Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիան ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
13 Մարտ 2021
Հայրենիքի փրկության շարժման անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց: Նրանք փորձում են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում այդ հանդիպումները ձևական որակեց, ասաց՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։
Սաղաթելյանն ընդգծեց, մինչև արտահերթ ընտրությունները պետք է լինի կառավարության ղեկավարի հրաժարական, խորհրդարանի լուծարում, միայն այդ քայլերից հետո ինքը կարող է խոսել շարժման անելիքներից։
«Հիմա շատ վաղ է խոսել ընտրությունների մասնակցության մասին»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հետևի մուտքով մտավ նախագահի նստավայր։
Ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում, քաշքշելով բերման են ենթարկում նախագահական նստավայրի մոտ ակցիա անող քաղաքացիներին։ Մի խումբ քաղաքացիներ փորձեցին նախագահականի հետնամուտքը փակել, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի շարասյան ելքը նախագահականից:
Քաղաքցիները վանկարկում են «Նիկոլ, դավաճան»։
Ակցիայի ընթացքում, սակայն, մասնակիցները տեղեկացան, որ վարչապետին նախագահի նստավայրից ևս հաջողվել է աննկատ դուրս գալ:
Շարժման անդամներն իրենց նախաձեռնությունը հաջողված համարեցին՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում երկրում ազատ տեղաշարժվել:
«Մենք կրկին չհանդիպեցինք, իրեն բնորոշ սողեսող, սողունի նման ինչ-որ մի մուտքով հեռացել է: Սա շարունակվելու է այնքան ժամանակ, որքան նա մնա ՀՀ-ում որպես պետության գլուխ, մենք հետապնդելու ենք նրան, նա ազատ տեղաշարժման իրավունք չի ունենալու, օր ու արեւ չի ունենալու: Շարունակելու ենք այնքան ժամանակ մինչեւ մեր երկիրն այս սողացող տեսակից չենք ազատել»,-ասաց ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Գերասիմ Վարդանյանը: