«Հայաստան» դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսը
22 Հունիս 2021
Այսօր, հունիսի 22-ին տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք անդրադարձան ընտրությունների արդյունքներին, հետընտրական զարգացումներին եւ առաջիկա անելիքներին:
Այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, համոզված եմ, որ վստահության մանդատ չէ, մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, իմ կարծիքով՝ այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը․ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների արդյունքների մասին:
«Այդ գործոնը էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ ակտիվ մասնակցում էին ընտրություններին, երկուսը՝ ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը՝ քարոզարշավներին շատ ակտիվ մասնակցելով: Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում և հատկապես գյուղական համայնքներում շատ քիչ հանդիպումներ ենք ունեցել, և եթե նկատել եք՝ իշխանությունը շատ ավելի մեծ արդյունքներ է գրանցել գյուղական համայնքներում: Սա, իմ տպավորությամբ, ազդեց այնպես, որ մարդիկ ամեն դեպքում վերջին պահին մտահոգություն ունեցան այդ տեսանկյունից և գնացին քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին: Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակն ու հաստատ մտածում են, որ սա նոր մանդատ է, բայց կրկնում եմ, որ սա հակառակ կողմից եկող մանդատն էր»,-մեկնաբանեց Քոչարյանը:
Նա նշեց, որ չի ընդունում այն կարծիքը, թե իրենք պարտվել են, քանի որ սա խորհրդարանական ընտրություն էր, և պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան: «Մյուս քննարկվող հարցը մանդատների հարցն է. վերցնել, թե չվերցնել մանդատները, մենք դաշինքի ներսում այս հարցի վերջնական որոշումը դեռ չունենք, ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու շատ լուրջ, նոր հնարավորություն, շարունակելու ենք մեր պայքարը, պառլամենտական պայքարը կարող է ուժեղացնել, այլ ոչ թե միայն փոխարինել փողոցային պայքարը, և այս համատեղումը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները»:
Երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ իշխանության կազմակերպած երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ վերջիններս շարունակելու են նույն ոճով աշխատել և ոչինչ չի փոխվել նրանց մարտավարության մեջ:
Ընտրությունների նման արդյունքի մասին խոսելիս Քոչարյանը խոստովանեց, որ արդյունքներն իրենց համար անսպասելի էին: «Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր, իհարկե, մենք պետք է փորձենք գտնել բացատրություն, և մենք ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ: Մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսների կիրառում և այդ պատճառով դիմելու ենք ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու»:
«Ես գործադիր իշխանության մարդ եմ: Դժվար եմ ինձ պատկերացնում օրենսդիր մարմնում: Իմ թիմի մի մասը կարծում է, որ ես պետք է լինեմ խորհրդարանում, օգտագործեմ այդ ամբիոնը քաղաքական պայքարի համար: Մյուս մասը կարծում է, որ պետք չէ: Ես նման ցանկություն չունեմ: Դեռ վերջնական չեմ որոշել: Պետք է որոշում կայացնել սառնասիրտ, առանց էմոցիաների: Ես ինձ դժվար եմ պատկերացնում խորհրդարանում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը նաև հայտնեց, որ իրենց պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու ավելի ակտիվ լինել մի շարք ուղղություններով:
Ես չեմ նկատել հաշտության ձեռք։ Այս իշխանությունն այնքան է ստել, որ հավատալ այլեւս հնարավոր չէ։ 44 օր ստած իշխանությունը հիմա նոր բաներ է ասում, եւ անմիջապես իրենից հետո եկածը լրիվ ուրիշ բաներ է ասում։ Սա ոճ է, ես կարծում եմ՝ դիտորդներին կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար։ Ավելի շատ՝ դրսի աշխարհին․ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Փաշինյանը երեկ հայտարարել է՝ հաշտության ձեռք է մեկնում ընդդիմադիր ուժերին։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ եթե նրանք հաշտության ցանկություն ունեն, ապա գոնե 6 ամիս պետք է իրենց այնպես պահեն, որ կարողանան հավատ ներշնչել։
«Չեմ կարող հավատալ այն պարագայում, երբ հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանել կալանքի՝ մի անհեթեթ մեղադրանքով։ 5000 զոհի մեղավոր եւ պատասխանատու դարձած անձինք փորձում են կալանավորել մի բժշկի, որը հազարավոր կյանքեր է փրկել։ Սա այս իշխանության իրական դեմքն է։ Եթե իրենք այդպես են ուզում, կոնկրետ գործերով ու քայլերով պետք է ցույց տան, որ իրենց մտադրությունը սա է։ Իրենց կոչերը ունեն զրոյական արժեք։ Կարծում եմ՝ ոչ միայն մեզ համար, այլեւ ձեզ համար»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա ասաց, որ այսօրվա իշխանությունը 2018-ին հնարավորություն է ունեցել Հայաստանին տալու զարգացման այլ ուղղություն։
«Ես եկել եմ Հայաստան, եւ հաջորդ օրը ինձ կալանավորել են։ Զանգվածային հետապնդումներ են սկսվել նրանց դեմ, ովքեր, նրանց կարծիքով, ունեն որոշակի հեղինակություն, ռեսուրս, անցած ճանապարհ, ազդեցություն։ Հիմա նույնն են շարունակելու անել։ Ես պայքարելու եմ․ այն, ինչ անում եմ հիմա։ Մենք պայքարելու ենք, եւ դրա համար ստացել են լրացուցիչ շատ էական լծակներ, հնարավորություններ»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Ի՞նչ է անելու դաշինքը խորհրդարանում՝ հետաքրքրվեցին լրագրողները։ Մանդատների քանակը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ օրենքների փոփոխության ու նախագծերի ընդունման վրա։
«Խորհրդարանական ֆրակցիան ունի բազմաթիվ հնարավորություններ՝ ընդհուպ հանձնաժողովներ ձեւավորելու, ինչ-որ հարցեր ուսումնասիրելու, կառավարությունից պահանջելու որոշակի փաստաթղթեր որոշակի գործառույթների վերաբերյալ, օրենսդրական նախաձեռնությունների, դիմելու ՍԴ։ Մենք չենք մոռանալու պայքարի մյուս ձեւերը եւ զբաղվենք սրանով, այս լծակները համակարգված, իրար հետ կիրառվելու են այս իշխանության դեմ պայքարի համար։ Իրենց որակն է, պրիմիտիվությունը՝ խանգարելու ընտրական գործընթացը․ ասում են շտաբներում բյուլետեն ենք տպում։ Մենք ունենք բազմաթիվ տվյալներ, որ պարգեւավճարներ են բաժանվել նաեւ ուժային կառույցներում, մենք հրապարակային օրինական թղթերով բացահայտելու եւ ցույց ենք տալու։ Օրինակ՝ ԱԱԾ-ն մեծ պարգեւավճարներ է ստացել՝ ամբողջ սպայական կազմը։ Ես դեմ չեմ, որ ստանան, բայց կարող էին մի քանի օր սպասել, հետո տալ, չկապել ընտրական գործընթացների հետ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Իշխանությունը կփորձի հաստատել ոչ թե օրենքի, այլ Նիկոլի դիկտատուրան. հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք կշարունակենք պայքարը նաեւ խորհրդարանում: Մենք կշարունակենք պնդել, որ այդ իշխանության վերարտադրումը կհանգեցնի աղետի: Եթե բժիշկ Արմեն Չարչյանը ձերբակալվի, ապա Հայաստանի մարզպետները ընդհանրապես պետք է ցմահ դատապարտվեն»,-հավելեց նա:
Դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանն իր հերթին նշեց, որ իշխանությունն արդեն պահանջում է այն համայնքապետերի հրաժարականը, որոնք աջակցել են «Հայաստան» դաշինքին:
Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հայրենիքի փրկության շարժումը չէր պահանջում արտահերթ ընտրություններ, այն 6 ամիս պայքարեց եւ չէր ձգտում իշխանության հետ պայմանավորվածության:
«Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել: Եթե մենք գնում ենք խորհրդարան, ապա դա չի նշանակում, որ հրաժարվում ենք փողոցային պայքարից: Մենք կշարունակենք պայքարը բոլոր հնարավոր մեթոդներով»,-նշեց նա:
Հակոբյանը պարզաբանեց,որ եթե դաշինքը հրաժարվեր մասնակցությունից, ապա իշխանության հետ կգնային կասկածելի ծագման քաղաքական ուժեր, եւ իշխանությունը ձայների 80-90 տոկոսը կհավաքեր:
Մանրամասն՝ տեսանյութում