Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի, դա ժողովրդի ցանկությունն է
04 Մարտ 2021
Սա քաղաքական հետապնդում է, այլ կերպ որակել չեմ կարող: Այսօր Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ում հրավիրել են Քննչական կոմիտե:
«Սա իսկական քաղաքական հետապնդում է: Մեր երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, հիմնական օրենքները, ընդ որում երկրի ղեկավարի կողմից»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը մեկնաբանեց, որ՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո բազմիցս խախտվել է Սահմանադրությունը:
«Պատերազմի խայտառակ պարտությունից հետո, հիմա, երբ ոչ ռազմական վիճակ է, վարչապետը շարունակում է տալ Սյունիքի հողերը, դա նշանակում է՝ սա Սահմանադրության մեծ խախտում է և հանցագործություն, պետք է քրեական գործեր հարուցել իր դեմ»,- մեկնաբանեց ընդդիմության շարժման ղեկավարը:
Վազգեն Մանուկյանը նաև նշեց՝ եթե իրեն կալանավորեն, միևնույն է շարժումը շարունակվելու է: «Մեկ բան է հայտնի՝ սա համաժողովրդական կոչ է՝ ինքը պետք է հեռանա: Եթե ինձ կալանավորեն, ապա կան հազարավոր մարդիկ, որոնք կշարունակեն շարժումը, այս պայքարը իմ քմահաճույքը չէ, սա համաժողովրդական պահանջ է և փրկության միակ ելքը»,- ասաց Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ ինք չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել և չի պատրաստվում որևէ ցուցմունք տալ: «Ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու այսօր, քանի որ ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ և թող իրավաբանները մեկնաբանեն այդ նախադասությունները»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/aPS7cj2TPUc
Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց. խափանման միջոցն ընտրվեց ստորագրություն` չհեռանալու մասին
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ՀՀ քննչական կոմիտեում մեղադրանք առաջադրվեց։
Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):