Կոչ՝ բանակին. պետությունը փրկելը ցանկացած օրենքից բարձր է, իսկ մեր պետությունը մահանում է
06 Մարտ 2021
Մենք շատ համբերատար ու կիրթ ազգ ենք. սրանից մոտ մեկ ամիս առաջ Իսպանիայում մի ռեպեր ձերբակալեցին, հարյուր հազարներով դուրս եկան փողոց երիտասարդները, մոլոտովի կոկտեյլներով, մեքենաներ վառելով պայքարեցին․ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը: Ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիեւը արհամարհանքով խոսում է հայերի մասին, այն վախեցած Ալիեւը, որ ծպտուն չէր հանում: Մենք համբերատար տանում ենք մեր պայքարը: Միգուցե դա լավ է, չգիտեմ: Այն մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը, բայց միացած չեն մեզ, անհամեմատ ավելի շատ են, քան այստեղ հավաքվածները: Տարբեր պատճառներով, ես կոչ եմ անում իրենց՝ էս հայրենիքը ձերն էլ է, միայն մերը չի: Չեք ուզում մեզ հետ համագործակցել, ստեղծեք ձեր կազմակերպությունները, ինքնուրույն որոշումներ ընդունեք, ինչքան ցանցային լինի, անկանխատեսելի լին, այնքան շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ մեր աչքի առջեւ մահանում է մեր պետությունը, ազգը. «Մեզնից է միայն կախված, որ ինչ-որ թափթփուկ, անպիտան մարդիկ ուղղակի նստել են ղեկին: Նախկին իշխանություններին մեղադրում էին, որ փող էին բաժանում ընտրությունների ժամանակ: Իհարկե, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, առնվազն 5-6 կուսակցություն փող էին բաժանում, որ գան պաշտոնի: Իսկ սա պետության փողը բաժանում է ոստիկանությանը, որ իրեն ծառայեն: Ո՞րն է ավելի մեծ հանցագործություն: Այսինքն իր միակ հենարանը մնացել է ոստիկանությանը փող բաժանելով պահել իշխանությունը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային, Վազգեն Մանուկյանն ասաց, որ դա պետք է լինի միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո. «Ոնց կարող է լինեն ընտրություններ ոստիկանական պետությունում: Մենք իրեն կհանենք, մի քիչ կկայունանա վիճակը, գոնե կիմանանք, որ դավաճններ չեն կառավարությունում, ընտրություններ կկազմակերպենք: Այս անգամ իսկապես արդար ընտրություններ կկազմակերպենք»:
Վազգեն Սարգսյանը խոսեց նաեւ այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչեւ հիմա ԳՇ պետին ազատելու միջնորդության հարցով չի դիմել ՍԴ-ին. «Ես հարցնում եմ՝ ինչու: Իր պարտկանությունն է դա: Ինքը ոչ թե երեք օր պետք է սպասեր, հենց առաջին օրը պետք է դա աներ: Մենք պահանջելու ենք եւ ինքը պետք է կատարի այդ պարտքը: Եթե չի կատարում իր պարտքը, ապա Շուշիի անկումն իր խղճի վրա է:
Ասում են, եթե նախագահը չդիմի ՍԴ, ապա իրավաբաններն ասում են՝ այսպես կլինի, հետո կդիմեն վարչական դատարան: Բայց բանակն ի՞նչ կապ ունի դատարանների հետ. բանակը պետք է ասի՝ ես թքած ունենամ ձեր հրամանների վրա, ես հիմա խրամատում եմ, ինձ ով կարա ռազմաճակատից դուրս հանի: Ես կոչ եմ անում բանակին՝ դուք հիմա գտնվում եք ռազմաճակատում, ձեր մեջքի հետեւում Հայաստանն է, ձեր որոշումից, ինչպես պատերազմի ժամանակ էր շատ բան կախված, նույնը հիմա է, պատերազմը շարունակվում է: Ոչ մի հրամանի պետք է չենթարկվեք, ինչ կորոշի այս դատարանը, ինչ կորոշի ՍԴ-ն, մենք դրանից արդեն անցել ենք: Պետությունը մահանում է եւ պետությունը փրկելը ցանկացած օրենքից բարձր է:
Լինենք քաղաքակիրթ, համբերատար, բայց չափավոր: Ով ասաց, որ ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն բարձրացնելու: Եթե ժողովրդին սպանում են, ժողովուրդը պետք է ենթարկվի՞: Պետք է կարողանալ ոտքի կանգնել եւ անել այն, ինչ ուզում է: Պաշտպանեք ձեզ, հավաքվեք, կազմակերպվեք, համագործակցեք իրար հետ եւ մենք կհաղթենք»,-ընդգծեց Շարժման վարչապետի թեկնածուն: