Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը եւ երթը
10 Մարտ 2021
Այսօր, մարտի 10-ին Դեմիրճյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը իր ելույթում հիշեցրեց երեկ հանրահավաքում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքերը, թե ԱԺ պատգամավորների աշխատանքը որևէ մեկին պետք չէ, և, որ նրանք ունեն մեկ օրակարգով ԱԺ նիստերին հաճախելու պարտադրանք, այն է՝ նոր վարչապետի ընտրությունը․ «Հստակ էր հարցը՝ ԱԺ-ի իշխանական պատգամավորները չպետք է հնարավորություն ունենան մուտք գործել ԱԺ շենք, եթե նրանք չեն ներկայացել մեկ օրակարգով՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարական և նոր վարչապետի ընտրություն։
Ամբողջ օրը, ողջ գիշեր, հակառակ ակնարկներին, լուրերին, նաև լրատվությանը, որ չի բացառվում գիշերը ոստիկանական բռնի գործողություններ ցույցի մասնակիցների դեմ՝ մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոշները՝ ընտանիքներով, մնացին այստեղ՝ պատնեշի վրա։ Առավոտը լուսացրին այստեղ, մինչև կեսօրին «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավոր ասեցին՝ գիտեք, մենք կարողացել ենք մտնել ԱԺ շենք։
Երեկ այստեղ «Հայրենքի փրկության շարժման» ներկայացուցիչները, երբ խոսում էին, որ պատգամավորները չէին կարող մտնել, իրենք խոսում էին արժանապատիվ պատգամավորների մասին, խոսում էին տղամարդ պատգամավորների, թասիբ ունեցողների մասին։ Մտածում էի, որ այնքան թասիբ կունենան, որ կփորձեն Ազգային ժողով մուտք գործել պաշտոնական մուտքերով, բայց մենք գործ ունենք վախկոտների հետ․ տնտեսական մուտքերով, գարաժներով խորհրդարան մտած մարդուն ո՞վ կհամարի պատգամավոր» ։
«Պատգամավո՞ր են արդյոք մարդիկ, որ գլուխները կախ, գաղտագողի են մտնում խորհրդարան։ Այդպես գաղտագողի իրենց վարչապետն էլ է քայլում․ հինգ-վեց հազար ոստիկան շարում է, երկու հարյուր մետր քայլում է, սնայպերներ դնում է, հազարավոր ոստիկաններ հավաքում է, դպրոց է մտնում, և այս վերևը մեկ ուրիշ պաշտոնյա կա, որը զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը։
Իր ելույթում Արփինե Հովհաննիսյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց չհիասթափվել, քանի որ արդեն իսկ իշխանությունը պարալիզացված է։
«Մի բան ակնհայտ է՝ Փաշինյան Նիկոլ վարչապետ չի լինելու։ Մենք այսօր սպասում ենք Վարչական դատարանի որոշմանը, որից հետո պետք է շարունակենք պայքարը։ Մեզնից ամեն մեկը պետք է ունենա համոզմունք, մեր չհիասթափվելով է որոշվելու հաղթանակը։ Մենք պայքարելու ենք ու պայքարում ենք, որ ունենանք առանց Նիկոլ Հայաստան»,- եզրափակեց խոսքը Արփինե Հովհաննիսյանը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ, բանակ, հաղթանակ» ո վանկարկում էին քաղաքացիները։
Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ ամաչում է իր պատգամավորի կարգավիճակից, քանի որ նման կարգավիճակ են կրում նաև այն պատգամավորները, որոնք տնտեսական ապրանքների համար ստեղծված մուտքից են մտնում ԱԺ:
«Ամաչում եմ, որ կոչվում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և նույն պաշտոնը զբաղեցնում են նաև մարդիկ, ովքեր այսօր կարտոֆիլի և տնտեսական ապրանքների համար նախատեսված մուտքից են մտել այս շենք, դա նորմալ չէ»,- ասաց պատգամավորը:
