Երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մեկ քայլ ու կհայտնվենք անդունդում
26 Փետրվար 2021
Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանի հետ եղած հանդիպումից։
Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ իրավիճակին․ հայտարարեց Արթուր Վանեցանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։
«Այսօր նախագահի ձեռքում է մեր երկրի ապագան։ Մենք նրան ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջը, այն է՝ նախագահը՝ որպես Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը»,-ասաց նա։
Անդրադառնալով նախագահի հետ հանդիպման արդյունքին՝ Վանեցյանը նշեց․ «Նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել, լսել է մեր հստակ պահանջը, ասել է, որ կհանդիպի ԳՇ պետի և ԶՈւ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի։ Բայց եկեք մենք ոգեկոչենք նախագահին, որ նա կայացնի որոշում հանուն ՀՀ-ի»,-հայտարարեց նա։
Վանեցյանն ընդգծեց՝ ԶՈւ ԳՇ պետն ապաքաղաքական պաշտոն է, և քաղաքական նպատակներով նրան աշխատանից ազատելն ուղղակի Սահմանադրության խախտում է։ «Մենք ունենք մի տարօրինակ իրավիճակ՝ վարչապետի աթոռին նստած մի մարդ և ԶՈւ ողջ ղեկավար կազմի հայտարարությունը, որ նրանք պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։ Դա նշանակում է, որ մեր երկիրն այսօր ունի լրջագույն անվտանգային խնդիր, սպառնալիք, և այդ հարցի լուծումը պետք է տա ՀՀ նախագահը»,-ասաց նա։
Անդրադառնալով ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ Վանեցյանն ասաց, թե իշխանական քարոզչամեքենան փորձում է մանիպուլացնել հանրությանը՝ նշելով, թե այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ «Եթե բանակն ուզեր ռազմական հեղաշրջում անել, արդյո՞ք մենք այսօր փողոցում հավաքված պետք է դեռևս այս պայմաններով պահանջեինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ հայտարարությունը հանրության համար լրջագույն ահազանգ է, որ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մենք կանգնած ենք անդունդի առջև, մեկ քայլ, և հայտնվելու ենք անդունդում»,-հայտարարեց Վանեցյանը։
https://youtu.be/3xWm9OYfa-g