Մարտից հետո սուր են ճոճում
20 Նոյեմբեր 2018
«Ցավում եմ, որ նման իրավիճակ է առաջացել արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության առումով մեզ համար կարեւոր այդ հարթակում։ Միանշանակ է, որ թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց եւ ՀԱՊԿ համագործընկերության, գործընկերության տրամաբանությունից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ խոսնակի աղմկահարույց հայտարարությանը։
ՀԱՊԿ-ում ընդունված է համախոհությամբ լուծել հարցերը, հատկապես՝ եթե խոսքը վերաբերում է անդամ-երկրների համար զգայուն խնդիրներին, եւ երրորդ երկրներին փակ դռների հետեւում տեղի ունեցած քննարկումներին հասու դարձնելը, ինչ խոսք, կոռեկտ չէ. «Մյուս կողմից, մենք էլ պետք է խնդիրները այնպես ձեւակերպենք, որ լրացուցիչ խնդիրներ չառաջացնենք: Մասնավորապես, եթե խոսքը գլխավոր քարտուղարի տեղը պահելու մասին է, ՀԱՊԿ կանոնադրության մեջ բաց կար՝ եթե մենք անձին հետ ենք կանչում, ինչ է լինում»։
Այս պարագայում հայկական կողմն իր անհեռատեսության պատճառով հայտնվել է մարտից հետո սուր ճոճողի վիճակում. «Կատարված փաստից հետո փորձ է արվում լուծել հարցը, կանոնադրային ինչ-որ ձեւակերպումներ տալ: Մինչդեռ պետք էր մեր տեղը հարվածի տակ դնելուց առաջ՝ մինչեւ Խաչատուրովին հետ կանչելը մտածել այդ մասին։ Առավել եւս, որ Խաչատուրովի նշանակումը հարթ ու հանգիստ չի եղել՝ դեռ այն ժամանակ հակադրվող կողմեր կային, եւ այնուամենայնիվ, հարցը լուծվեց»։
Պետք չէ՞ր, որ Նիկոլ Փաշինյանը բացատրություն պահանջի Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից իրենց ոչ դաշնակցային դրսեւորումների համար։
Ըստ Ա.Ռուստամյանի. «Այդ ձեւակերպումը՝ պահանջել ինչ-որ բաներ այլ երկրի ղեկավարից… նա հեշտությամբ կարող է ասել, որ դուք դրա իրավունքը չունեք՝ ես նախագահ եմ եւ պարտավոր չեմ բացատրություններ տալ իմ քայլերի համար: Պետք է հարցը այլ հարթության վրա դնել՝ որ կա այդ կառույցն ավելի արդյունավետ դարձնելու, պայմանավորվածությունները հարգելու խնդիր, ներկայացնել մեր մտահոգությունները։ Հարցը ձեւակերպումների մեջ է: Չպետք է թույլ տանք, որ մյուս կողմը օգտվի դրանից՝ խնդիրը տեղափոխվի այլ դաշտ, եւ դա դառնա անձնական հեղինակության խնդիր»:
Այդ առումով, անընդունելի է քաղաքական որոշ շրջանակներում արծարծվող տեսակետը, թե «հին դիկտատորներն իրենց փակ ակումբում չեն հանդուրժում նոր մարդու, ինչպիսին Փաշինյանն է»։
«Հենց նման ձեւակերպումներից է, որ առաջարկում եմ խուսափել։ Ի՞նչ է նշանակում՝ հին դիկտատորներ։ Արդեն վիրավորում ենք մարդկանց. ինչքան էլ մեր ներսում ինչ-որ համոզում ունենք, չի կարելի դա դնել մեր ձեւակերպումների հիմքում, մտնել նման խոսակցությունների մեջ՝ իզուր տեղը ջուր լցնելով ուրիշի ջրաղացին եւ թուլացնելով մեր դիրքերը։ Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, որտեղ ամեն խոսք պետք է չափել, ձեւել»,- կարծում է Ա.Ռուստամյանը։
Դաշնակցությունն ընտրություններից առաջ վերլուծե՞լ է իր սխալները։ «Մի կարեւոր սխալ քաղաքական առումով մենք արձանագրել ենք, եւ վստահ եմ, որ ապագայում երբեք չենք կրկնի: Նկատի ունեմ, որ ՀՅԴ-ն չպետք է մաս կազմի որեւէ կառավարության, որեւէ կոալիցիայի, որտեղ վճռական ձայնի իրավունք չունի եւ չի կարող որոշումներ կայացնել»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Իհարկե, կոալիցիայի մաս կազմելով՝ կարողացել են ինչ-որ հարցեր լուծել, բայց՝ միայն մասամբ. «Մենք մինչեւ վերջ մեր մոտեցումները չենք կարողացել պաշտպանել։ Օրինակ, 2003-ին մենք ընդունել ենք մի օրենք, որ սոցիալական քաղաքականության հիմքում դրվի նվազագույն կենսապահովման զամբյուղը: Օրենքն ընդունվել է, բայց զամբյուղի բաղադրությունը պիտի կառավարությունը լուծեր, եւ քանի որ մենք չունեինք լիարժեք վճռական ձայնի իրավունք, խնդիրը չլուծվեց»:
Հաշվի առնելով, որ այս ընտրությունները տեղի են ունենում շարունակվող էյֆորիայի պայմաններում, եւ «Իմ քայլի» հաղթանակը կարելի է կանխորոշված համարել, Դաշնակցությունն էս գլխից զգուշացնում է. «Չենք պատրաստվում կառավարության մաս կազմել, անգամ եթե մեզ թախանձագին խնդրեն»։
Իսկ թե ինչ ուղղությամբ կգնա երկիրն ընտրություններից հետո՝ դժվար է ասել. «Անորոշությունները շատ են: Անցումային շրջան է, այդ անցումը ինչպես կկատարվի՝ հարց է։ Փոփոխությունը՝ փոփոխություն, բայց անցած ճանապարհը ճիշտ գնահատել է պետք, որ նույն սխալները չկրկնվեն: Ես այս վիճակը 90-ականներին շատ եմ նմանեցնում. եկան նոր մարդիկ, փոխեցին հներին ու ամեն ինչ նոր էին սովորում, դրա համար էլ ձախողեցին»։
ՀՀԿ-ն հայտարարում է, թե միայն իրենք կարող են հավակնել ընդդիմության դերին, քանզի վերջին 6 ամսում որեւէ քաղաքական ուժ, իրենցից բացի, չի քննադատել Փաշինյանին։ Դաշնակցությունը համաձա՞յն է այդ տեսակետին։
«Կրկնվում է նույն սխալը, ինչ նախկինում եղել է՝ ով է իրական ընդդիմություն, ով՝ կեղծ։ Այսինքն՝ ով հայհոյում է, ամենակծու բաներն է ասում իշխանության մասին, նա դառնում է ընդդիմություն։ Այս կատեգորիաներից պետք է դուրս գանք:
Մենք չենք գնում ընտրություններին նրա համար, որ ցույց տանք՝ մենք ենք ամենալավը, մյուսներն անելիք չունեն. մտնում ենք ընտրապայքարի մեջ, որովհետեւ անցումային փուլում հասկանում ենք՝ ճիշտն ու սխալը որն է, թացն ու չորը որն է, լավն ու վատը որն է: Գնում ենք, որ կարողանանք երկիրը տանել այն ուղղությամբ, որ պետության ընթացքը երաշխավորված լինի, մեր ձեռքբերումները չկորցնենք, իսկ դրա վտանգը կա»,- արձանագրում է Ա.Ռուստամյանը։
«Հայոց Աշխարհ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