Ինչ կոմպրոմիսի պետք է գնալ մարդու հետ, ով խայտառակ պարտության է տարել երկիրը, տապալել ամեն ինչ
12 Մարտ 2021
Հայաստանը վերածվում է ոստիկանական պետության, քրեական գործերը անցնում են վարչապետի գրասենյակի ինչ-որ մի աղջկա միջոցով, այդ պարագայում ո՞նց կարելի է գնալ ընտրությունների և երաշխիք ունենալ, որ ընտրությունների արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքին, դա բացառվում է. այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարցին թե արդյո՞ք Բաղրամյան պողոտան ազատելու կամ խաղաղ անհնազանդության այլ գործողությունների ժամանակ, սրացումներ չեն լինի, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Սրացումներ են լինելու՝ ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն հարցը լուծվի: Ինձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջը: Ալիևը հասկանում է, որ Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ հնարավոր չի լինի անել Նիկոլից հետո, իսկ ներքին սրացումները գնում է հարենիքը դավաճանողների և թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց մեջ»:
«Բանակը հստակ ձևակերպեց, որ մնում է նույն կարծիքին, բանակի հստակ դիրքորոշումն էականորեն ազդում է Ոստիկանության դիրքորոշման վրա, և կարող ենք արձանագրել, որ այն վայրագությունները, որ ոստիկանությունն անում էր ամիսներ առաջ, հիմա չի անում, և Փաշինյանը կորցնելու է նաև Ոստիկանությունը: Հիմա կոչ են անում բանակցությունների․ դա էլ է նշանակում, որ ԱԺ-ի հենարանների մեջ տատանումներ կան, կարծում եմ, որ պլան A-ն ն պետք է շարունակի իր գործունեությունը, լավագույնը կլինի, որ պլան A-ով հարցերը լուծվեն, ինչքան քիչ սրացում լինի, այնքան ավելի լավ որոշում կլինի»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նշեց, թե համոզված չէ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների: Նրա կարծիքով՝ Փաշինյանն այդ կերպ ժամանակ է ձգում՝ ցույց տալու, որ հարցը շուտով կլուծվի:
Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորներն ասում են՝ Վազգեն Մանուկյանը պետք է հասկանա, որ սա 1990 -ական թվականները չէ, պետք է փորձեն մտնել խորհրդարան, Մանուկյանը պատասխանեց.
«Ճուտիկները միայն գիտեն այն, ինչ այսօր է, իսկ ես գիտեմ, թե ինչ է ճիշտ 90-ական թվականներին, ի՞նչ է ճիշտ հիմա և գիտեմ ինչ ուղղությամբ պետք է գնանք, որ ճիշտ լինի: Մարդիկ կան, որ ժամանակի հետ զարգանում և համապատասխանում են ժամանակին, մարդիկ կան,որ չեն համապատասխանում, օրինակ «Իմ քայլը»–ի ճուտիկները գնացել են կուրսերի, սովորել են անգլերեն լեզու, բացատրել են այն գաղափարները, որոնք արդիական էին Սառը պատերազմից հետո, բայց հիմա արդիական չեն, փոխվում է աշխարհը, իրենք մնացել են այնտեղ»:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/CK29fLZuZwE
Կարևոր արձանագրումներ լրագրողների հետ Վազգեն Մանուկյանի հանդիպումից
❗ Երբեք Հայաստանն այսքան թույլ չի եղել իր հակառակորդի առջև, երբեք Հայաստանն այսպիսի անպետք իշխանություն չի ունեցել, որը չի կարողանում կազմակերպել իր երկրի պաշտպանությունը։ Միակ բանը, որ պահում է Ադրբեջանին ու Թուրքիային, դա ռուսական զորքերի՝ այստեղ կանգնած լինելն է։ Մի օր Ռուսաստանը զբաղված կլինի ուրիշ պրոբլեմներով, և մեր հակառակորդները կօգտագործեն այդ առիթը։
❗ Պատերազմի ամենամեծ սպառնալիքը լինում է այն ժամանակ, երբ դու թույլ ես, և հակառակորդը հավակնություններ ունի հարձակվելու։ Մենք հիմա այդ վիճակում ենք։
❗ Ինձ վախեցնում են այն սրացումները, որ այսօր տեղի են ունենում Սյունիքի շուրջ և Ալիևի այն ձգտումը, որը հասկանում է, որ Նիկոլն այսօր կա, վաղը չի լինելու, և Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ հնարավոր չի լինի անել հետո։
Իսկ ներքին սրացումը գնում է Հայրենիքը դավաճանողների ու թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց միջև։ Եթե իրենք գնում են սրացման, կստանան սրացում։
❗ Կան հարցեր, որտեղ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսի։ Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չկա։ Կա՛մ ինքը գնում է, կա՛մ չի գնում։ Միակ խոսակցությունը դա է։
❗ Այս լարված պահին ընտրություններ անցկացնելն անհեթեթություն է։ Իսկ եթե թույլ ենք տալիս Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցկացնել ընտրություններ, նշանակում է լեգիտիմացնել այն խայտառակ պարտությունը, որ կրել ենք։
❗ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է ոստիկանական պետության։ Նման պայմաններում ո՞նց կարելի է գնալ ընտրության և երաշխավորված լինել, որ այդ ընտրությունների արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքին։ Դա բացառվում է։
❗Սա պատերազմ է Հայաստանի ապագայի համար։ Պատերազմում մենք մեր կյանքն ենք զոհաբերում, և իմ նկատմամբ քրեական գործը նման պատերազմի մեջ երկրորդական հարց է։
❗ Երկուսուկես տարվա ընթացքում Հանրապետության նախագահն ուներ բազմաթիվ հնարավորություններ ազդելու դեպքերի ընթացքի վրա, բերել նրան, որ այսպիսի սրացումներ չլինեին, պատերազմական վիճակ չլիներ։ Ինձ մոտ տպավորություն է, որ նա երբեք չի առաջնորդվել երկրի շահերով, առաջնորդվել է այլ շահերով։
❗ Նախագահը կարող էր Սահմանադրական դատարան ուղարկել Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, բայց չարեց։ Իրավիճակն ավելի սրվեց, մենք եկանք Դեմիրճյանը զբաղեցրեցինք։ Էլի չի անի, մենք ուրիշ տեղեր կզբաղեցնենք, մինչև կհասնենք Շուշի․․․
Հայրենիքի փրկության շարժում