Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն
03 Մարտ 2021
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին նախագահականում հավաստիացրել են, որ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել առնվազն մինչև մարտի 8-ը․ Բաղրամյան պողոտայում Հայրենքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Մինչ այդ որոշվելու է նախագահի Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Օնիկ Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակելու է մնալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ թույլ չեն տալու երկրորդ անգամ կոտրել բանակը. «Կարևորն այն է, որ ոչ թե միայն մենք թույլ չենք տալու, այլ բանակը թույլ չի տա, բանակը հասկացել է, բանակում տղամարդիկ են»:
Նա ժողովրդին կոչ արեց դիմանալ համբերատար լինել. «Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած այդ ամենն ինքն իրեն լուծվի, դրա համար պետք է կամք, համառություն, հավատք: Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Պետք է կարողանանք մեր ասելիքը հասցնենք մարզերին: Շաբաթ օրը, 15:00-ին մեծ հանրահավաք կանենք, որ ցույց տանք՝ ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ: Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Այստեղ կա մոտ 5000 երիտասարդ, որ բողոքում են, ասում ենք՝ գնանք այս շենքը վերցնենք, այն շենքը վերցնենք, սպասեք, ձեր կարիքը կարող է զգացվել, բայց ավելի լավ կլինի՝ ձեր կարիքը չզգացվի»: