«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում
18 Հունիս 2021
Այսօր, հունիսի 18-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը։
Քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր փողոցներից միացան հրապարակում հավաքվածներին։ Դաշինքի ղեկավարներն ամփոփեցին քարոզարշավի ընթացքը։
«Անցնող ամիսների պայքարի ժամանակ, երբ հրապարակով երթ էր անցնում, հայտարարում էինք, որ կառավարության առաջ չենք կանգնելու։ Մենք մի անգամ ենք գալու կառավարության դիմաց, որպեսզի դուրս շպրտենք հայրենադավ այս կառավարությանը՝ վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ»․ հայտարարեց դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։
«Հիմա եկել ենք կատարված փաստն արձանագրելու, որի պաշտոնականացումը լինելու է հունսի 20-ին՝ թիվ 24-ի հաղթանակով։ Դուրս ենք վռնդելու այս շենքից, բայց տեր հորը կհրավիրենք, որ աղոթքով այս շենքը մաքրի ազգամիջյան հակամարտության, դավաճանության, մեր ազգային արժեքների ոտնահարման այն դավաճանական բացիլներից, որ երեք տարի շարունակ աճել են։ Եվ դրանից հետո Հայաստանի կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ, որ երկիրը նորից ոտքի կանգնի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Այսօր հրապարակում կանգնած են այն մարդիկ, ովքեր Հայաստանին ուզում են վերադարձնել հաղթանակները, հային՝ հաղթողի հոգեբանությունը, ՀՀ քաղաքացուն՝ արժանապատվությունն ու արդարությունը․ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ այդտեղ կանգնած են մարդիկ, ովքեր պատրաստ են, իրենց հետ միասին կառուցել ուժեղ Հայաստան։
Նա նաև շնորհակալություն հայտնեց բազմաթիվ մեր այն հայրենակիցներին, ովքեր համայնքային հանդիպումներին գալիս էին իրենց հավաքներին, և որոնց սիրտը բաբախում է իրենց հետ այս հրապարակում։
Երեկ այս հրապարակ էին բերել մի քանի հազար քաղաքացիների՝ իրենց կամքին հակառակ։ Այսօր իրենցից շատերն այստեղ են, որովհետեւ եկել են հոժար կամքով։ Եկել են հանուն ուժեղ ու կայուն Հայաստանի․ իր ելույթում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները դաշինքը որպես իշխանություն են տեսնում, որն ամսի 21-ին վերցնելու է պետությունը կառավարելու ղեկը եւ երկիրը հանի այս վիճակից։
«Հունիսի 20-ին մերժում ենք պոպուլիզմը, դավաճանությունը, սուտը, կեղծիքը։ Նիկոլը բունկերում է գիշերն անցկացնելու’ բրոնեժիլետով»,-ասաց Վահե Հակոբյանը։
Անցնող 12 օրվա ընթացքում «Հայաստան» դաշինքը եղավ մեր հանրապետության բոլոր մարզերում։ Մենք ներկայացրեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ճանապարհները և ուղիները, խոսեցինք մեր ծրագրերի մասին․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Անցնող օրերի ընթացքում մենք առավելապես անտեսեցինք հակառակ կողմի զրպարտությունները, վայրագությունները, գոռգոռոցները։ Մենք հիմարությունների վրա ժամանակ չծախսեցինք։ Մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից։ «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Երբ դատարանի առջեւ հավաքվում էին իմ աջակիցները, ասում էին պիցցայակերներ են, եկել են պիցցա ուտելու համար։ Չեմ կարծում, թե Հայաստանում կամ Հարավային Կովկասում բավարար պիցցա կա այսքան մարդու կերակրելու համար․ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են հարյուրավոր բնակավայրերում եւ հիմա արդեն շատ ավելի լավ գիտեն մարդկանց խնդիրները։
«Մենք սկսել ենք քարոզարշավը եւ ավարտում ենք հաղթարշավով։ Սա պայքար չի իշխանության համար։ Սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար։ Երկրի առջեւ կանգնած է չորս հիմնական խնդիր՝ պաշտպանություն, սահմանների անվտանգություն, Ղարաբաղի ապագան, տնտեսքական վիճակը, գործաազրկությունը, արտագաղքը, ներքաղաքական գերլարված մթնոլորտը եւ ատելությունը, որը երեք տարի սերմանում էր այս իշխանությունը։ Այս իշխանությունը ի վիճակի չէ լուծում տալ այս խնդիրներին, որովհետեւ իրենք են այս հարցերը ստեղծել, առաջ բերել եւ սնում են մինչեւ այսօր։ մենք եկել ենք վերջ տալու ամեն ինչին։ Այսօրվա քաղաքական վերնախավը պիտանի է մի բանի համար՝ իրենք կարող են վատ օրինակ ծառայել»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի հանրահավաքի ավարտին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր ընտանիքի անադմներն էլ են հրապարակում և բեմ հրավիրեց որդուն՝ Լևոն Քոչարյանին և Սիրուշոյին։
Երգչուհին իր երկու երգերից հատվածներ կատարեց։
Բազմահազարանոց հանրահավաքի ավարտից հետո «Հայաստան» դաշինքի անդամները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։
«Հաղթական երթով եկանք այնտեղ, որտեղից մեկնարկել էլ մեր քարոզարշավը և ամփոփում ենք մեր հաղթարշավը։ Հույսով, հավատով, որ երկու օր անց՝ հունիսի 20-ին, մեր քաղաքացիները գնալու են ընտրատեղամաս և իրենց քվեն տան «Հայաստան» դաշինքին։
Հունիսի 20-ին ճանապարհ ենք սկսում դեպի ուժեղ Հայաստան»,- հայտարարեցին Ազատության հրապարակում։
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց հանրահավաքին ու երթին մասնակցող քաղաքացիներին։
«Հանրահավաքն ավարտված է։ Շատ զգացված ենք։ Լավ եղեք, բոլորիդ առողջություն եմ ցանկանում։ Վստահ եղեք՝ կրելու ենք»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։