Իշխան Սաղաթելյանի ասուլիսը Բաղրամյան փողոցի վրանում
11 Մարտ 2021
Այսօր, մարտի 11-ին Բաղրամյանում գտնվող վրանում տեղի ունեցավ Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։
Իշխան Սաղաթելյանը, հրապարակելով Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը, ներկայացրեց քաղաքական կլոր սեղան կազմակերպելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկի վերաբերյալ Շարժման դիրքորոշումներն ու գնահատականները, պատասխանեց լրագրողների հարցերին։
«Մենք կարևորում ենք երկրում ստեղծված իրավիճակից, ճգնաժամից հրատապ դուրս գալու անհրաժեշտությունը, պատրաստ ենք հանդիպման, բայց այդ հանդիպումը չպետք է լինի ձևական: Ավելի մատչելի ասեմ՝ եթե ուզում են ստեղծել ընդդիմության և Նիկոլ Փաշինյանի այնպիսի հանդիպման տեսարան, ինչպես երեկ եղավ ԳՇ-ի հետ, ապա այդ հաճույքը նրանց չենք պարգևի: Բայց եթե իրականում ուզում են երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնել, ապա մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավիրված հանդիպմանը կմասնակցեն միայն այն օրակարգով, որը նրանք են առաջարկում, հակառակ դեպքում՝ որևէ շոուի ականատես չեն ուզում լինել: «Մինչ այս պահը պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանն ընդունե՞լ է Արմեն Սարգսյանի հանդիպման առաջարկը, թե՞ ոչ, ես չգիտեմ նրանք պայմանավորվածություն ունե՞ն, թե՞ ոչ, բայց մեզ դա չի էլ հետաքրքրում»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ իրենց պայքարի և վճռականության հետ կապված որևէ բան չի փոխվել: «Նիկոլ Փաշինյանն ընտրություններից խոսում է այն ժամանակ, երբ շարժումը թափ է հավաքում, ուժեղանում է: Երբ շարժումն իր թափը որոշակիորեն կոտրում է, նա ասում է՝ դե լավ, ժողովրդական պահանջ չկա, ընտրություն չի լինելու: Նա հաճախ այս քայլերով կարողացել է ազդել շարժման ընթացքի վրա, այս անգամ չի հաջողվի դա նրան»:
Նա շեշտեց, որ Փաշինյանն ընտրությունների չի գնում, քանի որ վախ ունի չընտրվելու և այդ պատճառով հուշագրերի ստորագրում է ուզում խորհրդարանից: Վերջինս ընդգծեց, որ առաջացած խնդիրները կարող են հանգուցալուծվել միայն իրենց առաջարկած տարբերակով, քանի որ իշխանության քայլերն ու հայտարարությունները, ըստ նրա որակման, բլեֆ են:
«Նախագահը պետք է ողջունի մեր օրակարգը: Բայց եթե այդ սեղանի շուրջ պետք է քննարկվի Սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգիրք, օրենքներ, ապա գնանք ի՞նչ խոսենք: Մենք այս առումով կասկածներ ունեինք, որ կողմերն այս առաջարկության մեջ անկեղծ չեն ու իրենց ավելի շատ հետաքրքիր է ստանալ իրենց ուզած տեսարանը, իսկ մեզ հետաքրքրում է իրավիճակից ելքեր գտնելը, քանի որ մեր երկիրը գնալով հյուծվում է»,-ընդգծեց նա:
Սաղաթելյանն անդրադարձավ նաև այն քննադատությունների, որոնք ուղղվում են շարժման դեմ, թե շարժումը վճռական չէ, հանրային սպասումը մարում է: Նա նշեց, որ սա մեկ գործողությամբ ակցիա չէ և բոլորն արդյունավետ քայլեր առաջարկելու հնարավորություն ունեն: «Մենք չենք նահանջելու, հետ քայլ չենք անելու, գաղտնի պայմանավորվածություններ չենք ունենալու, գնալու ենք մինչև վերջ, հեռացնելու ենք այս իշխանությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում