Տեղեկություն կա, թե զինված որոշ խմբեր ցանկանում են ձերբակալել ԳՇ պետին, սակայն չգիտեմ՝ ինչ հիմարներ կարող են ձերբակալել բանակի ներկայացուցչին
25 Փետրվար 2021
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին միացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նրան հավաքված հազարավոր քաղաքացիները ծափողջույնների ներքո հարթակ ուղեկցեցին։
Խաչատուրովը, դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին, ասաց, որ նախապես հայտնում է, որ ակցիաների չի մասնակցել, որովհետև մի փոքր ոչ կոմֆորտ է զգացել իրեն բանակի պասիվության պատճառով, սակայն այսօր նա երջանիկ է, այսօր բանակն արթնացել ու որոշում է կայացրել:
«Հիմա եկել է տեղեկություն, թե զինված որոշ խմբեր ցանկանում են ձերբակալել ԳՇ պետին, սակայն չգիտեմ ինչ հիմարներ կարող են լինել, ովքեր կգնան ձերբակալելու բանակի ներկայացուցչին: Ես որոշ ժամանակ առաջ լսել եմ այդ ընկերոջը, եթե նրան կարելի է ընկեր անվանել, Անդրանիկ Քոչարյանին, ասում է՝ կարող ենք կրակել: Գիտեք, ես նրան լավ գիտեմ, նա ոչինչ չգիտի, նա համազգեստ է հագել, մորուք է պահել, մտածում է, թե ինքը լավ տղա է, նա արտասովոր մոլագար է, ուրիշ ոչինի: Չնայած 1992-ին որոշ օգուտ բերել է բանակին, սակայն դա վաղուց էր»,-ասաց Յուրի Խաչատուրովը:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմին՝ Յուրի Խաչատուրովն ասաց, որ բոլորն ասում են՝ 2016-ին մենք պարտվել ենք, որ մենք ենք խնդրել խաղաղություն. «Ես երդվում եմ հորս հիշատակով, ես երբեք իմ կյանքում թուրքերից ոչինչ չեմ խնդրել, թուրքերն են ինձինց ու մեզնից միշտ խնդրել ու դիմել խնդրանքով»:
Խաչատուրովն ասաց, որ եղել է այն, ինչ եղել է, իրենց համար դժվար է լինելու վերականգնել բանակը, անել այնպես, որ երկրում մարդիկ նորից ժպտան.«Դա դժվար է լինելու, ես գիտեմ, որ Վազգեն Մանուկյանը դա նորից կանի, նա խելացի ու ազնիվ մարդ է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
https://youtu.be/yXrHJpxSMSI