որոնք պնդում են՝ պետք է դիմել վճռական գործողությունների։
«Ես գտնում եմ, որ սա շատ խիստ վճռական գործողություն է։ Այն մարդիկ, որոնք մեզնից հիասթավում են, որ մենք վճռական գործողությունների չենք դիմում, հենց հիմա թող գան հրապարակ։ Կառավարության ամբողջ կազմը գտնվում է շենքում, սրանից վճռական ի՞նչ գործողություն պետք է մենք կազմակերպեինք»,- ասաց Սաղաթելյանը։
ՀՅԴ ներկայացուցիչը նշեց՝ ով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանատվություն է կրում։
«Այս մարդը հայ ժողովրդից վրեժ է լուծում։ Ինչ ուզում է՝ թող անի, մենք հետ չենք կանգնելու։ Էնքան սրիկա են, որ գնում են անհետ կորած, գերի ունեցող ընտանիքներին ասում են՝ ցույց անողներն են խանգարում, որ նրանց հետ չենք բերում։ 44 օրվա ընթացքում մինչեւ հիմա չի հրապարակվել գերիների, անհետ կորածների, եւ զոհվածների թվերը, ու մեզ են մեղադրում»։