Իվետա Տոնոյանը նաև անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ նրան համեմատելով սովետական մուլտֆիլմի պաղպաղակ բաժանող հերոսի հետ:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի հարթակից հայտարարեց․ Եթե 2015 թվականին ավելի խելոք մարդիկ ղեկավարեին մեր ժողովրդին, մենք այդ կորուստը չէինք ունենա։ Այս մասին հանրահավաքին իր ելույթում ասաց պատմության մեջ զուգհահեռներ անցկացնելով։
«Միշտ մարդկանցից է կախված, չկա հող կորցնելու պատմական անհրաժեշտություն: Նիկոլ Փաշինյանի որոշումներից էր կախված, որ մենք պարտվեցինք»,–ասաց նա։
Վազգեն Մանուկյանն ասաց՝ դեռ պատերազմի կեսից պետք է ոտքի կանգնեինք, բայց փակել էին բոլոր լրատվական միջոցները։ «Բանակը պետք է իշխանությունը վերցներ իր ձեռքը, պարզապես շատ օրինապաշտ զինվորականներ էին։ Երեկ, երբ վերցրեցինք Դեմիրճյան փողոցը, ես լինեի Օնիկի տեղը, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին, ինքը չգնաց այդ քայլին, բայց պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հաղթել, քանի որ բանակը ասեց՝ ճիշտ է Օնիկը դուրս է գալիս, բայց մենք մնում ենք նույն կարծիքին»։
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայից երթ սկսեցին դեպի Սայաթ-Նովա, Նալբանդյան, այնուհետեւ Կառավարության շենք երթուղիով. երթը կավարտեն կրկին Բաղրամյան պողոտայում։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մինչեւ երթի սկսելը նշեց, որ Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը կշարունակվեն փակ մնալ։
«Այսօր ձեր մոտ քիչ հոգնածություն եմ տեսնում, նաեւ որոշակի ընկճվածություն։ Երեկ փակեցինք Դեմիրճյան պողոտան, որպեսզի թույլ չտանք պատգամավորներին՝ մուտք գործել։ Նրանցից ոմանք տնտեսական մուտքով, այն մուտքով, որով սոխ, սխտոր, կարտոֆիլ են տեղափոխում, այսօր որոշ ուսապարկեր այդ մուտքով տեղափոխվեցին Խորհրդարան։ Այդ պատգամավորները կամ ամեն օր հասարակությունից թաքնվելով, հասարակության զայրույթը տեսնելով, հաճախ նաեւ իրենց մաշկի վրա զգալով, պատերի տակով ման են գալու կամ կանգնելու են Հայաստանի կողքին։ Իրենք ունեն մեկ ընտրություն՝ կամ Նիկոլ կամ Հայաստան։ Մենք մեր շարժումը սկսել ենք հանուն մեր հայրենիքի փրկության։ Հետեւաբար եթե ԳՇ պետին կարողանան անօրինական ճանապարհով ազատել եւ ԳՇ պետը տեղիք տա նախագահի, վարչապետի հակաօրինական, հակասահմանադրական քայլերին եւ հեռանա, մեր պայքարը որեւէ կերպ չի տուժելու։ Զինված ուժերը քիչ առաջ արեց հայտարարություն՝ պնդելով իր տեսակետը, պահանջում է վարչապետի հրաժարականը, եւ մեր կարգախոսում որեւէ բան փոփոխության չի ենթարկվել»,- իր ելույթում նշեց Սաղաթելյանը։
Հասնելով Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության շենքի մոտ, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․«Այս շենքում նստած խելագարը ամեն օր տապալում է մեր երկրում սահմանադրական կարգը։ Այսօր շարժումը ևս մեկ պատասխանատվություն ստանձնեց՝ մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և պահպանելու համար»,-ասաց Սաղաթելյանն ու ավելացրեց․«Ուրեմն լսիր Նիկոլ, քեզ թույլ չենք տալու տապալելով մեր երկրի սահմնադրական կարգը ՝ հաստատես մեկ մարդու դիկտատուրա։ եթե քեզ հաջոզվի, մեկ-երկու զինվորական պաշտոնից հեռացնել, միևնույն է չես կարող ՀՀ ԶՈՒ ենթարկեցնել քո դավադիր ծրագրերին՝ հանուն երկրի, հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի, հանուն հայրենիքի փրկության դու պետք է հեռանաս։ Այս շենքում նստած մարդն այլևս հայ ժողովրդի թշնամին է»։
Երթի մասնակիցները Կառավարության շենքի մոտ սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան» և շարունակեցին երթը։
https://youtu.be/8DGTSvY_7mA