Մտավորականությունը Հայոց բանակի կողքին. զորակցության և հիշատակումի հավաք
28 Փետրվար 2021
Այսօր փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում կայացավ Հայրենիքի փրկության շարժման կողմից նախաձեռնված «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով հավաքը: Հավաքի ժամանակ ելույթներ ունեցան մի շարք արվեստագետներ, հնչեցին ազգային-ազատագրական երգեր:
Հավաքը մեկնարկեց ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի՝ «Երազ մի երկիր Հայրենիք» երգի կատարմամբ։ Շուշան Պետրոսյանը երգելու ժամանակ եւ ելույթի ավարտից հետո չկարողացավ զսպել հուզմունքը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ մտավորականների մասնակցությամբ հիշատակի եւ Հայոց բանակի զորակցության հավաքն ինքնաբուխ է, եւ ժողովուրդը ամոթալի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո ընդվզել է: «Երբ ձեւավորվեց հայրենիքի փրկության շարժումը, բազմաթիվ մտավորականներ, ստեղծագործական միություններ, անհատներ, գիտական ու կրթական հաստատություններ, դասախոսներ առաջին շարքերում էին: Նրանք դեմ էին նոյեմբերի 9-ին Հայաստանի անունից ստորագրված փաստաթղթին եւ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Եղան բազմաթիվ ստորագրություններ եւ հայտարարություններ, վերջին 4-5 օրերի ընթացքում Բաղրամյան պողոտան փակ է եղել, եւ բազմաթիվ հայրենակիցներ 24-ժամյա ռեժիմով այստեղ են եղել: Նրանք հայտարարել են, որ հայոց բանակի կողքին են եւ շարունակում են տեր մնալ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսին: Բազմաթիվ մտավորականներ նաեւ դիմում էին, որովհետեւ ամեն մեկը սրտի խոսքն ունի ասելու, շատերը նաեւ իրենց ստեղծագործություններով, իրենց երգով, բանաստեղծությամբ 25 տարիներին ոգեւորել են հայոց բանակը, ազատամարտիկին, կամավորին: Նույն այս պատերազմի, ավերի ժամանակ այդ երգն է, որ մեր զինվորին ոգի է տվել, ցավը բռունցք է դարձրել, ընկերոջ կորստի ցավը դարձրել է երգ, որով հնարավոր է եղել զսպել տղամարդկային արցունքները»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Նա մի դեպք պատմեց 1991 թվականից, երբ Նոր Երզնկա գյուղում մասնակցում էին դաշնակցական տղաներից մեկի հուղարկավորությանը, սփյուռքահայ ընկերներից մեկը առաջարկել է գերեզմանում երգել «Վերքերով լի ջան Ֆիդա եմ» երգը, ինչը սկզբում անակնկալ է եղել, սակայն բառերը լսելուց հետո մարդիկ հասկացել են, որ երգն անտեղի չէ:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ արդեն 130 տարի Դաշնակցությունում ավանդույթ է՝ դաշնակցական նահատակների գերեզմաններին երգել Պետրոս Սերեմեչյանի հիշատակի «Վերքերով լի ջան Ֆիդա եմ» երգը:
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն իր ելութում անդրադարձավ սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցին։ Նա նշեց, որ Սումգայիթը զգուշացում էր ողջ հայությանը։
«Սումգայիթը շարունակվում է։ Սա է իմ այսօրվա ուղերձը։ Ադրբեջանի կարգախոսը եղել ու մնում է՝ սպանել հայերին, որտեղ որ պատահեն։ Դուք այն, ինչ տեսնում եք, ոչ ջարդեր են, ոչ դեպքեր են, ոչ էլ ուղղակի ողբերգություն են, դա ցեղասպանության շարունակությունն է։
Մեր թշնամու նպատակը մեկն է՝ ամբողջովին ոչնչացնել հայությունը և մոռացության տալ այն հետքը, որ թողել է հայությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ»,- ասաց Լ. Ալավերդւանը։
Նա ընդգծեց՝ այսօր հայրենիքը վտանգի մեջ է, ողջունում է Հայոց բանակին, պանծալի ռազմական վերնախավի որոշումը։
«Կողմ եմ՝ անարյուն ամբողջ գործընթացը գնա, ովքեր մեղավոր են այս ամենի մեջ, ինչին այսօր առերեսվել ենք, որպես մարդու իրավունքների առաջին պաշտպան խոստանում եմ՝ չի լինելու դաժան, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք, թեկուզ այս իշխանությունը շուրջ 3 տարի նստեմացրել է ամեն մի մարդու արժանապատություն»,- ասաց Լ.Ալավերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում