Մենք բանակի կողքին ենք․ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում
27 Փետրվար 2021
Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Հանրահավաքին եկած քաղաքացիները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը խորհուրդ տվեց հանրահավաքի բանախոսներին՝ մեջքով կանգնել դեպի Ազգային ժողովը։
«Գործ չանող, պետական փող ստացող ԱԺ նախագահ, քաղաքական մեծամասնությանը մենք կանգնում ենք թիկունքով։ Ժողովուրդն արհամարհում է նրանց»,- նշեց նա։
«Իմիջիայլոց, ճիշտ այս պահին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում ևս մեր հայրենակիցները հավաքվում են, կարելի է ասել զուգահեռ հանրահավաք ենք անելու Երևանից մինչև Սյունյաց աշխարհ»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը վանկարկեց՝ «Առանց թուրքի Հայաստան»: Ապա հիշեցրեց Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ նշելով, որ զինվորականներն այդ հայտարարությունը նաեւ արել են ոչ հրապարակային, բայց լսող չի եղել. «Եզակի դեպք է մեր պատմության մեջ կամ միակ դեպքն է, երբ ստեղծվել է մի վիճակ, որ ժողովուրդը ոտքի է կանգնել բանակի կողքին՝ ընդդեմ իշխող քաղաքական ուժի եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի: Սա լինելու է վերջին դեպքը, որ իշխող ուժը դեմ է դուրս գալիս մեր երկրի անվտանգության երաշխավորին, եւ որպեսզի լինի վերջին դեպքը, մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի մեկ պահանջով՝ առանց թուրքի Հայաստան»:
Հարգելի Օնիկ Գասպարյան, ևս մեկ անգամ եմ դիմում քեզ, այս անգամ ասում եմ, քո կողքին եմ»,-Բաղրամյան պողոտայում մեկնարկած հանարավաքում իր ելույթում հայտարարեց ազատամարտիկ Իգոր Սարգսյանը։
Ապա դիմելով օրեր առաջ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Տիրան Խաչատրյանին, որի հետ մարտական ուղի է անցել, հայտարարեց.
«Վստահ եղիր, մենք քո կողքին ենք, մեր արյունը մեկն է, ինչպես ժամանակին՝ 30 տարի առաջ ուս ուսի, արյուն թափեցինք, ընկերներ զոհվեցին, բայց կանգնեցինք, այսօր էլ կանգնած ենք ձեր կողքին։ Մարտական ընկերներ, գեներալներ, սպաներ, վստահ եղեք, ժողովուրդը ձեր կողքին է, մենք ձեր կողքին ենք անգամ կյանքի գնով։ Մենք երդվել ենք 30 տարի առաջ, պահպանել ու ապահովել մեր պետականությունը, այսօր էլ վերահաստատում ենք մեր երդումը»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթով դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ կոչ անելով հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
Նա նշեց՝ «Իմ քայլի» պատգամավորները, որոնց մեջ կան ազնիվ մարդիկ, այսօր քաղաքական պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին: «Նիկոլ Փաշինյանը ձեզ շատ ավելի նվազ է դասում, քան իր ուսապարկը: Թոթափեք այդ կեղծ բարեպաշտությունը, թոթափեք նիկոլիզմը ձեր ուսերից, քանի որ նիկոլիզմը ամենաեղկելի, ամենավտանգավոր, ազգակործան աղանդն էր, որը կործանեց Արցախը»,-ասաց նա:
Այդ պարտությունը պատրաստել են դետալ առ դետալ․ հայտարարեց վերլուծաբան, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը։
«Չկա աշխարհի վրա ազգ կամ պետություն, որ ինչ-որ պահի իր պատմական ժամանակաշրջանում չի ունեցել հաղթանակներից բացի պարտություն։ Բայց կա շատ կարեւոր մի հարց, մենք որպես ազգ, որպես պետություն, որպես պետություններ, բանակը, ժողովուրդը պարտվե՞լ ենք, թե՞ մեզ տարել են ստորացուցիչ պարտության, տարել են դավաճանաբար։
