Եռակողմ հայտարարությունը կործանարար խայտառակություն է մեր պետության համար
16 Հունվար 2021
Ես համարում եմ ապացուցված, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ, մեր ամուր դիրքերը կկարողանայինք պահել. Վանաձորի քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, կարգ ու կանոն լիներ, այդ կորուստները չէինք ունենա: «Երբ մի քանի օր անց ռազմական ընթացքը վատ վիճակում էր, մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել ավելի շուտ` ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որը Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց »,-ասաց նա:
Անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ նա կործանարար խայտառակություն այն համարեց մեր ժողովրդի, պետության համար: «Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն չի արել` այդ փաստաթուղթը լավացնելու համար: Իմ անձնական կարծիքով՝ կարող եմ պնդել, որ ամսի 8-ի և 9-ի կողմերն ադրբեջանական բանակը պահանջ ուներ դադարի, զինամթերքը, զինվորներն իրենց մոտ շատ էին, բայց կար հոգնածություն և ներքին դժգոհություն»,-ասաց նա:
Ըատ Վազգեն Մանուկյանի` ջարդված է մեր բանակը, հսկայական տնտեսական կորուստներ ունենք, մենք կործանարար խաղաղության մեջ մտանք, և փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պարտությունը շարունակվում է: «Մենք հիմա ստորացված դիրքում ենք, չմտածեք, որ այդ ճանապարհը բացվեց, մեր բիզնեսն է զարգանալու, Թուրքիայի և Ադրբեջանի բիզնեսն է զարգանալու: Մենք նորից դառնալու ենք բնակավայր, ոչ թե պետություն»,- ասաց նա և նշեց, որ այս պայմաններից կարելի է ոտքի բարձրանալ:
Մենք ունենք հարյուրավոր գերիներ։ Ես գիտեմ՝ ինչ է նշանակում գերի լինել Ադրբեջանում․ սարսափում եմ՝ պատկերացնելով նրանց մի մասի վիճակը։ Մինչև հիմա այդ գերությունից ինչ-որ մարդիկ չեն կարողացել վերադառնալ։
Մենք կորցրել ենք մեր բանակը, ջարդված է մեր բանակը, մնացորդներ են մնացել մեր բանակից, մենք կորցրել ենք միլիարդ դոլարից ավելի զենք ու զինամթերք։ Մենք ունենք տնտեսական հսկայական կորուստներ․ կործանարար խաղաղության մեջ մենք մտանք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նաև արձանագրեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը այնքան վրդովված էր իրեն զգում այս վիճակից, որ պահանջում էր անհապաղ հեղափոխություն անել և ազատվել այս իշխանություններից, բայց կային նաև մարդիկ, ովքեր ասում էին՝ պատերազմը վերջացել է, եկեք գնանք առաջ։ «Բայց նրանք չեն հասկանում, որ, այս պայմաններում, պարտությունը շարունակվում է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
«Անվտանգության խնդիր ունենք, և Հայաստանում բազմաթիվ լրտեսական ցանցեր կան, այդ թվում նաև՝ Թուրքիայի, որոնք սողոսկում են իշխանության մեջ»,-ասաց նա:
Նշենք, որ հանդիպման ընթացքում Վազգեն Մանուկյանը պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին։