«Ազգ, բանակ, հաղթանակ»․ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը եւ երթը
06 Մարտ 2021
Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Ազգ, բանակ, հաղթանակ» կարգախոսով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, հայտնում են իրենց լիակատար աջակցությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբին։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ անցնող շաբաթներին բողոքի բոլոր գործողություններում իրենց շարքերը եղել են ամուր, առողջ, տրամադրված են մարտական: Նրա խոսքով՝ իրենց շարքերում կարևոր ներկայություն ունի երիտասարդությունը, որը մղիչ ուժ է: Նա շեշտեց, որ իրենց շարքերի երիտասարդները նվիրված են, հայրենասեր են, պարկեշտ են, սիրում են իրենց պատմությունը: Մանուկյանի խոսքով՝ նրանց շատերն այնքան համեստ են, որ անգամ չեն էլ ասում, որ կռվել են պատերազմում: «Ուզում ենք այսօրվա հանրահավաքի մի կարևոր մասն ուղղակի տրամադրել նրանց: Իրականում գործ անողը նրանք են, քիչ խոսողը նրանք են, փողոց փակողը նրանք են… »,-ասաց Մանուկյանն ու հավելեց, որ նրանց մի մասը լինելու է նաև հարթակում:
Այնուհետև նա բեմահարթակ հրավիրեց երիտասարդ Սևակ Նազարյանին, որը հանդես եկավ ելույթով: «Մենք արդեն 10 օր է Բաղրամյան պողոտայում այս կարգավիճակում շարունակում ենք մեր պայքարը, գիշեր-ցերեկ, 24-ժամյա ռեժիմով առանց որևէ դժգոհության շարունակում ենք մեր պայքարը»,-ասաց նա ու հավելեց՝ փորձում են կերտել իրենց երազանքների ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը:
Ելույթ ունեցավ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը նշեց, որ այնտեղ է ոչ թե որպես պալատի նախագահ, այլ որպես ՀՀ մտահոգ, շարքային քաղաքի և նախկին զինծառայող: Նա եկել էր ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայից, որն անցկացվում էր՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի:
Դժվար է նայել մեր սաների աչքերին և իմանալ, որ օդում կախված հարցեր կան՝ ուսուցի՛չ, ինչո՞ւ պարտություն կրեցինք․ իր ելույթում ասաց պատմաբան Արթուր Մկրտչյանը ։
Նա նշեց, որ «ինչո՞ւ պարտվեցինք» հարցի պատասխանը մենք գիտենք, բայց դժվար է սաներին ասել, որովհետև կարող են նրանց աչքերում պետական ինստիտուտներ արժեզրկվել։
Արթուր Մկրտչյանի համոզմամբ՝ մեկ ելք կա՝ պայքարել։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այս փողոցում է գտնվում 3 կարևորագույն ինստիտուտ՝ ԱԺ շենքը, նախագահական նստավայրը և Սահմանադրական դատարանը, այս երեք կառույցների որոշումից կախված է շատ կարևոր և էական բան մեր երկրի առաջիկա օրերի համար: Այո, այս հարթակը Հայաստանի պայքարի հարթակն է, և այս հարթակից անընդհատ այս երեք ինստիտուտները զգալու են և տեսնեն ժողովրդի ձայնը»։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ավարտին հայտարարեց․
«Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիևը արհամարհանքով խոսում է հայերի մասին, այն նույն Ալիևը, որ վախեցած ծպտուն չէր հանում։ Մենք համբերատար տանում ենք մեր պայքարը։ Այն մարդիկ ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և այստեղ չեն անհամեմատ ավելի շատ են քան էստեղ հավաքված մարդիկ։ Ես իրենց կոչ եմ անում՝ այս հայրենիքը միայն մերը չի, ձերն էլ է․ ուզում եք միանալ, միացեք, չեք ուզում միանալ, ստեղծեք ձեր կազմակերպությունները, ինքնուրույն որոշումներ ընդունեք։ Համբերել հնարավոր չէ, մեր աչքի առջև մահանում է մեր պետությունը»։
