Գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու հնարավորություն չունի
02 Հունիս 2021
Ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարեցին, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում չեն պատրաստվում համագործակցել կապիտուլյանտ իշխանությունների հետ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու հնարավորություն չունի»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների բանավեճին՝ Սաղաթելյանը ասաց, որ մի քանի կուսակցությունների կամ դաշինքների առաջին համարի թեկնածուները հստակ հայտնեցին, որ չեն պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել։
««Հայաստան» դաշինքը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ դավաճանի հետ քննարկելու, բանավիճելու հարց չունենք։ Մենք ունենք մեկ օրակարգ՝ քշել այս չարիքի իշխանությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է նաև պաշտպանական ոլորտին. «Երկրի պաշտպանության գործը պետության և բանակի բացառիկ իրավունքն է։ Մենք՝ իբրև ընդդիմություն ոչ կարող ենք երկրի սահմանների պաշտպանությունը կազմակերպել, ոչ էլ ռազմաքաղաքական որոշումներն ընդունել»,- ասել է նա և հավելելե, որ երբ ունենան այդ հնարավորությունը, բարձր մակարդակով կլուծեն այդ խնդիրները:
«Բազմաթիվ անգամ ասել են, պատերազմի ընթացքում էլ ցույց ենք տվել՝ երբ կամավորական ջոկատների խնդիր կլինի մեր սահմանները պաշտպանելու, առանց աչք թարթելու, ժամերի ընթացքում կլինենք սահմանում, բայց այն, ինչ պետության բացառիկ իրավունքն է, չենք կարող անել»,- ասել է նա:
Հարցին՝ որքանով է «Հայաստան» դաշինքը պատրաստ հետընտրական գործընթացներին, Սաղաթելյանը պատասխանեց՝ պատրաստ են ցանկացած սցենարի։
«Նախագահ Քոչարյանն էլ հայտարարեց, որ եթե փորձեն ընտրախախտումներով կամ այլ ճանապարհներով վերարտադրվեն ու պահեն իշխանությունը, պատասխանը լինելու է շատ խիստ և կտրուկ։ Ցանկացած սցենարի պատրաստ ենք»,-ասաց նա:
https://youtu.be/64usvjjPk-k