Մենք չենք կարող ևս մեկ անգամ երկրի իշխանությունը վստահել անփորձ մարդկանց, կունենանք կրկնակի խնդիրներ. Ռոբերտ Քոչարյան
10 Հունիս 2021
Ես մասնակից եմ եղել մի քանի ընտրությունների և ուզում եմ ասել, թե ինչ տարբերություն եմ տեսել այն ընտրությունների և այս ընտրությունների միջև. 2 անգամ եղել եմ ընտրությունների մասնակից, որպես գործող իշխանություն, առաջին անգամ՝ որպես ընդդիմություն. Արտաշատում տեղի ունեցող նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
«Մի հետաքրքիր դիտարկում. այս անգամ մենք գնում ենք ընտրությունների պարտված ժողովրդի հոգեբանությամբ, ցավոք, դա այդպես է, հետադարձ հայացքով, երբ նայում ենք այդ պարտությունը, մեզ հետևողականորեն պարտադրում էին հենց Հայաստանում, բայց բոլոր նախորդ ընտրություններում մենք մասնակցել ենք որպես հաղթած ժողովուրդ»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց՝ չի հիշում որևէ քաղաքական դիսկուրս, երբ հիմնական թեմաներից մեկը լինի ազգային արժեքների պահպանումը: Ըստ նրա՝ պատճառը պարզ է՝ քանի որ ուղիղ 3 տարի հետևողականորեն արվում էր ամեն ինչ, որպեսզի խարխլվեր այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում:
«Գիտեք՝ այս 2 գործոնը իրար հանդիպեցին, և ունեցանք այս արհավիրքը, ծրագրավորված էր, թե՞ ոչ, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, մենք պետք է հեռացնենք այն քաղաքական ուժին, որը բերել և հասցրել է սեփական ժողովրդին այս վիճակին»,- նշեց նա:
Քոչարյանը հավելեց՝ եթե նորից իշխանությունը վստահենք անփորձ մարդկանց, գուցե ունենանք կրկնակի խնդիրներ: «Մենք մի թիմ ենք, որը ունի փորձ, գիտելիք, կամք, վճռականություն, առանց նման որակների ճգնաժամային իրավիճակներում երկրի ղեկին նստելը հանցագործություն է, ուղղակի հանցագործություն, և մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ տալ անփորձ մարդկանց ձեռքը, քանի որ կարող ենք բախվել կրկնակի խնդիրների»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
https://youtu.be/Z8N0k8iYplM