Հանրահավաքի ավարտից հետո մեկնարկեց երթ Երևանի կենտրոնական փողոցներով։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ երթով շարժվում են դեպի ՀՀ նախագահի նստավայր: Դրանից հետո երթը շարունակելու են Պարոնյան փողոցով, այնուհետև Երևանի տարբեր փողոցներով: Նպատակն այն է, որ կոչ անեն քաղաքացիներին միանալ իրենց:
Գեղամ Մանուկյանը ներկայացրեց նաև առաջիկա միջոցառումները:
Վաղը, մարտի 7-ին Բաղրամյան պողոտայում ողջ օրվա ընթացքում լինելու են տարբեր միջոցառումներ, հավաքներ և քննարկումներ ողջ օրվա ընթացքում։
«Կոչ եմ անում բոլորին այստեղ գալ բալիկների և թոռնիկների հետ։ Երեխային պետք է փոքր տարիքից դաստիարակել, թե ինչ է արժանապատվությունը և արժանապատիվ քաղաքացին, որպեսզի երեխան չսովորի, թե ինչ է դավաճանությունը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Երկուշաբթի՝ մարտի 8-ին, տեղի կունենա շարժման «արժանապատիվ հավաք» և հատուկ ծրագիր, որի մասին Հայրենիքի փրկության շարժումը լրացուցիչ կտեղեկացնի իր էջում։
Ընդդիմության երթը թեքվեց դեպի Պռոշյան փողոց, ապա Պարոնյան փողոցով հասավ Մյասնիկյան արձանի մոտ, Վազգեն Սարգսյան փողոցով մինչեւ Հանրապետության հրապարակ: ԱԳՆ-ի եւ դատախազության շենքերի մոտ ցուցարարները կոչեր հնչեցրեցին:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ԱԳՆ-ի մոտ ասաց, որ սա ամենախեղճ նախարարությունն է. «Խեղճ եմ ասում, որովհետև նրանք կատարում են խելագար և անիմաստ հանձնարարականներ: Խեղճ ու կրակ դիվանագետներ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնողի դավաճանության, խելագարության, անպատասխանատվության պատճառով ամեն օր խայտառակվում են»:
Սա այն կառույցն է, որը պաշտպանում է խելագարի որոշումները․ Գլխավոր դատախազության շենքի առջեւ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ «Այն կառույցն է, որ դատարանում պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գրասենյակում գրված մեղադրանքները: Մենք պարբերաբար ձեզ հիշեցնելու ենք ձեր հիմնական պարտականությունը: Դուք այս օրերին ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին: Խելքի եկեք, կանգնեք պետության, պետականության և ժողովրդի կողքին և ձերբակալեք այդ դավաճանին»:
Երբ երթը հասավ կառավարության շենքի մոտ, երթի մասնակիցները ցուցադրաբար մեջքով շրջվեցին:
Այստեղից երթը մտավ Նալբանդյան փողոց, Սայաթ Նովա, ապա Բաղրամյան պողոտա: Այստեղ բազմաթիվ ավտոբուսներ էին կայանված, որտեղ ոստիկաններ էին: Գեղամ Մանուկյանն ասաց. «Նայեք, թե քանի ավտոբուս է կանգնած ու չափեք Նիկոլի վախը: Այնքան է վախենում, որ ամբողջ ոստիկանությանը հավաքել, բերել է Երեւան»:
Երթի մասնակիցներին միանում էին նոր քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայրենքի փրկության շարժմանը։ Շատ քաղաքացիներ էլ իրենց պատշգամբներից ծածանում էին Եռագույնը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ, բանակ, հաղթանակ» ողջ ընթացքում վանկարկում էին քաղաքացիները։
Հասնելով կրկին Բաղրամյան պողոտա՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական օրակարգը թելադրվելու է այս հրապարակից, այստեղի վճռականությունից է կախված Հայաստանի վաղվա օրն ու մեր ապագան։
«Այս հրապարակը պետք է պահենք ամուր, շարունակում ենք գիշերել այս հրապարակում։ Վաղն ու մյուս օրը տեղի են ունենալու մի շարք ծրագրեր, միջոցառումներ։ Նահանջելու, հիասթափվելու տեղ չունենք, նժարի մի կողմում հայրենիքի գոյության հարցն է, մյուս կողմում բոլոր դժվարությունները, որոնք պետք է միասին հաղթահարենք»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
«Ազգ, բանակ, հաղթանակ»՝ վանկարկում էին քաղաքացիները։
Երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր՝ Բաղրմյան պողոտայում:
Մանրամասները՝ տեսանյութում