Վազգեն Մանուկյանի հարցազրույցը հայաստանյան 6 հեռուստաընկերություններին
26 Մարտ 2021
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել հայաստանյան 6 հեռուստաընկերություններին (Armenia TV, 5-րդ ալիք / 5 TV, ArmNews TV, Armenian Second TV Channel / Հայկական Երկրորդ Հեռուստաալիք, Yerkir Media TV, Kentron TV), որի ընթացքում անդրադարձել է հանրությանը հուզող ներքաղաքական և աշխարհաքաղաքական մի շարք հարցերի:
Հայաստանը հիմա պատրաստ չէ ընտրությունների այս բզկտված վիճակում, դրանք խորացնելու են ճգնաժամը եւ ոչ թե լուծելու են. լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։
«Մենք թե՛ մեր, թե՛ մյուս երկրների առաջ խայտառակ կլինենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ղեկավարելու է ընտրությունները։ Ավելի լավ է՝ ինքը մի քիչ էլ երկար մնա, մինչեւ որ մենք ուժ հավաքենք՝ իրենց գցենք, քան թե ինքը կառավարի այդ ընտրությունները։ Չեմ խոսում նույնիսկ այն մասին, որ ինքը ընտրությունների ժամանակ տոկոս կհավաքի ու կստացվի, որ ինչ–որ դեպք էր եղավ, երկիրը կործանվեց, բայց իրենք էլի իրենց տոկոսն ունեն։ Եթե ինքը դառնա վարչապետ, դրանից հետո ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղելու է, դրանից հետո մենք ոչինչ անել չենք կարող։ Դրա համար ես գտնում եմ, որ այն ծրագիրը, որը Հայրենիքի փրկության շարժումն առաջարկեց՝ փոխել վարչապետին, մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարություն ձեւավորել, հետո միայն առաջ գնալ, ամենաճիշտ ծրագիրն է։ Դուր չի գալիս վարչապետի թեկնածուն, այսինքն՝ ես, փոխենք, դուր չի գալիս մեկ տարին՝ կարճացնենք կամ երկարացնենք։ Հայրենիքի փրկության շարժումը եթե արդյունավետ չի աշխատում, ապա եկեք փոխենք այդ ֆորմատը»։
Երբ շարժմանն անդամակցող կուսակցություններից որոշները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, դա խնդիրներ է առաջացնում, բայց անգամ նրանց համար այս շարժման պահպանումը անհրաժեշտ է․ ասաց Վազգեն Մանուկյանը։
«17 կուսակցություններից ֆորմալ կերպով դուրս է եկել միայն մեկ կուսակցություն, այսինքն՝ հիմա շարժման մեջ կա 16 կուսակցություն: Իհարկե, երբ որոշ կուսակցություններ պատրաստվում են արտահերթ ընտրությունների դա արդեն խնդրահարույց է, բայց նույնիսկ այն կուսակցությունները, որոնք գնալու են ընտրությունների նրանց ևս անհրաժեշտ է, որ այս ալիքը պահպանվի, քանի որ բոլորս ունենք մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։
Նա նաև նշեց, որ եթե շարժման գործողությունները շարունակական լինեն, նա կներկայացնի 6 թեկնածուների, որոնք կաշխատեն կառավարության կազմում:
«Ես կողմնակից չեմ կառավարության կազմ ներկայացնելուն հիմա, հատկապես, երբ ձևավորված վերջնական կազմ չկա, բայց ցույց տալ թիվ՝ 6 հոգի, որոնք կառավարության մեջ աշխատելու են դրա մասին կխոսենք ինչ-որ ժամանակ անց, երբ այս գործընթացները շարունակվեն»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում