Լավ կյանքի համար ժողովուրդները պայքարում են
20 Նոյեմբեր 2018
Ժողովրդի այն մտայնությունը, թե երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար մեսիա կամ փրկիչ է պետք, գնալով խորանում է, ինչը, բնավ, չի նպաստում հասարակության քաղաքական մշակույթի զարգացմանը. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
«Քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է այս փուլը, որ հրապարակում կանգնած մարդը կարող է 21-րդ դարում գոռալ առաջնորդի անունը: Այսօր ԱՄՆ-ում, Եվրոպայում ժողովուրդը դուրս չի գա հրապարակ և անձի անուն գոռա: Մեր հասարակությունը, 70 տարի քաղաքական կյանք չունենալով, մնացել է այդ ժամանակաշրջանի մակարդակին, իսկ 27 տարի նախորդ իշխանությունները որևէ քայլ չեն արել հասարակության գրագիտության ուղղությամբ»,- նշել է նա:
Ըստ Եսայանի՝ իշխանություն-ընդդիմություն գործողությունների հարթությունում ժողովորդը չպետք է առաջնորդվի այն տրամադրությամբ, թե անձը որքան բարձր է գոռում կամ ինչ լոզունգ է հնչեցնում:
«Կրկնում եմ՝ մենք մտածում ենք, որ «փրկիչը» կգա և մեզ լավ կյանք կտա, բայց այդպես չի լինում, որովհետև լավ կյանքի համար ժողովուրդները պայքարում են: Իսկ քաղաքական առաջնորդներն այդ սպասելիքը կազմակերպում են՝ մշակում ծրագրեր և դա հանձնում ժողովրդի դատին, քվե ստանալուց հետո էլ փորձում իրականացնել դրանք: Եթե ձախողում են ծրագրերի իրականացման մեջ, ապա այն փոխանցում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին: Սա է քաղաքական կյանքի օրենքը քաղաքակիրթ երկրներում, որը ՀՀ-ում չկա: 27 տարի ժողովուրդն առաջնորդվում է փրկչի սպասումով և դրանով էլ անընդհատ խաբվում»,-ամփոփել է Եսայանը:
«Քաղաքակիրթ աշխարհում ընդհանուր հարկումն ընդունված երևույթ է, բայց արդյո՞ք մենք հասել ենք այն չափանիշներին, որոնք գործում են քաղաքակիրթ երկրներում կամ արդյո՞ք արել ենք ստվերը դեպի լույս բերելու բոլոր հնարավոր քայլերը, և մնացել է միայն տրանսֆերտները հարկելը»,-ասաց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը` անդրադառնալով ՊԵԿ-ի` «խոպանչիներին հարկելու» գաղափարին:
Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ Հայաստանը լքում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները, տղամարդիկ, որոնք գնում են` իրենց ընտանիքի հացը վաստակելու ամենադժվար պայմաններում: Եսայանը նշեց, որ Ռուսաստանի պայմանների մասին չի ուզում խոսել, քանի որ նրանք, ովքեր դրսում աշխատող ծանոթ ունեն, գիտեն, թե ինչ պայմաններում են աշխատում այնտեղ: «Անգամ իրենց իրավունքների ոտնահարման պայմաններում են աշխատում այդ մի կտոր հացի գումարն ու, իրենք իրենցից զրկելով, այն ուղարկում ընտանիքներին: Համահարթեցված հարկման մեխանիզմն ընդունված երևույթ է աշխարհի մի շարք երկրներում, բայց մինչև հեղափոխությունը բոլոր ուժերը խոսում էին, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը բավականին բարձր մակարդակի վրա է, և այդ ստվերը օրինական դաշտ բերելով` հնարավորություն կտրվի սոցիալապես անապահով ընտանիքների հոգսը նախ մի փոքր թեթևացնելու և նոր միայն նրանց բերելու հարկային դաշտ»,-ասաց Եսայանը` հավելելով, որ այն գումարը, որը հոսում էր բյուջեի կողքով դեպի օլիգարխների գրպանը, շարունակում է իր հոսքը, և սրա ապացույցը 2019-ի բյուջեն է, որով չի նախատեսվում աշխատավարձերի, թոշակների բարձրացում:
Եսայանի խոսքով` ստվերային գործունեության դեմ պայքարը շրջվեց սոցիալապես անապահով ընտանիքների եկամուտները հարկելու ուղղությամբ, և բնականաբար, հաջորդ քայլը լինելու է օրենքը խախտողներին ի հայտ բերելը, տրանսֆերտների մեխանիզմների խստացումը: Ըստ նրա`այս ամենի արդյունքում տրանսֆերտների մեծ մասը կտեղափոխվի առձեռն փոխանցվող գումարների դաշտ, այսինքն` կբերվի ստվեր, որ խուսափեն 23 տոկոս հարկումից:
Եսայանի հավաստմամբ` խնդրին այս կերպ լուծում տալը միայն խնդրի` ավելի ցայտուն դարձնելուն է նպաստելու:«Շատերը հարցնելու են` եթե հեղափոխությունը եղավ, որ մեր սոցիալական վիճակը լավանա, ինչո՞ւ է այն ավելի վատանում: Այն ընտանիքները, որոնք իրենց առօրյա հացը վաստակելու խնդիրն ունեին և դրա համար դուրս եկան նախորդ իշխանության դեմ, ասելու են` ինչո՞ւ եք առավելություն տալիս առանց այն էլ ունևոր դասակարգին, իսկ մեր` սոցիալապես անապահով դասի խնդիրներով չեք զբաղվում: Հիմա զբաղվում են նրանց խնդիրներով, բայց` նրանց ստացած եկամուտներն ավելի նվազեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Եսայանը նշեց, որ դեռ նախորդ ընտրությունների ժամանակ առիթ է ունեցել ասելու, որ Հայաստանի անկախացումից հետո Հայաստանում իշխանության են եղել միայն լիբերալ ուժերը, և նրանք պաշտպանել են գործարարներ, խոշոր ընկերությունների շահերը: Այդ առումով, նրա գնահատմամբ, այսօրվա իշխանությունն առանձնապես նախորդ իշխանություններից չի տարբերվում: «Լեքսիկոնը տարբեր է` հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարը, բայց դրա դեմ պայքարը միայն ձերբակալություններով ու պատժով չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է բավականին լուրջ մեխանիզմներ օրենսդրական դաշտում, այսինքն` եթե դու փորձում ես սահմանափակել կոռուպցիան, առաջին հերթին պետք է օրենսդրական կարգավորում տաս հարցերին: Կոռուպցիան առաջանում է այն տեղում, երբ հարցը կարգավորված չէ: Այսօր, ցավոք, առանց այս հարցերը կարգավորելու, հայտարարվում է կոռուպցիայի դեմ պայքար, որի երկրորդ կոմպոնենտն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն է: Հիմա այս և պատժի անխուսափելիության սկզբունքն առաջ մղելով` կարծես միայն այս ուղղությամբ են գնում»,- նշեց նա:
Սակայն, ըստ Եսայանի, կոռուպցիայի դեմ պայքարում կա երրորդ բաղադրիչը` պետական որոշումներին հասարակության մասնակցության ապահովումը, այդ մեխանիզմների ապահովումը, հասարակության առաջ պետական համակարգի թափանցիկության մեխանիզմների ստեղծումը: «Ապրիլ-մայիս ամիսներին ժողովրդական շարժումից հետո պայմաններ ստեղծվեցին վերոնշյալ երրորդ բաղադրիչի իրականացման համար, սակայն այդպես էլ մնաց հրապարակի մակարդակի վրա: Ռեալ քայլեր այդպես էլ չարվեցին»,- ասաց նա:
Պատկերացումը, թե որ պետական կառույցն ինչի համար է, մեր ժողովուրդը չունի, քանի որ եթե ինչ-որ մեկին ասֆալտ է պետք, դիմում է պատգամավորության թեկնածուին, լույսի պարտքի դեպքում` նախարարին. ասաց Բագրատ Եսայանը` պատասխանելով հարցին, թե ո՞վ է պատգամավորը, ի՞նչ գործունեության համար ենք նրան ընտրում, և բարոյական ի՞նչ հիմքեր կան` ասելու` ինձ ընտրեք, քանի որ ես գալու եմ` սա անելու:
Եսայանի խոսքով` նախորդ իշխանություններն են ձևավորել այդ սպասելիքը, երբ առաջին նախագահի օրոք ուղղակի բռնություններով ընտրություններ ունեցանք: Նա հիշեցրեց, որ առաջին կրակոցները եղան օպերայի հրապարակում 1995-ի սահմանադրական հանրաքվեի` գերկենտրոնացված անձի իշխանություն հաստատող Սահմանադրության քվեարկության ժամանակ և առաջին խորհրդարանի ընտրություններում, երբ արգելված էր Դաշնակցության մասնակցությունը: «Տարբեր ձևերով Դաշնակցությունն արգելված էր, անգամ` դաշինք կազմելով փորձեցինք մասնակցել, բայց արգելվեց: Հիմա ասել, որ դա եղել էր երանելի դեմոկրատիայի տարի, սուտ կլինի: Բռնությամբ անցան 95-96թթ., իսկ հետագայում բռնությունը սկսեց կիրառվել այլ մեթոդներով` սկսեց դերակատարում ունենալ փողը, սկսվեցին խոստումները` ընտրակաշառք, ասֆալտ փռել, որոնք կատարելության հասան վերջին նախագահի իշխանության տարիներին` թե’ խորհրդարանական, թե’ նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասաց Եսայանը:
Նրա խոսքով` նախորդ բոլոր իշխանությունները, ցավոք, այդպես էլ քայլ չարեցին ժողովրդի քաղաքական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով էլ այսօր ունենք նման իրավիճակ, երբ սպասելիքը միայն մեկ անձից է, և քաղաքացին իր վրա պարտավորություն չի վերցնում: «Քաղաքացին պետք է հասկանա, որ իրենից է շատ բան կախված և այն հանգամանքից, թե նա ինչ ծրագիր կընտրի: Ցավոք, նախորդ բոլոր ընտրությւոններն անցել են սև ու սպիտակի, իշխանություն-ընդդիմություն իրար հակադրվող ուժերի միջև, որտեղ մեկը ստանում էր ամեն ինչ, մյուսը` ոչինչ: Մյուս սցենարն աշխատեց վերջերս` Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, և հիմա ես շատ եմ վախենում, որ թե’ այսօր իշխող քաղաքական ուժը, թե’ իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժը փորձելու են այս ընտրությունները տանել ծրագրային, գաղափարական ուղղությամբ, այլ սև ու սպիտակի ուղղությամբ, որն հենց նրանց է ամենաձեռնտուն»,- ասաց Եսայանը: