Մենք բանակի կողքին ենք. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը եւ երթը
25 Փետրվար 2021
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավաքվածներին կոչ արեց իրենց ընտանիքներին, հարազատներին, ընկերներին հրավիրել Ազատության հրապարակ:
Վճռական պահ է հիմա. Նույնիսկ հիմա, երբ իրենց կտրուկ խոսքն ասացին մեր բոլոր հրամանատարները, այդ վախկոտը նորից փորձեց ժողովրդին պառակտել, փորձեց ժողովրդին հանել մեր բանակի դեմ․ հայտարարեց նա:
«Թույլ չենք տալու, չենք ենթարկվելու որեւէ սադրանքի, իրավապահները պարտավոր են նախ կասեցնել սադրանքի բոլոր փորձերը, նաեւ որպես ուսադիր կրող, հայրենքին ծառայելու երդում տված, ռազմական դրության այս պայմաններում կանգնել ռազմական հրամանատարության, հայոց բանակի գեներալների, գնդապետների կողքին, ԳՇ պետի կողքին եւ միանալ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության անհապաղ հրաժարական տալու պահանջին»,-ասաց նա:
Իր հերթին ՀՅԴ Գմ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «Մենք հայոց բանակին աջակցում ենք: Իսկ գլխավոր ստհակը ցույց է տլիս իր դեմքը, փորձում է քաղաքացիական բախումներ հրահրել, մենք դա թույլ չենք տալու եւ այսօր ենք լուծելու այդ հարցը: Այսօր այդ վճռական օրն է: Դիմում եմ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին. դուք տեսաք, թե ինչպես գլխավոր սադրիչը փորձում էր հրահրել բախումներ: Դուք հենց հիմ ձեռնարկեք գործողություններին գլխվոր սադրիչին եւ նրա բանդային ձերբակալելու ուղղությամբ: Դիմում եմ գլխավոր դատախազին, հենց այս պահին հարուցիր քրեական գործ եւ կայացրու կլանավորման մասին որոշում»:
Այս իշխանությունը արդեն հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին ուղղել բանակի դեմ»,-Ազատության հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ գործն արդեն ավարտվում է. «Վերջանում է առաջին փուլը, որ մենք Նիկոլ Փաշինյանին դեն պետք է շպրտենք և սկսվում է երկորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը: Եվ ոնց որ միասին էինք դուրս շպրտելու մեջ, նույն կերպ միասնական պետք է լինենք երկիրը վերակառուցելու, դարձնելու արդար, հզոր Հայաստան»:
Վազգեն Մանուկյանը ողջունեց բանակին. «Այսօր բանակի և ժողովրդի միասնության օրն է: Մենք միշտ ենք միասին, բայց այսօր առավել ևս ընդգծվեց դա: Սա հեղաշրջում չէ. բանակը ունի սահմանադրական իրավունք նշել ամենակարևոր թշնամուն, որը սպառնում է ՀՀ անվտանգությանը և նա նշեց, ասաց՝ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը այդ մարդն է, որը պետք է հեռացվի և գնա: Ես կոչ եմ անում Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, մյուս պետական կառույցներին, որ միանան բանակին, անեն նման հայտարարություն: Կոչ եմ անում նաև «Իմ քայլի» պատգամավորներին, որոնց մի մասն ընկել է ծուղակի մեջ՝ դուրս եկեք այդ ծուղակից, դուրս եկեք այդ խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա: Միևնույն է, Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ, մի մարդ, որը ջարդեց մեր երկիրը և ամեն օր շարունակում է դա անել»:
Նա կոչ արեց ժողովրդին հավաքվել Ազատության հրապարակում. «Մենք պետք է վերջացնենք այն, ինչ սկսել ենք: Դիմում եմ շրջանների ժողովրդին՝ տեղերում հանրահավաքներ անեն, հավաքվեն իրենց կարծիքը ասեն, ինչքան մենք շատ լինենք, հզոր լինենք, այնքան դժվար կլինի այդ խելագարին՝ բախումներ առաջացնել: Ես համոզված եմ, որ դա չի էլ ստացվելու»:
Ելույթներով հանդես եկան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ ուրիշներ։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ պայմանավորվել են, պայքարը հնարավոր է, որ երկար տևի, անհրաժեշտության դեպքում պետք է մնան հրապարակում։