«Այսօր նորից համոզվում եմ՝ թուրքական գործակալական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Անձամբ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու պատերազմի եւ պարտության համար, քանի որ մերժեց մեր գործընկերների հետ հարաբերությունները, Մինսկի խմբի ֆորմատը, Ալիեւը ինքն ասաց, որ Փաշինյանն է նախաձեռնել, որպեսզի երկուսով պլանավորեն Արցախի հարցը լուծումը, նա լուծեց պատերազմով և տարավ դեպի պարտություն»,- ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, այն, ինչ տիրում է Հայաստանի Հանրապետությունում, միանշանակ դավադրության, ապիկար կառավարման արդյունք է, ինչի մասին խոսում են նաեւ աշխարհի առաջատար ուժերը, նույնիսկ՝ թշնամիները:
Հանրահավաքը մեկ ժամով ընդմիջվեց։
Հայրենիքի փրկության շարժման» համակարգող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մեկ ժամ կսպասեն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։
Սաղաթելյանն ասաց, որ կախված նախագահի որոշումից՝ կորոշեն նաեւ իրենց անելիքները։
Մեկ ժամ անց, հայտնի դարձավ, որ ԳՇ պետին աշխատանքից ազատելու դիմումը ՀՀ նախագահը չի ստորագրել և այն առարկություններով հետ է ուղարկել։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն հայտարարեց, որ երբ Նիկոլ Փաշինայնը հայտնեց, որպեսզի ազատեն Գլխավոր շտաբի պետին, միայն մեկ մարդու աշխատանքից ազատելու հարց չէր, այլ ուղղված էր ամբողջ բանակի դեմ։
«Գլխավոր շտաբի հայտարարության տակ ստորագրել էին բոլոր հրամանատարները, այսինքն՝ հարցն այսպես էր՝ Նիկոլ Փաշինյան, դեմը՝ բանակ։ Գործը հասավ ՀՀ նախագահին, նա կարող էր ստորագրել ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, ինչը կնշանակեր՝ հարվածի տակ դնել ամբողջ բանակը։ Սակայն նախագահը այդ փաստաթուղթը առարկություններով հետ ուղարկեց»,- հայտնեց Վազգեն Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ ժողովուրդը բանակի կողքին է, ՀՀ նախագահը ևս կանգնեց բանակի կողքին։
Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ փետրվարի 28-ին բեմը կտրամադրեն մտավորականներին, մշակույթի գործիչներին, համերգներ կլինեն, կլինի ուրախության հրապարակ։
«Երկուշաբթի՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա հանրահավաք, և կմտածենք մեր հաջորդ քայլերի մասին։ Ես հույս ունեմ, որ երկուշաբթի արդեն կլսենք ԱԱԾ-ի և Ոստիկանության հայտարարությունները, որ նրանք նույնպես սատարում են բանակին»։
Հանրահավաքի մասնակիցները Բաղրամյանից քայլերթ կատարեցին Երեւանի փողոցներում։ Նրանք երթն անվանեցին «Հաղթական երթ»։
Երթի մասնակիցները կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց։ Երթին մասնակցում էին բազմահազար քաղաքացիներ։ Նրանք վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ-Բանակ-Հաղթանակ», «Հայաստան»։
Քայլերթից հետո քաղաքացիները վերադարձան Բաղրամյան պողոտա։
Նահանջ չկա, թուլանալ չկա։ Ինչպես պայմանավորվել էինք, այս հրապարակից չենք հեռանալու, քանի դեռ գերագույն գլխավոր դավաճանն ու խեղկատակը՝ իր սրիկա իշխանության հետ, գտնվում են կառավարության շենքում: Կրկին կոչ եմ անում մեր քաղաքացիներին, եկեք միացեք մեզ։ Միասին հաղթելու ենք, սիրելի հայրենակիցներ, հեռացնելու ենք սրանց, որպեսզի փրկենք մեր հայրենիքը: Պայքարը շարունակվում է, ուստի մենք այսօր ևս գիշերելու ենք Բաղրամյանում։ Միշտ պետք է պատրաստ լինենք, շատ արագ հավաքվելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Գլխավոր շտաբի արած հայտարարությանը։
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր ևս գիշերելու են այնտեղ։