«Մի բան ասեմ, Հանրապետության հրապարակում այս սրիկան հավաքված ժողովրդին ասում է, իբր մենք այդ ժողովրդին ժեխ ենք ասել։ Այս պահին նորից նա փորձում է ժողովրդին տանի բախման, պառակտման, երկիրը տանի ցնցման, պետականությունը՝ կործանման։ Մենք դա թույլ չենք տալու։ Մենք գործ ունենք մեկ մարդու հետ՝ գերագույն գլխավոր խեղկատակ Նիկոլ Փաշինյանի»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նա առաջարկեց երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենք, որտեղ նիստ անցկացնելու պայմանավորվածություն կա։
«Կգնանք այնտեղ, մեր պհանաջը կհայտնենք, հետո նորից կվերադառնանք այս հրապարակ։ Դուրս ենք գալիս Մաշտոցի պողոտա, ապա շարժվում Բաղրամյան պողոտա»,- ասաց նա։
Հսնրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին ԱԺ։
Ազգային ժողովի մոտ, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե պատրաստ են կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ, Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մեկ բան ունեն՝ քննարկել, թե ոնց է նա դուրս գալու իշխանությունից:
«Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովուրդ, պատմական պահ է, եղեք տոկուն, խիզախ, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու այս փողոցը: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն: Պատրաստվեք ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»:
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես է եկել կոչով, և ընթերցեց այդ կոչը․
«Հարգելի գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։ Այդպես եղել է նաեւ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության և ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։ Տևական ժամանակ է՝ ցավ եմ ապրում և հետևում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներ։ Ոստիկանության հարգելի գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս Ձեզ։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի և սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։ Պատիվ եմ ունեցել Ձեզանից մեկը լինել»։
ԱԺ-ն նիստ չի գումարել՝ ԱԺ-ն շարունակում է մնալ ոչ իր դիրքերում․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը ներկայացնելով ցուցարարների առաջիկա գործողությունները։
«Որևէ մեկը չփորձի իր հայտարարություններով մեր ժողովրդին վախեցնել, դուք պարտավոր եք մեր ժողովրդի հետ հաշվի նստել, պարտավոր եք բանակի հետ հաշվի նստել, դուք դավաճանել եք մեր ժողովրդին։ Նորից ենք կրկնում՝ առանց արյուն, անցնցում, արագ հեռացիր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ քիչ հետո կմոտեցնեն վրանները, ջուր, թեյ, հնարավորություններ, վառարաններ, որպեսզի ցուցարարները կարողանան ցրտին դիմանալ։
«Առանց թուրքի Հայաստան»՝ վանկարկեցին հավաքվածները։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան եւ տեղադրեցին վրաններ: Նրանք պատրաստվում են գիշերել այնտեղ՝ ԱԺ շենքի դիմաց, մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Պատրաստվում ենք մնալ այնքան ժամանակ մինչև այդ խեղկատակը, ազգային դավաճանը հեռանա»,-այս մասին ասաց Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացին և հավելեց․
«Մենք չենք ուզում ունենալ վարչապետ, որի պաշտպանը Թուրքիայի ԱԳ նախարարն է։ Էլ ի՞նչ մնաց լինի։ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Կաթողիկոսը, հայոց բանակը, մտավորականությունը, բոլորը պահանջում են, որ այդ խեղկատակը հեռանա։ Ես վատ եմ զգում՝ որպես պատմության մասնագետ, որ մեր սերունդները մի օր կարող են ընթերցել, որ հայ ժողովուրդը կարող է քաղաքացիական պատերազմ անել և դրա հրահրողը խեղկատակ Նիկոլն է»։
Ավելի ուշ, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը ժամը 13:00-ին նախատեսված է Ազգային ժողովի նիստ և բոլորին կոչ է անում գալ Բաղրամյան պողոտա․ «Բարի գիշեր ենք մաղթում Բաղրամյսն պողոտայից։ Մենք գիշերելու ենք այստեղ, իսկ ձեզ կսպասենք առավոտից, հիշեցնեմ ժամը 13։00-ին՝ նախատեված է ԱԺ նիստ»: